Փորձելու ենք Հայաստանում վերացնել կոռուպցիան․ Դավիթ Սանասարյան

«Հոդված 3» ակումբը «MIND“ ՀԿ-ի հետ համատեղ այսօր Երեւանի Մաշտոցի պուրակում կազմակերպել էր ցուցահանդես «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագրով։ Ցուցահանդեսին ներկա Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Լրագրողները հետաքրքրվեցին պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած չարաշահումներով՝ խնդրելով մանրամասնել, թե ինչ չարաշահումներ են դրանք։ «Ուսումնասիրության ավարտին կներկայացնենք, չենք կարող կեսից ասել, որովհետեւ հենց տեղեկանքը տրվում է ուսումնասիրության ավարտին։ Նախնական որեւէ բան չենք ասելու, բայց վստահեցնում եմ, որ լուրջ աշխատանք է տարվելու, որպեսզի տարընթերցում չլինի, ասեմ, որ մենք ունենք հրաշալի սպայական անձնակազմ, որոնք ուղղակի ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, եւ եթե եղել են կոռուպցիոն դեպքեր, դրանք անհատներ են, որոնք իրականացրել են։ Բայց եթե ասում ենք, որ բանակում եղել են նման դեպքեր, ուրեմն բոլորը կոռուպցիոներներ են։ Կա շատ ուսյալ, պատրաստված սպայական մի մեծ բանակ, որը կազմակերպում է ՀՀ-ի անվտանգությունը եւ ծառայությունը։ Այնպես որ, թող բոլորը սա հստակ հասկանան եւ չտարընթերցեն»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Հարցին, թե սպասվո՞ւմ են աղմկահարույց բացահայտումներ ՊՆ-ում, Դավիթ Սանասարյանը պատասխանեց․ «Սպասեք, եւ կտեսնեք»։ Նա հավաստիացրեց, որ բոլոր ոլորտներն են գտնվում Պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում, քանի որ չկա մի ոլորտ, որտեղ իշխանությունները նորմալ կառավարեին։ «Առաջնահերթությունների հարց է, բոլոր ոլորտների վերաբերյալ մեր ուսումնասիրությունները կներկայացնենք վարչապետին, կորոշենք դրանց հետագա ընթացքը։ Ես որոշել եմ քիչ խոսել եւ շատ գործ անել, ինչը շատ կարեւոր է։ Ձեզ մի քիչ ավելի ուշ-ուշ կհանդիպեմ, որպեսզի գործի արդյունքը ներկայացնեմ», -ասաց Դավիթ Սանասարյանը։ ԱԱԾ-ի բացահայտումների վերաբերյալ էլ նա նշեց, որ ունեն պայմանավորվածություն եւ՛ ԱԱԾ-ի, եւ Ոստիկանության հետ, որ իրար լրացնելով, իրար հետ համագործակցելով աշխատեն, քանի որ լինում են պահեր, որ բացը պետք է լրացնեն իրավապահ մարմինները։ Նա նշեց նաեւ, որ համագործակցում են նաեւ Դատախազության հետ։

«Փոխադարձ իրար օգնելով մենք Հայաստանում վերացնելու ենք կամ գոնե նվազագույնի ենք հասցնելու կոռուպցիան»,- վստահեցրեց Դավիթ Սանասարյանը։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում պետական վերահսկողական ծառայության պետը համայնքապետերի հրաժարականներին։ «Քաղաքացին իրականացնում է իր իրավունքը, եւ մենք կտեսնենք, որ առաջիկայում կունենանք նոր Հայաստան։ Քաղաքացու շահը կսպասարկվի եւ՛ գյուղերում, եւ՛ հեռավոր համայնքներում»,- ասաց Դավիթ Սանասարյանը։

Մեկնաբանություն
X