Ի պաշտպանություն կենդանիների

Դժվար է ասել, թե ինչն է ստիպում հայ օլիգարխներին ու գեներալներին վայրի կենդանիներ պահել իրենց դղյակներում։ Գուցե դա սեփական անձի նշանակալիության, կարեւորության զգացում է հաղորդում կենդանու տիրոջը։ Տես, ես՝ մարդ էակս, կարող եմ քո նման ամեհի գազանին հնազանդեցնել ու հրահանգներ տալ, վանդակում պահել կամ մի քիչ ազատություն տալ, կերակրել կամ սոված պահել, ծեծել կամ գուրգուրել։

Մարդիկ, իհարկե, տարբեր են, տարբեր նախասիրություններ ու կոմպլեքսներ ունեն եւ դրանց դեմ պայքարի տարբեր մեթոդներ․ մեկն էլ թերեւս սա է։ Բայց եթե պետությունը թափառող շների ապաստարաններ է սարքում, եթե աշխարհում կան կենդանասերներ եւ կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ, եթե օրենքներ են ընդունում եւ խստիվ պատժում են կենդանիներին խոշտանգողներին, ապա չի կարող առանձին վերցրած մի անձ իր ամառանոցում վայրի կենդանիներ պահել՝ ասելով, որ դա իր մասնավոր տարածքն է։

Նախ՝ վայրի գազան պահելը մասնավոր անձանց պետք է արգելվի։ Իսկ եթե անգամ թույլատրվի, ապա, ինչպես երեխաների պաշտպանությամբ զբաղվող ծառայություններն են պարբերաբար այցելում եւ ստուգում, թե ինչ պայմաններում են ապրում երեխաները, արդյոք ոտնահարված չե՞ն նրանց իրավունքները, այդպես էլ պետք է հաշվառեն տներում պահվող վայրի կենդանիներին եւ հետեւեն մասնավոր անձանց կենդանաբանական այգիներին։

Տանը արջ, վագր, առյուծ պահելը գուցե էկզոտիկ հաճույքների թվին է պատկանում, բայց դա նաեւ սննդի, բժշկական ծառայությունների, անվտանգության խնդիրների հետ է կապված։ Ասենք, գեներալ Մանվելին կալանավորեցին եւ նրա գազանանոցը վերացրին, բայց ինչքա՜ն նման գազանանոցներ կան Հայաստանում։ Ո՞վ պետք է զբաղվի այդ կենդանիներով, ո՞վ պետք է պաշտպանի նրանց իրավունքները։

Մեկնաբանություն
X