Հայ ժողովուրդը պետք է ձերբազատվի ռուսներին անվերապահ վստահելու մոլորությունից

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը։

-Ըստ ադրբեջանական կայքերի՝ Ադրբեջանում մեկնարկել են «լայնամասշտաբ զորավարժություններ՝ բանակի տարբեր զինատեսակների, զորամիավորումների, հատուկ զորքերի ներգրավմամբ»։ Զորավարժությունները կշարունակվեն մինչեւ հուլիսի 6-ը, և սցենարով նախատեսված է «օկուպացված տարածքների ազատագրման նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողության անցկացում»։ Ըստ Ձեզ՝ Ադրբեջանն ունի՞ միջազգային հանրությունից բավարար աջակցություն՝ վերսկսելու պատերազմը։

-Ադրբեջանի նկրտումներն ուղղակիորեն ցույց են տալիս, որ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ ռուս-ադրբեջանական համաձայնությունը կայացել է, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց ռուս-թուրքական համաձայնության: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ ձևավորվել է եռյակ միություն, որը նախապատրաստել է ռազմական ինտերվենցիա Հայաստանի դեմ, եւ որի իրականացումը դրվել է Ադրբեջանի վրա: Ահա թե ինչու են այս պահին ադրբեջանական բանակին խորհրդատվություն մատուցում ռուս և թուրք ռազմագետները:

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ նախապատրաստվող ռազմական կամպանիան ոչ թե Ղարաբաղի դեմ է, այլ միասնական հայոց պետության դեմ: Հավանական է, որ պահի ընտրությունը պայմանավորված լինի Հայաստանի նոր իշխանությունների անփորձության գործոնով:

Ամենայն հավանականությամբ, մշակվել է ապրիլյան գործողության ավելի լայնածավալ տարբերակը: Չպետք է մոռանալ, որ ապրիլյան արկածախնդրության ակունքները ևս Մոսկվայում էին:

Ինչ վերաբերում է Արևմուտքի միջամտությանը, ապա այն կդրսևորվի միայն բացառիկ դեպքերում, քանի որ Արևմուտքը Հայաստանը դեռ շարունակում է դիտել որպես ռուսական ազդեցության տարածք: Ցավոք, ՀՀ նոր իշխանություններն էլ դեռ գործնական որևէ մի քայլ չեն արել ռուսական ազդեցությունը թոթափելու համար:

-Վերջին օրերին մամուլում գրվում է նաեւ, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ հակառակորդը դիրքերն ամրապնդելու փորձեր է արել, ինչը կանխվել է հայկական կողմի ջանքերի արդյունքում։ Ինչո՞ւ է Ադրբեջանը գործողություններ սկսում նաեւ նախիջեւանյան ուղղությամբ։

-Նախիջևանի շփման գիծն ունի իր առանձնահատկությունը: Նախ, ռազմական տեսակետից այնտեղից կարելի է Երևանին հարված հասցնել նույնիսկ պարսատիկով: Երկրորդը. Ադրբեջանը համոզվել է, որ միայնակ չի կարող հայկական ուժերի նկատմամբ առավելության հասնել կամ կանխել հայերի առաջընթացը, ուստի պետք է դաշինքի մեջ մտնել այլ հակահայ ուժերի հետ: Նախիջևանի հարցում այդ դաշինքն արդեն գործում է հարյուր տարի: Դեռ ուժի մեջ է 1921 թ. մարտի 16-ի հակահայ պակտը Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Երևանի դեմ ոտնձգության դեպքում հայկական ուժերը ստիպված կլինեն ռազմական գործողություն իրականացնել Նախիջևանի սահմանին: Նման քայլը կգնահատվի այսպես․ այն ընկնում է այդ պայմանագրի այն հոդվածի տակ, որով Թուրքիան կամ Ռուսաստանը իրավունք ունեն ռազմական միջամտություն ցուցաբերելու: Հայաստանում գտնվող ռուսական զորամիավորումներն ո՞ր ուղղությամբ կկրակեն՝ Աստված գիտե: Ռուսական հրթիռների կառավարման համակարգը ևս վստահություն չի ներշնչում. դրանք կարող են հարված հասցնել բոլորովին այլ ուղղությամբ:

Պատմությունը թուրք-ռուսական հակահայ համագործակցության բազմաթիվ օրինակներ ունի: Եթե, օրինակ, հայկական ուժերն այդ ուղղությամբ որևէ գործողություն նախաձեռնեն, հնարավոր է ռուս-թուրքական միասնական ուժերը փորձեն կանխել այն: Այսպիսով՝ ադրբեջանական կողմը ռազմաքաղաքական տեսակետից այդ ուղղությամբ լիովին պաշտպանված է համարում:

-Արդյո՞ք հայկական կողմը դիվանագիտական սխալներ թու՞յլ չի տվել, որ Ադրբեջանը դիմում է այսօրինակ քայլերի։

-Ճիշտն ասած, հայկական դիվանագիտությունը Ռուսաստանի նկատմամբ ծիծաղելիորեն պարզունակ է և հանգում է նրան, որ, իբր ռուսական կողմը պետք է գիտակցի, որ տարածաշրջանում միայն հայերն են Ռուսաստանի դաշնակիցը: Դե, ինչպիսին դիվանագիտությունն է՝ այնպիսին էլ արձագանքն է:

Չի կարելի վստահել ռուսական խոստումներին: Հայաստանում ուրախանում են, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին Մոսկվայում ժպիտով են ընդունում: Վախեցիր ռուսի ժպիտից: Հայ ժողովուրդը պետք է ձերբազատվի ռուսներին անվերապահ վստահելու և Ռուսաստանին բարեկամ երկիր համարելու մոլորությունից:

-«Կովկասում ՌԴ-ի միակ դաշնակիցն Ադրբեջանն է» խորհրդաժողովի ռուս մասնակիցներն այցելել են ադրբեջանական բանակի դիրքեր եւ հաջող ծառայություն մաղթել ադրբեջանցի զինծառայողներին։ Արդյո՞ք սա ՌԴ-ի կողմից աջակցությո՞ւն չէ Ադրբեջանին։

-Նախ, հայերի հաշվին Ադրբեջանին աջակցելը եղել է և մնում է Ռուսաստանի վարած քաղաքականության անբաժան մասը: Օրինակները բազմաթիվ են: Հայկական քաղաքական միտքը պետք է սա ընդունի ուղղակի և անվերապահորեն, այլապես ճակատագրական սխալներն անխուսափելի են:

Բացի այդ, Մոսկվայի քաղաքական ազդեցության տիրույթում չեք կարող ցույց տալ առաջադեմ կառավարման համակարգով գեթ մեկ երկիր: Ռուսական քաղաքականությունը դարեր շարունակ հենվել է ինքնակալ, ավտորիտար, բռնապետական ռեժիմների վրա: Մյուս կողմից, առաջադեմ, ժողովրդավարական երկրները բնականորեն հակված են դեպի Արևմուտք, ինչը Մոսկվայի համար անընդունելի է:

Տարածաշրջանում Վրաստանը վաղուց է անցում կատարել դեպի ժողովրդավարություն: Հայաստանը փորձում է իր արատավոր ավտորիտար կառավարման համակարգը փոխել, դառնալ ժողովրդավարական, բաց հասարակություն: Միայն Ադրբեջանը չի կարողանում ձերբազատվել Ալիևյան ավտորիտար համակարգից, և այդ պետությունը խաղալիք կարող է դառնալ Մոսկվայի ձեռքում: Սանձազերծելով լայնածավալ ռազմական ինտերվենցիա՝ Մոսկվան կփորձի իր վերահսկողության տակ առնել նաև առ այսօր համեմատաբար անկախ մնացած Բաքուն:

Սակայն Մոսկվայի պաշտոնյաները չեն էլ պատկերացնում, թե ինչ անպարտելի ուժ է միասնական հայ ժողովուրդը: Իսկ ներկայումս հայ ժողովուրդը ռազմաքաղաքական վերելքի, միասնության շրջան է մտել և, ամենայն հավանականությամբ, ռուս-ադրբեջանական արկածախնդրության արդյունքում Նախիջևանը ևս կմիանա ազատագրված մյուս տարածքներին:

-Ինչպե՞ս պետք է Հայաստանն արձագանքի այս իրադարձությանը։

-Պատրաստ պետք է լինել ռազմական ինտերվենցիայի ցանկացած տարբերակի: Պետք է պայքարել, կռվել, մարտնչել:

Ուստի, հայ ժողովրդի միասնականության պահպանումը առաջնային խնդիր է, հատկապես՝ Հայաստանի իշխանությունների համար: Նրանք պիտի աչքի լույսի պես պահպանեն հեղափոխությունից ստացած ժողովրդական բարձր վստահությունը: Անհրաժեշտ է զգաստ պահել ողջ հայությանը, քանզի սպասվող ինտերվենցիան ոտնձգություն կլինի հայոց պետականության դեմ:

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X