Էդուարդ Բաբայանը մնաց ձերբակալված․ պատգամավորները պատրաստ են անձնական երաշխավորություն ներկայացնել

Դատարանը երեկ մերժել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք՝ Բաբայանը կասկածվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Ծեծի հետեւանքով Հարությունովը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել։ Ըստ նրա ցուցմունքի՝ իրեն հարված է հասցրել նախ Գագիկ Ծառուկյանը, ապա միայն նոր ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Բաբայանը։ Ավելի ուշ տուժողը եւ նրա կինը հայտարարեցին, որ ոչ Ծառուկյանը, ոչ էլ Բաբայանը իրեն ծեծի չեն ենթարկել, մարմնական վնասվածքներ է ստացել աթոռից ընկնելու հետեւանքով։

Երեկ էլ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դեպքի վերաբերյալ նշել էր, որ կարծում է՝ տուժողի՝ աթոռից ընկնելու պնդումներն իրականությանը չեն համապատասխանում․ «Եթե կարելի է սայթաքել ու նման վնասվածքներ ստանալ, այսինքն՝ ամեն 3-րդը կարող է նման վնասվածքներով ման գալ, չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է։ Տուժողի հայտարարության հիման վրա է այդ ամենը տեղի ունենում»։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար** Նինա Կարապետյանցը,** մեզ հետ զրուցում անդրադառնալով տուժողի 2 տարբեր ցուցմունքներին եւ այն հարցին՝ թե եթե նա հրաժարվում է ցուցմունքից, հետեւանքն ի՞նչ է լինում, պատասխանեց․ «Հիմա պետք է հասկանան, թե փորձագետները իրականում ինչ եզրակացություն են տվել։ Միշտ չի, որ տուժողը պատրաստ է հայտնել իրականությունը կամ հրաժարվում է իրականությունը հայտնելուց։ Էնպես չի, որ սա առաջին դեպքն է լինելու կամ վերջին, մենք տարիներ շարունակ դրա օրինակներն ունեցել ենք։ Պետք է նայել հիմքերին, թե ինչ հիմքեր կան ձերբակալած պահելու համար։ Ես չգիտեմ՝ ինչ նյութեր ունեն ձեռքի տակ, ենթադրում եմ, որ բացի ցուցմունքից, պետք է լինի փորձագետի եզրակացությունը՝ արդյոք աթոռից ընկելուց նման վնասվածքներ կառաջանայի՞ն, թե՞ չէ։ Ենթադրում եմ, որ էլի ինչ-որ բան ձեռքի տակ պետք է ունենան»։

Իրավապաշտպանի խոսքով՝ այժմ ավելի կարեւոր հարց է, թե ինչու է տուժողը հրաժարվել իր տված նախնական ցուցմունքից․ «Կինը հեռախոսազրույցի միջոցով ասել է, թե դեղամիջոցների տակ է եղել, արդյոք դրանք այնպիսի դեղամիջոցներ են եղե՞լ, որ կարող էին մարդու գիտակցության վրա ազդել։ Պետք է նաեւ հրաժարվելու պատճառը հասկանալ, ինչի՞ է տուժողը հրաժարվել։ Դա, կարծում եմ, շատ ավելի կարեւոր հարց է այս պահին, որովհետեւ ոնց հասկանում եմ՝ չի բացառվում նաեւ միջամտությունը»։

ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշում է․ «Ես տուժողին հանդիպել եմ հիվանդանոցում, տուժողը որեւէ բողոք չունի։ Ինքը նորմալ է զգում, կինը բողոք չունի։ Տարօրինակ վիճակ է ստեղծվում, թե Էդուարդ Բաբայանին ինչի՞ համար են պահում, ի՞նչ հիմքերով»։

Պատգամավորի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ են անձնական երաշխավորթյուն ներկայացնել դատարան Բաբայանի համար․«Իհարկե, եթե անհրաժեշտություն լինի՝ կլինի, որեւէ խնդիր չենք ունենա»։

Բաբայանի ձերբակալության 72 ժամը լրանում է այս գիշեր։ Դատարանը պետք է քննի կալանքի միջնորդությունը եւ որոշի՝ բավարար հիմքեր կա՞ն նրան կալանավորելու համար, թե ոչ։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X