2010թ․ ներկայացրած զեկույցը պետք է հիմք դառնար ՀՔԾ-ի համար․ Անդրանիկ Քոչարյան

Մարտի 1-ի ողբերգական դեպքերից տասը տարի անց, 2018թ․ հուլիսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունը տարածել է հանրության համար երկար սպասված մի հայտարարություն։ Հայտարարության մեջ նշված է, որ 2008թ․ մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննություն կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի եւ այլ անձանց կողմից 2008թ․ փետրվարի 23-ից մինչեւ նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ։ Քրեական գործը միացվել է 2008թ․ մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործին։ Կայացվել է որոշում Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300․1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը։ Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հայտնի դարձավ նաեւ, որ ՀՔԾ-ն «Մարտի 1-ի դեպքերի» գործով հարցաքննության է հրավիրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն, փոխանցել է, որ նա հարցաքննության հրավիրվելու ծանուցում չի ստացել, եւ, բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը հանրապետությունում չէ։

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամ (հիշեցնենք, որ այդ խումբը լուծարվեց Սերժ Սարգսյանի որոշմամբ) Անդրանիկ Քոչարյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Միքայել Հարությունյանին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ որոշմանը, հիշեցրեց, որ հենց պաշտպանության նախկին նախարարն է 2008թ․ փետրվարի 23-ին ստորագրել հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ», որում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակը ապակայունացնող քաղաքական ուժեր», և «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը տեղափոխվել է զորանոցային վիճակի: «Փաստահավաք խմբի զեկույցն ամբողջովին Հատուկ քննչական ծառայությունը վերցրել է որպես հիմք եւ մեղադրական է ներկայացրել Միքայել Հարությունյանին։ Եվ շատ ճիշտ է վարվել։ Այդ զեկույցը 2010թ․, երբ մենք ներկայացրել էինք, պետք է հիմք դառնար քննչական խմբի, ՀՔԾ-ի համար։ Սակայն այն ժամանակ իրենք դա չընդունեցին։ Ինչպես կանխատեսել էինք՝ միայն իշխանափոխությունից հետո մեր ձեռք բերած փաստերը դարձան իրավական գործողությունների հիմք։ Եվ այսօր ես ուրախ եմ, որ մեր զեկույցը դարձավ Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող իրավական գործընթացի սկիզբը»,- նշեց մեր զրուցակիցը։ Հարցին, թե իրավապահ համակարգը կարող է ամբողջությամբ բացահայտել Մարտի 1-ը՝ չշրջանցելով ոչ մի պաշտոնատար անձի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե շարժվում ենք օրենքի տառին համապատասխան, ապա գործընթացը պետք է լինի մինչեւ վերջ, եւ ովքեր մասնակցել են ապօրինություններին, շինծու գործերին, բոլորը պատասխան են տալու։ Այսօր դրվեց այդ գործընթացի սկիզբը։ Այս տարի ես նորից ԱԺ լսումների ժամանակ դատախազությանը ներկայացրեցի փաստահավաք խմբի վերջին զեկույցը՝ ասելով, որ եթե փաստեր են ուզում, թող վերցնեն այդ փաստերը։ Եվ իշխանափոխությունից հետո ՀՔԾ-ն գնում է ճիշտ ճանապարհով»։

Պե՞տք է վերականգնվի փաստահավաք խումբը։ «Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, եթե իրավապահ մարմիններն օրենքի համապատասխան իրականացնեն իրենց գործառույթները։ Երբ նրանք չիրականացնեն այդ գործառույթները, կառաջանա նման խնդիր»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Փաստահավաք խմբի մեկ այլ անդամ Սեդա Սաֆարյանն էլ կարծում է, որ եթե ՀՔԾ-ն 2009թ․ ընտրեր նույն գործեալոճը, ապա ավելի լավ արդյունքներ կունենայինք։ «Շատ ավելի մոտիկ էինք այն ժամանակ Մարտի 1-ի իրադարձություններին, շատ ավելի թարմ էին հիշողությունները, մեր տրամադրած բազան բավարար կլիներ, որ շատ հարցերի պատասխան ստանայինք։ Մենք գիտեինք, որ փաստահավաք խմբի նյութերը գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում, եւ այդ զեկույցներում ներառված փաստերն էլ արժանացել են ուշադրության։ Կարծում եմ, այս տեսանկյունից ուղղությունը ճիշտ է ընտրված, ակնկալում եմ, որ դրական ելք կապահովվի։ Այն, ինչ արվում է, քայլ է, որպեսզի վստահություն առաջանա նախաքննական մարմնի նկատմամբ։ Կան մարդիկ, որոնք սպասում են այդ գործընթացին, որպեսզի մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ իրենց հայտնի տեղկությունները հաղորդեն։ Այս տեսանկյունից տեսնում եմ դրական տեղաշարժ»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X