Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում կրակոցներից հրդեհներ են բռնկվել

Վայոց ձորի սահմանամերձ համայնքներում հակառակորդի կրակոցներից հրդեհներ են բռնկվել։ Ինչպես մեզ տեղեկացրեց Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը, ԱԻՆ-ը ժամանակին կատարում է հրդեհաշիջման աշխատանքները։ Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան հատվածում վերջերս հակառակորդի զինված ուժերի կողմից դիրքերի տեղաշարժ էր կատարվել, համայնքապետ Սահակյանի խոսքով՝ եթե նախկինում 4 գյուղից այդ սահմանները չէին երեւում, ապա համայնքի բնակիչներն արդեն իրենց պատշգամբներից ու պատուհաններից կարող են տեսնել «թուրքի պոստերը»։ Արենիի համայնքապետը նաեւ հավելեց, որ անհանգստանում են, բայց խուճապի մատնված չեն․ «Խուճապային որեւէ բան իրականում չկա, բայց անհանգստություն, բնականաբար, կա։ Չորս գյուղերից նախկինում իրենց սահմաններն ընդհանրապես չէին երեւում, իսկ հիմա յուրաքանչյուր մեկը դուրս է գալիս ու կարծեմ իր բալկոնից թուրքերի պոստերն է տեսնում։ Բացի երեկ չէ, առաջին օրվանից, այսինքն՝ արդեն 3-րդ օրն անընդմեջ կրակ են բացում, ու սահմանի ամբողջ երկայնքով հրդեհ է։ Դիմել ենք ԱԻՆ, որ գան հրդեհը մարեն։ Հիմնականը՝ այդքանը»։ Իսկ ԱԻՆ-ն օպերատի՞վ է արձագանքում, քանի որ ոչ վաղ անցյալում Խաչիկ գյուղում, օրինակ, չկար հրշեջ մեքենա։ «Չէ, այդ բոլոր հարցերը կարգավորել ենք, մի կես ժամ առաջ եմ զանգել, պաժառնիկներն արդեն տեղում են։ Կրակը դեռ ցանքատարածություններին չի հասել, ընդամենը այդ արոտներն ու սարերն են այրվել․ իմիջիայլոց, դա, ըստ երեւույթին, երեկվա կրակոցների արդյունք է։ Գյուղի ուղղությամբ խաղաղ բնակիչների վրա կրակոցներ չեն եղել, կրակոցներից տուժածներ չկան, բայց ամբողջ գիշեր կրակում են»։

Կապվեցինք նաեւ Չիվա գյուղի համայնքապետ Նաիրի Սարգսյանի հետ։ Պարզվեց՝ պատահաբար գյուղապետին էինք զանգել հենց այն պահին, երբ նա պատրաստվում էր ԱԻՆ աշխատակիցներին անձամբ ուղեկցել հրդեհված տարածք, քանի որ, ինչպես ինքը մեզ հետ զրույցում ասաց, հակառակորդի կողմից դիտարկվող հատվածներ կան, պետք է ԱԻՆ աշխատակիցներին հնարավորինս անվտանգ ճանապարհներով տանել․ «Հենց հիմա հրդեհներ են։ ԱԻՆ-ի ժողովուրդը ճանապարհը չէր իմանում, ես պատրաստվում էի տնից դուրս գալ, որպեսզի ճանապարհը ցույց տամ։ Էդտեղ ճանապարհներ կան, որ անցնեն, իրենց դիրքերից ու դիտակետերից կերեւան, պետք է առանձին ճանապարհներ ցույց տամ, որ ապահով հասնեն կրակին։ Պետք է արդեն կրակն անհապաղ հանգցնել, քանի որ շուռ է գալիս դեպի գյուղի կողմը։ Էդ չեզոք գոտին էր այրվել՝ նեյտրալ գոտին, դրանից էն կողմ իրենց դիրքերն են, այս կողմ՝ մեր դիրքերը։ Հիմա կրակն անցել է դեպի մեր կողմ։ Էդ կողմի վրա մենք ցանքատարածություններ չունենք, էդտեղ հիմնականում արոտավայրեր են, բայց քանի որ տարածքը կրակի տակ է, չեն գնում գյուղացիները»։

Նաիրի Սարգսյանին հարցրինք, թե գյուղում կա՞ն հակառակորդի կրակոցներից տուժածներ, ասաց՝ բարեբախտաբար, դեռ ոչ ոք չի տուժել, սակայն գիշերները պարբերաբար ականատես են լինում ադրբեջանական զինված ուժերի կազմակերպած «հրավառություններին»․ «Դե, ճիշտն ասած՝ գիշերները կրակոցներ լինում են, մերոնք էլ պատասխան են տալիս։ Մեր գյուղն իրենց դիտակետից լավ չի երեւում։ Ձեներ ենք լսում, կրակահերթերն իրիկունները սալյուտի պես երեւում են։ Բայց դեռ էդպես վտանգ, ժողովրդի մեջ տագնապ, խուճապ չենք նկատում։ Իրենց սահմանները մեր գյուղից լավ չեն երեւում, բայց Ռինդից, Արենիից երեւում են։ Իրենք իրենց տարածքի հաշվին են առաջ տվել, իրենց կողմից, էլի, մեր տարածքին չի վերաբերում, բայց դե՝ իրենք իրենց պոստերը մի քիչ առաջ են տվել»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X