Լևոն Գալստյանը որոշել է հեռանա՞լ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից

Երեկ գլխավոր դատախազությունը հաղորդում տարածեց, որ Հանրային հեռուստաընկերությունում կատարված չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։

Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ 2017թ. ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի օրինականության ստուգում:

Ստուգման արդյունքների և դրան առնչվող պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ 400 մլն դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար:

Ընտրանքային ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված ընդհանուր 118 մլն 223 դրամի թվով 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր:

Ուսումնասիրությամբ արդեն իսկ պարզվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված շուրջ 168.5 մլն. դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով և օգտագործելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով և վճարելով:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ավելի ուշ՝ օրվա վերջին, Հանրային հեռուստաընկերությունը արձագանքեց դատախազության հայտարարությանը, նշելով որ քրգործի հարուցման համար առիթ համարվող լրատվամիջոցների հրապարակումները պետք է ուսումնասիրվեն․ «Որպես առերևույթ չարաշահումներ դիտարկվել են Ֆինանսների նախարարության տեսչական ստուգումների արդյունքում ի հայտ եկած և հետագայում շտկված խախտումները: Խոսքը նույն այն խախտումների մասին է, որոնց շուրջ մի շարք պարզաբանումներ են տրվել ինչպես զանգվածային լրատվամիջոցներում, այնպես էլ ԱԺ-ում՝ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին»:

Ըստ Հանրային հեռուստաընկերության, դատախազության որոշմանն անդրադարձել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ որոշ ձևակերպումներ որակելով ոչ կոռեկտ և չհիմնավորված: Մասնավորապես․ «Դատախազության իրավունքն է՝ հաշվի չառնելով Ֆինանսների նախարարության եզրակացությունը, ԱԺ-ում կայացած քննարկումների արդյունքները և մամուլում հնչեցված մի շարք պարզաբանումները՝ սեփական կարծիքն ունենալ յուրաքանչյուր իրավիճակի մասին: Այնուամենայնիվ, քրեական գործ հարուցելու որոշումը զարմանալի էր, իսկ որոշման մեջ տեղ գտած ձևակերպումները՝ ոչ կոռեկտ և չհիմնավորված: Դա թույլ է տալիս ենթադրել, որ դատախազությունը քրեական գործի հարուցումը նախաձեռնել է՝ պայմանավորված ո՛չ թե դրա անհրաժեշտությամբ, այլ զուտ թեմայի հանրային հնչեղությամբ: Բայց նաև ուզում ենք հավատալ, որ այս գործընթացի շարունակությունը ժառանգած Քննչական կոմիտեն զերծ կմնա հանրությանը հաճոյանալուց և նախաքննությունը կիրականացնի անաչառ: Սա առաջին հերթին Հանրային հեռուստաընկերության ցանկությունն է, և մենք մեր կողմից հայտնում ենք այս ուղղությամբ լիարժեք աջակցության պատրաստակամություն»:

Այսօր արդեն՝ րոպեներ առաջ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Լեւոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում արեց․ «Սիրելի՜ բարեկամներ․ Վերջերս Հանրային հեռուստաընկերության շուրջ ստեղծված մթնոլորտը մղեց ինձ վերջնականապես վերանայելու իմ տեղն ու դերը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում»:

Լեւոն Գալստյանից հետաքրքրվեցինք՝ խորհրդից դուրս գալու դիմո՞ւմ է ներկայացրել․ «Նման մտադրություն ունեմ, բայց քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, վաղը կորոշեմ»։ Ինչ վերաբերում է իր գրառմանը, ապա․ «Ես գրել եմ այն, ինչ գրել եմ եւ վաղն էլ կորոշեմ այն, ինչ կորոշեմ»,- ասաց նա։

Մեր տեղեկություններով, Գալստյանը վաղուց արդեն Խորհրդի կազմում իրեն հարմարավետ չի զգացել, իսկ երեկ Խորհրդի անունից տարածված հայտարարությունը լցրել է համբերության բաժակը եւ նա որոշել է «քայլ անել»։ Մեզ ասացին, որ հայտարարությունը տարածել են Խորհրդի որոշ անդամներ՝ առանց Լ․Գալստյանին տեղեկացնելու։

Մեկնաբանություն
X