Կոմպլեմենտարիզմ` ռուսական ձեւով

Հայ-ռուսական հարաբերություններում, առայժմ ոչ բարձր մակարդակում, անհանգիստ շարժումներ են նկատվում: Դրանց հրահրողը, որքանով կարելի է հասկանալ ռուսական եւ ադրբեջանական մամուլի հրապարակումներից, ռուսական կողմն է: Սա տարօրինակ է, անշուշտ, քանզի նոր իշխանության հաստատումից ի վեր Հայաստանում հակառուսական դրսեւորումներ չեն եղել, իսկ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի երկու հանդիպումներն էլ վկայում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկան այնպիսի փոփոխություններ, որոնք կարող էին բացասաբար անդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Իսկ գուցե Ռուսաստանո՞ւմ է ինչ-որ բան փոխվել, ինչի մասին մեր ռազմավարական դաշնակիցը չի կարողանում բարձրաձայնել: Ինչո՞ւ հանկարծ Կրեմլին մոտ կանգնած շրջանակները` Պետդումայի խոսնակից մինչեւ «անկախ փորձագետներ» եւ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ոչ լրիվ մեկ ամսվա ընթացքում քանիցս սիրաշահեցին Ադրբեջանին` ընդհուպ գովաբանելով Արցախի հարցում այդ երկրի որդեգրած «ճիշտ» դիրքորոշումը: Նկատենք, որ հենց այդ շրջանում Ադրբեջանը (չի բացառվում՝ նաեւ Թուրքիայի հրահրմամբ) ակտիվացավ Նախիջեւանում:

Rusarminfo.ru-ին տված հարցազրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեեւը, կարծես, այս հարցադրման հետ կապված փակագծեր է բացում` ակնարկելով, որ հայ-ռուսական հարաբերություններում նկատվող նյարդային վիճակի համար հայերը պետք է մեղադրեն իրենք իրենց եւ ոչ թե Ադրբեջան այցելած ռուս անկախ փորձագետներին: Խոսքը վերաբերում է ռուսաստանցի տխրահռչակ քաղաքագետներ Մաքսիմ Շեւչենկոյի, Իգոր Կորոտչենկոյի, Ալեքսանդր Դուգինի եւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւի` Ադրբեջանում Արցախի հետ սահմանամերձ զորամաս այցելությանն ու ադրբեջանահաճո հայտարարություններին:

«Արեւմուտքի երկրների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի կապերի ընդլայնումը, մասնավորապես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել՝ կազմակերպության գագաթնաժողովին, լրջորեն մտահոգում է Ռուսաստանին: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը չի համապատասխանում ՀԱՊԿ կազմում մնալու Հայաստանի ձգտմանը: Ինձ թվում է, որ եթե Հայաստանին այդքան մտահոգում է ռուս փորձագետների այցն Ադրբեջան, ապա նրան պետք է անհանգստացնի նաեւ այն, թե արդյոք չափազանց լուրջ չի՞ համագործակցում ՆԱՏՕ-ի հետ՝ իր խաղաղարարներին ուղարկելով դաշինքի գործողություններին եւ մասնակցելով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին»,- ասել է Վլադիմիր Եվսեեւը: Այսինքն` ի՞նչ: Ստացվում է, որ ԼՂ հարցի կարգավորման ՄԽ անդամ Ռուսաստանը խնդրի հետ կապված իր մոտեցումները սրբագրում է ՀՀ վարչապետի այցերի մասին լրահոսո՞վ: Իսկ գուցե իսկապե՞ս Խորհրդային Միության տրամաբանությամբ են առաջնորդվում մերձկրեմլյան շրջանակները: Պուտինը պատահաբար չի՞ մոռացել, որ իրեն քարոզչական տոտալ շրջափակումից ազատել է հենց Հայաստանը` ստորագրելով ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը եւ ցրելով այն համատարած կարծիքը, որ Ռուսաստանը բռնանում է իր մերձավոր հարեւանների եւ հետխորհրդային տարածքի երկրների արտաքին քաղաքականության վրա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարելիք այցից եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելուց առաջ Հայաստանին այսպես շանտաժի ենթարկելը կարող է Մոսկվային շատ թանկ նստել, ընդհուպ` ողջ հարավկովկասյան տարածաշրջանում իր ազդեցությունը կորցնելու չափ: Կարիք չկա, կարծում ենք, Կրեմլին հիշեցնելու, որ իր փորձագիտական շրջանակների ադրբեջանական վոյաժներին ուշիուշով հետեւում են ոչ միայն Հայաստանում, այլեւ Արեւմուտքում, որտեղ առանձնապես ոգեւորված չեն ո՛չ ռուս-թուրքական, ո՛չ ռուս-ադրբեջանական եւ ո՛չ էլ, առհասարակ, Ռուսաստանի մասնակցությամբ որեւէ մերձեցումից: Մոսկվան, հետեւաբար, իր փորձագետներին Ադրբեջան գործուղելուց առաջ պետք է նաեւ չափը չանցնելու հրահանգ տար, որպեսզի իր միակ ռազմավարական դաշնակից Հայաստանում գոնե գլուխ չբարձրացնեին հակառուսական տարրերը:

Եվսեեւի կարծիքով` Հայաստանը պետք է կողմնորոշվի` Ռուսաստա՞նը, թե՞ Արեւմուտքն է իր հիմնական գործընկերը կոմպլեմենտար քաղաքականությունում: Եվ եթե Հայաստանի հիմնական գործընկերն Արեւմուտքն է, իսկ Ռուսաստանը միայն լրացնող դեր է կատարում, ապա Ռուսաստանից կարելի է տարբեր գործողություններ սպասել: Նախ նկատենք, որ մեր պարագայում կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը չի ենթադրում խաղ` տարբեր գործընկերների միջեւ եղած հակասությունների վրա: Հայաստանը փոքր երկիր է` սեփական նախաձեռնությամբ գերտերությունների եւ համաշխարհային ուժային կենտրոնների միջեւ գզվռտոց գցելու համար: Խնդիրը, սակայն, միանգամայն այլ է, երբ գերտերություններն ու ուժային կենտրոններն են առանձին երկրների ներքաշում իրենց քաղաքական նկրտումների մեջ` ուղղակիորեն սպառնալով նրանց անվտանգությանը: Ի վերջո, ո՛չ ՆԱՏՕ-ն ենք մենք ստեղծել եւ ո՛չ էլ ՀԱՊԿ-ն, ո՛չ ԵՄ-ն եւ ո՛չ էլ` ԵԱՏՄ-ն: Փոխարենը` Հայաստանի թե՛ նախկին եւ թե՛ ներկա իշխանությունները քանիցս հայտարարել եւ ընդգծել են, որ արտաքին քաղաքականության մեջ չեն անելու քայլեր, որոնք կհակասեն իր ռազմավարական դաշնակցի եւ մյուս գործընկերների շահերին:

Զարմանալիորեն, Հայաստանի այդ հայտարարություններն ավելի մեծ ընկալում են ունենում Արեւմուտքում, քան նրա ռազմավարական դաշնակցի մայրաքաղաքում: Կարելի է նույնիսկ կոնկրետ օրինակներ բերել: ԱՄՆ-ն, դիցուք` իրանական ապրանքների արտահանման գլոբալ շրջափակման տարիներին աչք էր փակում Մեղրիով իրականացվող առեւտրի վրա, որովհետեւ դա Հայաստանի կյանքի ճանապարհն էր: Մինչդեռ ռուս-վրացական պատերազմի ժամանակ մեր ռազմավարական դաշնակիցը միայն վերջում հիշեց, որ դեպի Հայաստան բերող ճանապարհն անցնում է Վրաստանով: Երբ ՄԱԿ-ում քվեարկվում էր Ղրիմը ռուսական տարածք ճանաչելու հարցը, եւ Հայաստանը կողմ քվեարկեց, Արեւմուտքը դրանից մեծ տրագեդիա չսարքեց, որովհետեւ հասկանում էր Հայաստանի կացությունը` կապված ԼՂՀ հարցի եւ Մոսկվայից եկող ճնշումների հետ: Մոսկվայում, իհարկե, համարում էին, որ դա այդպես էլ պետք է լիներ, սակայն ճիշտ կանեին, եթե փորձեին մի փոքր ավելի մտածել, թե ինչու էին Թուրքիան եւ Ադրբեջանը դեմ Ղրիմը Ռուսաստանին միացնելուն:

Արժե՞ կրկին հիշեցնել, թե քանի անգամ է Հայաստանը ՀԱՊԿ-ում հարց բարձրացրել այն մասին, որ այդ կազմակերպության որոշ երկրներ միջազգային հարթակներում երբեմն-երբեմն դեմ են քվեարկում նույն կազմակերպության անդամ Հայաստանին: Մոսկվան երբեւէ հետեւություններ արե՞լ է Հայաստանի այդ նախազգուշացումներից:

Գալով Եվսեեւի այն դիտարկմանը, թե Հայաստանի այս կամ այն պահվածքի դեպքում Մոսկվայից պետք է տարբեր գործողություններ սպասել, կարելի է ասել, որ դա մեծ երկրի թուլության նշան է նաեւ: Ռազմավարական կրտսեր գործընկերոջ հետ շանտաժի լեզվով չեն խոսում եւ, մանավանդ, փորձագետներին դեսանտ չեն իջեցնում Ապրիլյան պատերազմի ժամանակ ագրեսորի նվաճած բարձունքի վրա ու այնտեղից հաթաթա չեն տալիս: Այսքանից հետո մնում է խոստովանել, որ ադրբեջանական նավթադոլարներից շլացած Մոսկվան է եղել այդ քառօրյա պատերազմի կազմակերպիչն ու հրձիգը: Այսինքն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռուսական շատ հետաքրքիր կոմպլեմենտար քաղաքականության հետ գործ ունենք մենք այս պահին, եթե չասենք՝ ռուսական արկածախնդրության, որը որեւէ աղերս չունի ռազմավարական գործընկերության հետ:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X