Քաղաքապետարանը մերժել է տեղ հատկացնել Հաց բերողի հուշարձանին

2016թ. հուլիսի 26-ին Արթուր Սարգսյանը «Սասնա ծռեր» խմբավորմանը հերոսաբար հաց հասցրեց, որից հետո հանրությունը նրան կնքեց «Հաց բերող» անվամբ: Նրա ողբերգական մահից հետո շատ էր քննարկվում, թե որ օրը նշել իբրեւ Հաց բերողի օր։ Ի վերջո որոշվեց այն նշել ոչ թե օգոստոսի 9-ին՝ նրա ծննդյան օրը, այլ հենց հուլիսի 26-ին, երբ նա հաց հասցրեց «ծռերին»։

Հուլիսի 26-ին ընդառաջ Ֆեյսբուքում նաեւ հանրային խումբ է բացվել, որտեղ հարյուրավոր քաղաքացիներ քննարկում են, թե ինչպես եւ ինչ ձեւերով կարելի է նշել այդ օրը, որն առաջարկում են տոնել ամեն տարվա հուլիսի 26-ին։

«Ամեն տարի հուլիսի 26-ին նվիրիր հաց, հացամթերք, սնունդ, հաց կիսիր հարազատ մարդկանց հետ, բաժին հանիր նաեւ օտարին, նրան, ով դրա կարիքն ունի»,- նշված է խմբում, որի մասնակիցներն առաջարկում են այդ օրը պատրաստել կարճ հայտարարություններ կամ պլակատներ, որոնք կփակցվեն խանութների ճակատային մասերին։ Ինչպես նաեւ ակտիվ քարոզչություն անել այդ օրը Ֆեյսբուքով, որը հայկական Ֆեյսբուքն այդ օրը կլցնի իր մասին գրառումներով եւ ինքնաբերաբար կմտնի նաեւ մարդկանց մտածելակերպի մեջ։ Բացի այդ՝ աշխատանք տանել հացի փռերի, խանութների հետ, որ այդ օրն աջակցություն ցուցաբերեն հացը կարիքավորներին անվճար բաժանելու հարցում։

Ամիսներ առաջ հանրային քննարկման ներկայացվեց Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հուշարձանի նախագիծը, որի հեղինակը ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է։ Հուշարձանն իրենից ներկայացնում է քառանիստ սյուներով մի կառույց՝ բազալտե հարթակի վրա, որը նախատեսվում է տեղադրել Մաշտոցի պուրակում՝ հիվանդանոցի դիմացի հատվածում։

Անահիտ Թարխանյանը վրդովված է, քանի որ արդեն 2-րդ անգամ քաղաքապետարանը մերժել եւ թույլտվություն չի տրամադրել հուշարձանի տեղադրման համար․ «Դեռ տեղը հատկացված չէ, ընդհանրապես անորոշ վիճակ է, երեւի նորից փորձեմ դիմել քաղաքապետարան՝ հասկանալու համար՝ կտրամադրե՞ն տարածք, թե՞ ոչ, որովհետեւ շատ մեծ գործ է արված, թե՛ հուշարձանը, թե՛ դրա մանրակերտը պատրաստ են, մնացել է միայն, որ իրենց կողմից տրամադրեն տարածք։ Տարածությունն էլ հակված է մինիմալին, որպեսզի թե՛ ծառերին, թե՛ կանաչ տարածքներին վնաս չտանք եւ ոչ մի բան չփչացնենք, որովհետեւ առաջին հերթին հենց Արթուրն ինքը դեմ կլիներ որեւէ ծառահատման»։

Թարխանյանն ասում է, որ քաղաքապետարանում ոչ մի բան չի քննարկվել, ինքն էլ հույս ուներ, որ միգուցե նոր բարեփոխումներ լինեին, քաղաքապետարանում մոտեցումները փոխվեին եւ նոր վերաբերմունք լիներ․ «Բայց զգում եմ, որ որեւէ՝ սկզբունքային բան չի փոխվել, այնպես որ՝ առանց որեւէ բախումների պետք է նորից դիմել։ Այս դեպքում նույնիսկ բացասական պատասխանը կարող ենք ի օգուտ մեզ օգտագործել։ Երեւի նորից փորձենք դիմել քաղաքապետարան՝ հենց հուլիսի 26-ի հետ կապված, որովհետեւ դա լավ տարեթիվ է ու շատ կարեւոր, որովհետեւ նա հուլիսի 26-ին հաց հասցրեց, եւ լավ կլիներ, որ հենց այդ օրը դրվեր հուշարձանը։ Եթե համաձայնությունը տան, ապա աշնանը, երբ ծառերը քնում են, մենք շատ զգույշ կտեղափոխենք ծառերը։ Ես մասնագետների՝ դենդրոլոգների հետ խոսել եմ, իրենք կգան, անձամբ այդ տեղափոխությունը կանեն, մնացածը պարզապես տարածություն է, որտեղ խոտ է ցանված։ Հուշարձանն այնպես է նախագծված՝ համեստ, կամերային, որ կարելի է տեղադրել առանց որեւէ վտանգի շրջակա միջավայրի համար»։

Անահիտ Թարխանյանը կփորձի «Ելք» խմբակցության միջոցով հարցը բարձրաձայնել ավագանու նիստերից մեկի ժամանակ․ «Այս երկու օրը փորձենք «Ելք» խմբակցության հետ կապվել եւ իրենց միջոցով հարցը ներկայացնենք քաղաքապետարան։ Բոլոր տարբերակները պետք է փորձենք՝ համախմբելով քաղաքապետարանի եւ ավագանու պրոգրեսիվ ուժերը ու լուծենք այդ հարցը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X