Մնջախաղի փառատոնը չի կայանա, թատրոնի շենքի հարցը նույնպես անորոշ է

Այս տարի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը չի կայանա՝ մշակույթի նախարարության կողմից չֆինանսավորվելու պատճառով:

Հնարավոր չէ՞ր մասնակի ֆինանսավորում հատկացնել կամ ավելի շուտ տեղյակ պահել․ այս բոլոր հարցերն ինքը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, տվել է մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանին։

Դադասյանն ասում է՝ ի սկզբանե 2 տարին մեկ էր իրականացվում փառատոնը, բայց 2017-ին որոշում կայացվեց ամենամյա դարձնել, քանի որ հաջող էր այն ընթանում։ «Եվ որոշվեց այդ տոնն ամեն տարի անել։ Դա այն փառատոնն է, որը նույնիսկ հնարավորություն ստեղծեց Ծաղկաձորի կենտրոնում Լեոնիդ Ենգիբարյանի գեղեցիկ հուշարձանն ունենալ, որն արդեն պատմություն է, քաղաքի սեփականությունն ու սիրելի վայրերից մեկը։ Նաեւ տուրիստական հոսքն էր աշխուժանում այդ օրերին, եւ հիմա էլ մեզ զանգահարում հարցնում են, թե երբ է լինելու փառատոնը, որ ըստ այդմ մարդիկ տոմսեր եւ տեղեր պատվիրեն։ Էլ չասեմ, որ մենք մի ամբողջ տարի աշխատել ենք այդ ծրագրի վրա։ Փառատոն անելը հեշտ բան չէ, մարդկանց բերել, ովքեր նույնիսկ իրենց հաշվին են գալիս»,- ասում է նա ու նկատում, որ ոչ միայն հրավերներ էին ուղարկել, այլեւ փառատոնի ծրագիրն ունեին։

Իրենք թե՛ ծրագիրը, թե՛ ֆինանսավորման բյուջեն հայտի տեսքով հունիսի 6-ին ուղարկել են նախարարություն, որպեսզի ֆինանսավորումը բացվի։ Սովորաբար հատկացումներն առանձին տողով արվում են տարեսկզբին, փառատոնի դեպքում ինչո՞ւ չի արվել։ Դադասյանն ասաց․ «Որպես կանոն, բանավոր պայմանավորվածություն ունենում ենք նախարարության հետ, մինչեւ որ ժամկետը մոտենում է՝ մենք պաշտոնական հայտը ներկայացնում ենք, ֆինանսավորումը բացվում է, պայմանագիր է կնքվում, ու սկսվում են աշխատանքները։ Այդ նախնական պայմանավորվածությունները միշտ գործել են, եւ երբեւէ ինչ-որ խնդիրներ չեն եղել»։ Նա նշում է, որ, օրինակ, 2016-ին իրենց բյուջեն դարձել էր 16 մլն, որից բացի, ներգրավում էին նաեւ հովանավորների, չնայած այս տարի հովանավորները նույնիսկ «մոտիկ» չեն եկել փառատոնին։

Դեռ մեկ ամիս առաջ նախարար Լիլիթ Մակունցն ասել էր, որ բյուջեն այնպես է ծախսվել մինչեւ հուլիս, որ հիմա պարտքով են աշխատում։ Արդյոք խնդիրն այս հանգամանքո՞վ է պայմանավորված, թե՞ գուցե նախարարությունն այլեւս չի տեսնում այս փառատոնի նպատակահարմարությունը։ «Եթե խնդիրը միայն այն է, որ հիմա գումար չկա, որ տան, ապա լավ կլիներ, որ դրա մասին ասեին մի ամիս առաջ, երբ մենք հայտը տվել էինք, ոչ թե մեկ ամիս հետո՝ բանավոր, առանց գրավոր պատասխանի։ Եթե բանավոր պետք է ասեին, թող շուտ ասեին, որ մենք այդքան աշխատանքներ չտանեինք։ Մենք արդեն մեկ ամիս պայմանավորվածությունների ակտիվ փուլի մեջ էինք մտել տարբեր կազմակերպությունների հետ։ Կարելի էր, չէ՞, շուտ ընդունել, շուտ որոշում կայացնել եւ շուտ տեղեկացնել։ Այստեղ հարցը միայն այն չէ, որ այս տարի ֆինանս չկա, դրա համար չենք անում, հարցն այն է՝ մյուս տարի անելո՞ւ ենք։ Մրցույթ կլինի, կմասնակցեք, կշահեք գրանտը՝ կանեք, չեք շահի՝ չեք անի… այստեղ արդեն խնդիր է առաջանում, որովհետեւ սա ավանդական փառատոն է, որը կառավարությունով է հաստատվել։ Պատկերացրեք մի տարի «Ոսկե ծիրանն» անցկացվի, որովհետեւ ինքն է շահում, մյուս տարի՝ «Ոսկե դեղձը» շահի ու անցկացվի։ Ես չեմ հասկանում տրամաբանությունը։ Պետք է ստեղծել հավասար իրավունքներ բոլորի համար, իսկ մենք միշտ եղել ենք անհավասար պայմաններում։ Մեր թատրոնն անհավասար պայմաններում 20 տարի միջանցքներում աշխատում է։ Առաջին բանը, որ պետք է արվի՝ էս անարդարությունն ուղղվի, որը վերաբերում է ուղիղ մեր թատրոնին»։

Բարձրաձայնել են նաեւ շենքի հարցը, բայց լսել են այս պատասխանը․ «Դե, մենք ի՞նչ կարող ենք անել, ո՞վ է արել նախագիծը, դիմեք քաղշինին… այսինքն՝ ես չեմ կարողանում հստակ հասկանալ՝ կա՞ մոտեցում մշակույթի նախարարության կողմից, որ սա մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թատրոն է, որն ունի խնդիրներ, եւ դրանք պետք է հոգալ։ Ես այս հարցերի պատասխանը չստացա, ցավոք»։

Այն, որ արդեն բյուջե էր հատկացված, եւ շինարարությունն էլ պետք է մայիսին սկսվեր ու մյուս տարվա մայիսին ավարտվեր, Դադասյանը հաստատում է ու հավելում, որ հատկացված շենքի դեպքում խնդիրներ կան հողհատկացման հետ կապված, նաեւ՝ քաղաքապետարանի․ «Ես էլ ասում եմ՝ եղբայր, սա պետական թատրոն է, ես հո չե՞մ զբաղվելու այդ հարցերով, մշակույթի նախարարությունը պետք է նախանձախնդիր լինի, որ այդ հարցերը լուծվեն, եւ վերջապես թատրոնը բացի իր դռները»։

Դադասյանը նախարար Մակունցի հետ 2 անգամ պայմանավորվել է հանդիպել, բայց 2 անգամն էլ չի ստացվել․ «Ես չեմ ուզում հավատալ, որ սա միայն մեզ է վերաբերվում, եւ միայն մեր նկատմամբ է այս վերաբերմունքը։ Ես ուզում եմ գոնե հավատալ, որ առհասարակ այսպիսին է մոտեցումը, որովհետեւ, եթե հանկարծ պարզվի, որ նման մոտեցումը միայն մեր թատրոնին է վերաբերում, սա լուրջ խնդիրներ եւ հարցեր կարող է առաջացնել, որը պետք է լրջորեն քննարկել, թե ինչու է նման վերաբերմունք այս թատրոնի նկատմամբ։ Ինչո՞ւ է, որ հիմա ես միջանցքում նստած աշխատում եմ 42 աստիճանի տակ ՏՅՈւԶ-ի (Театр юного зрителя` Պատանի հանդիսատեսի թատրոն) 3-րդ հարկում, այն դեպքում, երբ իմ կոլեգաներն իրենց աշխատասենյակներում կոնդիցիոների տակ աշխատում են»։

Ժիրայր Դադասյանը որոշել է հետեւել վարչապետի եւ նրա տիկնոջ հորդորին՝ եթե ինչ-որ խնդիրներ եք տեսնում, բարձրաձայնեք դրանց մասին մամուլում, ինչն էլ ինքն անում է, որ մարդիկ տեղեկանան, որ նման խնդիրներ կան, եւ հույսով, որ դրանք լուծում կստանան․ «Սա սաբոտաժ չէ, մյուս տարի մայիսին մենք կբացեինք մեր թատրոնի դռները եւ կտոնեինք մեր թատրոնի 45-ամյակը, բայց այսօր հարցականի տակ է ոչ միայն դա, այլ նաեւ թատրոնի գոյությունը։ Իմ զգացողությունն այդպիսին է»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X