Ի՞նչ ունենք ծածկելու, մեր համագումարն է, մարդիկ պիտի գան ու ընտրեն

Հարցազրույց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ

- Պարոն Միլիտոնյան, հուլիսի 11-ին ՀԳՄ համագումարն է եւ ՀԳՄ նախագահի ընտրությունները, որի մասին կարծես լայն շրջանակներում ոչ ոք տեղյակ չէ։ Մինչդեռ նախորդ ընտրությունների ժամանակ, արդեն ամիսներ առաջ, գրական շրջանակը, մամուլը տեղյակ էին այդ մասին։

Որովհետեւ նախագահի տեղը բաց էր, եւ նախապես հայտարարեցինք, թեպետ հիմա էլ նախապես գրել ենք, «Գրական թերթի» նախորդ համարում տպագրվել էր դրա մասին, իսկ այս նոր համարում իմ զեկուցումն է տպվելու։

- Բայց կարծես շատերը տեղեկացված չեն։

Մեր Գրողների միության անդամները բոլորն էլ տեղեկացված են, բոլորին զանգվում ասվում է։ Ով անհրաժեշտ է, որ իմանա, անպայման իմանում է, մենք ի՞նչ ունենք ծածկելու, մեր համագումարն է, մարդիկ պիտի գան ընտրեն։ Հետո՝ էս ընթացքում մենք մի համագումար էլ ենք արել 2014-ի հուլիսին․ դա կազմակերպական համագումար էր։ Իսկ հերթական համագումարը ոչ թե ես եմ որոշում, այլ վարչության նիստը, մի մասն ասում էր՝ եկեք աշնանն անենք, քանի որ ամառ է, բայց ասացի՝ ավելի լավ է հիմա անենք, որպեսզի որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, թե չեն ուզում համագումար անեն, հետաձգում են։

- Նախորդ ընտրություններին Դուք 3 մրցակից ունեիք՝ Հովիկ Հովեյանն էր, Դավիթ Սարգսյանը եւ Ռոմիկ Սարդարյանը։

Այո, մեկը ստացավ 4 ձայն, մյուսը՝ 27, հաջորդն էլ՝ 100, ես՝ 200 ձայն, երբ մի մասն էլ դեռ չի հաշվվել եւ այլն, եւ այլն…։

- Այս անգամ կարծես ոչ ոք չի ուզում դառնալ ՀԳՄ նախագահ, տեղյա՞կ եք՝ կա՞ն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն առաջադրվելու։

Ես չգիտեմ, Աստված տա լինեն, ես չեմ հետաքրքրվում…։ Ուզում եմ միայն ասել, որ հատուկ ցանկ է տպվելու ասուլիսների, շնորհանդեսների, միջոցառումների, հանդիպումների, գրողների օրերի, հոբելյանների մասին, մոտ 700 միջոցառում, որ այս 4 տարիների ընթացքում տեղի է ունեցել։ Դրա մեջ գրողների 90 տոկոսն այս կամ այն կերպ մասնակցել է։ Դա տեսանելի մասն է, եւ նման միջոցառումներ կազմակերպվել են նաեւ ՀԳՄ-ի մասնաճյուղերում, Արցախում, Ջավախքում։

- Արցախի, Ջավախքի, սփյուռքի գրողները մասնակցելո՞ւ են նախագահի ընտրություններին։

Անպայման։

- Ինչպե՞ս եք դա կազմակերպելու։

Իրենք իրենց մասնակցությունը կարող են ունենալ էլեկտրոնային միջոցներով։ Հիվանդների դեպքում գնալու են այդ մարդկանց տուն՝ փակ-գաղտնի արկղի մեջ իրենք իրենց ընտրությունը կատարելու են․ սա կանոնակարգով է։ Ով էլ կկարողանա մարզերից գալ, տեղում իր քվեարկությունը կանի։

- ՀԳՄ անդամների թիվն այսօր ինչքա՞ն է։

390-ի չափով մեր հայաստանյան ՀԳՄ անդամների թիվն է, մոտ 100 սփյուռքահայ գրողներն են, ընդհանուր՝ 500-ից մի քիչ ավել։

- Այս 4-5 տարիների ընթացքում, եթե չեմ սխալվում, էլի են համալրվել միության շարքերը։

Դա որոշում է վարչությունը ամեն 2 տարին մեկ, ոչ թե ես, օրինակ՝ վերջին ընդունելությունը եղավ անցած տարի։ Ինչու երկու տարին մեկ, որովհետեւ այդպիսի հոսքեր քիչ ենք ունենում, որովհետեւ առնվազն 2 գիրք պիտի ունենա։ Եթե մենք արագ-արագ ընդունելություն անենք, կարող է ոչ այն մակարդակի գրողներ հայտնվեն, որոնք իսկապես պետք է որակ ապահովեն գրական դաշտում։ Կարգն այսպիսին է․ ներկայացնում են դիմումները՝ իրենց կենսագրականների, գրքերի հետ միասին, ժանրային բաժանմունքներում քննարկվում են դրանք, փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրում են։ Ես, ի դեպ, որեւէ հանձնաժողովում չկամ, դրանից հետո ընդունող հանձնաժողովը փակ-գաղտնի քվեարկությամբ քննարկում եւ ընտրում է, նախագահությունը հաստատում է։ 3 տարում մոտավորապես 30 հոգի համալրել է Գրողների միության շարքերը, բայց այդ 30 հոգին՝ բոլոր ժանրերի ու մասնաճյուղերի գծով։

- Այսօրվա դրությամբ, փաստորեն, միակ եւ գլխավոր թեկնածուն Դուք եք․ ինչո՞վ եք բացատրում այս հանգամանքը, որ այլ թեկնածուներ չկան, Ձեր հանդեպ վստահությունի՞ց է, թե՞ գրողներն իներտ են։

Գրողների միության մեջ երբեք իներտություն չփնտրես, ամեն մի գրող ունի իր հավակնությունները, ցանկությունները, ինքն իրեն գնահատելու անձնական չափանիշները, ուրիշներին գնահատելու իր չափանիշները։ Ստեղծագործող մարդը մի ուրիշ տեսակ է, եւ երբ այդ տեսակը ճանաչում ես, պիտի երբեք չզարմանաս, որ այս մարդն ակտիվ է, որոշ իմաստով ուզում է իր հարցերը լուծել։ Այս ամենն ընկալելի է, հասկանալի, եւ այդպես էլ պետք է լինի։

- Քանի որ գրողների հավակնություններից խոսեցիք, հնարավոր համարո՞ւմ եք, որ համագումարի ընթացքում ինքնառաջադրումներ լինեն։

Հնարավոր է, Աստված ամեն ինչի հնարավորությունը ստեղծել է։

- Նախորդ անգամ համագումարին ընդառաջ հանդիպումներ էիք ունենում մարզերում՝ Ձեր պոտենցիալ ընտրողների հետ, այս անգամ ունենո՞ւմ եք հանդիպումներ գրողների հետ։

Այս տարիների ընթացքում ես տարվա մեջ մի քանի անգամ գնում եմ մեր մարզի անդամների հետ հանդիպելու․ դրանք ստեղծագործական հանդիպումներ են՝ տեղում ճանաչելու իրավիճակը, մարդկանց, նրանց սոցիալական վիճակը։ Ես չեմ դնում իմ աշխատանքը Գրողների միության այս 4 պատի մեջ, ես մշտապես հանդիպումների մեջ եմ, այստեղ ամեն օր մոտավորապես 20 գրող մուտք է գործում տարբեր առիթներով ու խնդիրներով։

- Վերջին շրջանում շատ է խոսվում նաեւ ստեղծագործական միությունները լուծարելու մասին, որ դրանք սովետից մնացած կառույցներ են, եւ անհրաժեշտությունը չկա։ Ի՞նչ կասեք այս մասին։

Հանրապետության հրապարակը 30-ական թվերին Թամանյանի նախագծով ստեղծվեց, հիմա վերացնե՞նք այն բոլորը, ինչ սովետի տարիներին ստեղծվել է։ Ես սա չափազանցնում եմ՝ ասելու համար, որ ստեղծագործական միությունները սովետից առաջ էլ եղել են։ Ստեղծագործական միություններն իրենց անդամներն ունեցող միավորներ են, ո՞վ պիտի որոշի լուծարել, իրենք են իրենց հասարակական կազմակերպության տերը, եթե պետությունը փորձի դա անել, կլինի հակաօրինական, հակասահմանադրական, որովհետեւ ամեն հասարակական կազմակերպություն իր աշխատելու սկզբունքներն ունի, եւ իր անդամներն են որոշում՝ ինչպիսին լինել։ Պետք է յուրաքանչյուր կազմակերպություն ինքնակա որոշումներ կայացնի, եւ այդ մարդիկ, արվեստագետներն իրենց համար որոշումներ կայացնեն։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X