Թեժ բանավեճից հետո մի կերպ որոշեցին՝ մինչև 2018 թվականի տուգանքները կհամաներվեն (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստն անցավ ոչ ստանդարտ իրավիճակում։ Նախ տեխնիկական խնդիրների պատճառով նիստերի հիմնական՝ հինգերորդ հարկում գտնվող դահլիճի փոխարեն այս անգամ այն անցկացվեց երրորդ հարկում գտնվող փոքր դահլիճում։ Գումարած՝ ուղիղ հեռարձակում էլ չկար, արդյունքում լրագրողներն ու պաշտոնյաները մի կերպ էին տեղավորվել դահլիճում՝ խցկված։ Տեխնիկական խնդիրներից զատ՝ տեխնիկական, բայց պարզվեց՝ բավականին կարևոր հարցեր առաջացան արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի զեկուցած՝ տուգանքների համաներման մասին նախագծի հետ կապված։

Այդ «տեխնիկական» խնդիրները շղթայական ռեակցիա առաջացրին իրավական ու տնտեսական բլոկում, ինչի արդյունքում առաջացավ բանավեճ արդարադատության նախարարի ու ՊԵԿ նախագահի միջև։ Բանավեճը հասավ նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս խնդրեց այս հարցը վերջապես փակել ու քննարկել նիստից դուրս։ Բայց Փաշինյանին դա երկար ժամանակ չէր հաջողվում, ստիպված՝ վարչապետը դիմեց իրեն հատուկ հումորին ու հնարամտությանը՝ նրբորեն հասկացնելով, որ էլ այս թեման չշարունակեն։ Զեյնալյանի զեկուցած նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարորդների թույլ տված խախտումներից առաջացած տուգանքների վերաբերյալ։ Սա, ըստ Զեյնալյանի, 13.7 մլրդ դրամ է կազմում, այսինքն՝ այդքան գումար պետք է մուտք արվեր բյուջե, որը չի արվի։ Փաշինյանը դեմ չէր սրան։ Այստեղ հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ այս ներումը հարկային պարտավորություն առաջացնո՞ւմ է, թե՞ ոչ։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ հիպոթետիկ՝ չի բացառվում, որ առաջացնի։ Զեյնալյանն էլ հակառավեց, թե կարող է առաջացնել։ Այստեղ սկսվեց բանավեճ Զեյնալյանի ու Անանյանի միջև, և նրանք այդպես էլ չէին կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Հարցին միջամտեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որը կարևոր դիտարկում արեց, դա վարչապետին դուր եկավ, բայց դրանից էլ ավելի խճճվեց թեման։ Դավթյանն ասաց, որ իրենք բազմաթիվ գործեր ունեն քննվող, որ այդ խախտումները կատարվել են, իրականում, հանցավոր համաձայնության արդյունքում։ Օրինակ՝ մեկը իր մեքենաները գրանցել է գույք չունեցող վարորդի անունով՝ հստակ իմանալով, որ ինչ խախտում էլ թույլ տա և չմուծի, նրանից պետությունը ոչինչ չի կարող բռնագանձել։ Ուստի, ըստ դատախազի, այս ոմտեցումը անարդար կարող է դիտվել, եթե ընդհանուր համաներվի բոլորի տուգանքները։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց խնդիրը մարդկանց ապօրինությունները ներելը չէ, ուստի առաջարկեց նախագծում մի հոդվածով այդ բացառությունն այնպես ձևակերպել, որ նման դեպքերի վրա չտարածվի համաներումը։ Մինչ դատախազի դիտարկման մասով հասկացան՝ ինչն ինչոց է, նորից սկսկեցին իրար չհասկանալ Դավիթ Անանյանն ու Արտակ Զեյնալյանը։

Ու նորից վարչապետը սկսեց նրանց «բաժանելու» գործընթացը։ Այդ ընթացքում երկար ժամանակ ձայնի իրավունք էր խնդրում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Բայց Զեյնալյան-Անանյան բանավեճը նրան հերթ չէր տալիս։ Ի վերջո, վարչապետը նկատեց, որ խախտվում են մարդու իրավունքների պաշտպանի իրավունքներն ու վերջապես ձայն տվեց նրան։ Թաթոյանն էլ իր անհամաձայնությունը հայտնեց հնչած որոշ տեսակետների հետ կապված՝ արդեն մարդու իրավուքնների խախտման տեսանկյունից։ Այստեղ նորից ձայն խնդրեց Անանյանը։ «Բայց նորից նույն թեմային չանդրադառնա, պարոն Անանյան»,-արդեն հույսը կտրած՝ հորդորեց վարչապետը։

Ի վերջո, մոտ կես ժամ տևած բանավեճ-քննարկումն ավարտվեց, նախագծին դեմ արատահայտվողներ չեղան, այն կուղարկվի Ազգային ժողով։ Անցան հաջորդ հարցին, որը դարձյալ զեկուցում էր Արտակ Զեյնալյանը։ Վարչապետը մի հատ էլ նրա պահով հումոր արեց՝ խնդրելով նոր հարցի ժամանակ էլի հին հարցին չանդրադառնալ, որովհետև հազիվ էր «հանդարտեցրել» կողմերին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X