«Գրդոնչի» լրատվամիջոցներից մինչեւ վարչապետի «լայվը»

Վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովը երեկ հրավիրել էր ԶԼՄ-ներին՝ քննարկելու ընտրություններին ԶԼՄ-ների աշխատանքի հետ կապված հարցերը։ Մտադիր է Ընտրական օրենսգրքում կարգավորումներ մտցնել ԶԼՄ-ների հավատարմագրման, ընտրական պրոցեսի լուսաբանման, եթերաժամանակի հատկացման եւ այլ հարցերում։ Բայց դեռ առաջարկներ չունեն, ավելի շատ ուզում են լսել լրատվական դաշտի ներկայացուցիչների առաջարկները։ Եղած առաջարկներից էլ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ունքը շինելու տեղը կարող է աչքն էլ հանեն։

Առաջարկ հնչեց «գրդոնչի» լրատվամիջոցների վերաբերյալ, որ չպետք է թույլ տալ ամեն մեկին կայք բացել ու լրագրողի անվան տակ ում ասես հավատարմագրել։ Առաջարկ եղավ, որ ԿԸՀ-ն լրագրողներին հավատարմագրի անվանական, այլ ոչ թե ուղղակի «լրագրող» գրությամբ բեյջեր տրամադրի։ Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը որոշել է «բարելավել» նախընտրական քարոզչության շրջանում «հերքման ինստիտուտը»։ Նա հայտնաբերել է, որ հերքման դատական պրոցեդուրան կարող է ամիսներ տեւել, եւ պատգամավորի թեկնածուները կարող են տուժել, ուստի պետք է արագընթաց «դատավարություններ» անել, որ լրատվամիջոցին արագ դատի տան՝ արագ շահեն։ Առհասարակ, Իոաննիսյանը կարծես թե դատի տալու մեծ սեր ունի, ուղղակի հասկանալի չէ, թե այս առաջարկը քննարկելու համար ինչու է ԶԼՄ-ներին հրավիրել, ճիշտ կլիներ հրավիրեր պատգամավորներին, օլիգարխներին, որոնք այս հարցում համերաշխ կլինեին իր հետ։ Խոսվեց նաեւ մրցակից թեկնածուների միջեւ պարտադիր հեռուստաբանավեճ անցկացնելու, եթերում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու մասին։ Մենք հարց բարձրացրինք, թե Նիկոլ Փաշինյանը, որպես վարչապետ, ամեն շաբաթ կառավարության նիստ է անում, որը լրատվամիջոցները լուսաբանում են, եւ ընտրությունների փուլում կարող է քարոզչական ու պոպուլիստական հայտարարություններ անել՝ ընտրողին դուր գալու համար․ մենք էլ լուսաբանելով՝ անհավասար մրցակցային պայմաններ կստեղծենք այլ ուժերի համար։

Դանիել Իոաննիսյանը նկատեց․ «Բնականաբար, նախընտրական քարոզչության ժամանակ կառավարության նիստերը պետք է տեղի ունենան, վարչապետն այդ նիստերը պետք է վարի, եւ լրատվամիջոցները, բնական է, որ այդ նիստերը լուսաբանելու են։ Բայց էստեղ նույն լրատվամիջոցը կարող է բազմակողմանիությունն ապահովելու համար, օրինակ՝ վարչապետը կառավարության նիստին հայտարարում է, որ այս տետրը պետք է ներկվի կարմիր գույնի, գնա եւ ընդդիմախոսների կարծիքն էլ լուսաբանի, ընդդիմախոսներին հարցնի՝ այ, եթե դուք լինեիք վարչապետ, ի՞նչ կանեիք, սա կարմի՞ր գույնի կներկեիք, թե՞ կանաչ։ Դա օրենսգրքով կարգավորման հարց չէ, ավելի շատ լրագրողական էթիկայի հարց է»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X