Լոռու մարզպետարանում բաժինները չեն կարողանում կիսել․ լարվել են մարզպետի և փոխմարզպետի հարաբերությունները

Լոռու մարզպետարանում նոր մարզպետ եւ փոխմարզպետներ նշանակելուց հետո ամեն ինչ գլխի վայր կարծես շուռ է եկել։ Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից նշանակված 2 փոխմարզպետների՝ Անդրեյ Ղուկասյանի, Արամ Խաչատրյանի եւ ԲՀԿ-ական մարզպետ Հրանտ Մարգարյանի ջրերը մեկ առվով չեն հոսում։ Օրերս էլ Ղուկասյանը մամուլի ասուլիսով էր հանդես եկել՝ մի շարք սկանդալային հայտարարություններ անելով։ Նա Մարգարյանին մեղադրել էր պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Ղուկասյանը նշեց՝ իրենց եւ Հրանտ Մարգարյանի տարաձայնությունները կարծես թե հարթվում են․ «Իհարկե, զրուցել ենք, դե կան հարցեր, հիմա նորմալ է, հետագա աշխատանքը ցույց կտա։ Հարցեր կան, որոնք աշխատանքային պայմաններում լուծելի են»։

-Ձեր հայտարարությունների մասին խոսե՞լ եք, իրավապահներն արձագանքե՞լ են։

Ճիշտն ասած, տեղյակ չեմ իրավապահների գործողություններից, բայց փաստը, որ ես նկարագրել էի, դա իրականություն է, Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենն էլ նույնը հաստատեց, նախարարն էլ էր այցելել։ Նման դրսեւորումներ եղել էին, հիմա չգիտեմ՝ ընթացք կա՞, թե՞ չկա։

-Հետագա աշխատանքը մարզպետի հետ տեսնո՞ւմ եք։

Իհարկե, տեսնում եմ, օրենքի եւ իրավունքների պարտականությունների շրջանակներում։ Դա եւ ինձ է վերաբերվում, եւ մարզպետին։ Ինչը, որ նկատել եմ, բարձրաձայնել եմ, հարցեր կան, որ անմիջապես իր հետ ենք դա քննարկում։ Ժամանակը ցույց կտա՝ կախված մարզպետի աշխատանքներից, եթե նկատեմ ինչ-որ բաներ, որոնք նորից բարձրաձայնելու կարիք լինի, անպայման կբարձրացնեմ։

-Պարոն Ղուկասյան, դուք դժգոհություն ունեիք, որ լինելով բժիշկ, մարզպետը Ձեզ հանձնարարել է այլ ոլորտով զբաղվել։ Այդ խնդիրը լուծվե՞ց։

Այո, մեր բարձրաձայնելուց հետո որոշումն արդեն փոխել է, առողջապահության բաժինը ինձ է հանձնվել։ Բայց էնտեղ էլի բաժինների հետ կան հարցեր, որոնք կքննարկենք, կտեսնենք։ Համենայնդեպս, այս պահի դրությամբ առողջապահությունը իմ վերահսկողության ներքո է։ Նախկինում հանձնարարել էր վերահսկել հողաշինություն ու հողօգտագործում եւ մշակույթ, երիտասարդություն, սփյուռք բաժինները։

-Արամ Խաչատրյանի հետ մարզպետի տարաձայնությունները եւս հարթվե՞լ են։

Արամ Խաչատրյանը բաժինների բաժանման հետ կապված եւս խնդիրներ ուներ։ Իր հարցը մասամբ լուծվեց, բայց դրանք կարծում եմ կփոփոխվեն։

ՀԳ Նշենք, որ Անդրեյ Ղուկասյանիը լրատվամիջոցներին հայտնել էր, թե Հրանտ Մարգարյանը ստիպել է Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրենին հրաժարականի դիմում ներկայացնել՝ այդ պաշտոնում ցանկանալով նշանակել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանի փեսային։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X