Արամ Մանուկյանի արձանի մրցույթը հայտարարվել է կոնկրետ տեղի համար

Հասարակական, քաղաքական գործիչ, Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի շուրջ վերջերս դարձյալ աղմուկ բարձրացավ, որին նախ արձագանքեց Քաղաքաշինության պետական կոմիտեն․ թեեւ նախագահ Էլոյանը հորդորեց դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, բայց, հակառակ այդ հորդորին, հաջորդ օրը արձանը վերջնականապես տեղադրվեց։ Դրան անմիջապես հաջորդեց նաեւ մշակույթի նախարարության հայտարարությունը, որն անընդունելի համարեց առանց իր հետ քննարկման եւ համաձայնեցման արձանի տեղադրման թույլտվությունը։ Ու դա այն դեպքում, երբ մշակույթի արդեն նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանն ու պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն արձանի մրցութային հանձնաժողովի կազմում էին։

Մշակույթի նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես կմեկնաբանի այդ հայտարարությունը, հատկապես որ ինքը եւ Կարո Այվազյանը հանձնաժողովի կազմում էին։ Իր համար զարմանալի չէ՞ր այս հայտարարությունը։ «Լավ կլիներ, որ հայտարարություն անելուց առաջ քաղշինկոմիտեն եւ մշակույթի նախարարությունը տեղեկանային, բայց իրականում այնպես չէ, որ ճշմարտությունը միանշանակ մի կողմն է կամ մյուս կողմը։ Կա խնդիր․ բանն այն է, որ տեղի ընտրությունը լավ կլիներ համաձայնեցվեր մշակույթի նախարարության հետ՝ մինչեւ ընտրությունը, ինչը չի եղել։ Տեղի ընտրությունը մշակույթի նախարարության հետ չի եղել, եղել է այլ ատյաններում՝ քաղաքապետարանի, միգուցե՝ Դաշնակցության, նախաձեռնող խմբի հետ»։

Նախկին փոխնախարարն ընդգծում է՝ մրցույթը հայտարարվել է կոնկրետ տեղի համար, եւ հանձնաժողովականները հավաքվել են արդեն մրցույթի արդյունքները նայելու եւ աշխատանքներն ընտրելու համար։ Ասում է՝ միշտ չէ, որ համակարծիք է եղել գործընկերների հետ։ «Քանդակի ընտրության դեպքում իմ գործընկերը՝ Կարո Այվազյանը, մի փոքր այլ կարծիք ուներ, ես այլ կարծիք ունեի, բայց, համենայնդեպս, Դավիթ Մինասյանի քանդակին եմ ես տվել 2-րդ տեղը՝ առաջին տեղ չտալով ոչ մեկին, եւ, փաստորեն, մյուսների դեպքում էլ մեծամասնությամբ անցավ Դավիթ Մինասյանի քանդակը, որի դեպքում տեղի, միջավայրի համար հնարավորինս նորմալ, լավ լուծումներ են տրված»,- ասաց նա ու ընդգծեց, որ ի սկզբանե արդեն տեղի փոփոխության հնարավորություն չկար, քանի որ մրցույթը հայտարարված էր հենց այդ տեղի համար։ «Ոչ թե հանձնաժողովը տեղն է ընտրում, այլ տեղի հետ կապված է մրցույթը հայտարարվել։ Իհարկե, կա խնդիր, ու լավ կլիներ, որ մշակույթի նախարարության հետ գրավոր համաձայնեցված լիներ դա»։

Սամուելյանի համար կարեւոր է եղել նաեւ այն հանգամանքը, որ համալիրի համահեղինակ Մկրտիչ Մինասյանը տվել է իր համաձայնությունը տարածքում արձանը տեղադրելու համար։

Նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանը կարող է հանդիսանալ խորհրդահայ ճարտարապետության 20-րդ դարի մոդեռնիզմի նվաճում հանդիսացող կառույցներից մեկը, որի համար սկսվել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու գործընթաց: Ու մինչ այդ գործընթացն սկսելը այդ հուշարձանի վրա մի նոր հուշարձան կառուցվեց, որը շատերի կողմից վանդալիզմ որակվեց, եւ, ինչպես քաղշինն էր հայտարարել՝ շինարարությունն ընթացել է քաղաքաշինական նորմերի խախտումներով։

Սամուելյանը նշում է, որ թեպետ այն հուշարձան չէ, բայց մետրոյի կայարանները, որպես մոդեռնիզմի նմուշ, իհարկե, պետք է արժեւորվեն եւ ստանան հուշարձանի կարգավիճակ, որը մի քիչ երկարատեւ գործընթաց է։ Ավելին, ըստ նրա, մոտ 650 հուշարձան ունի նորահայտի կարգավիճակ, եւ սպասում են «Հուշարձանների պահպանության մասին» օրենքում որոշակի փոփոխությունների, որպեսզի դրանից հետո հնարավոր լինի այդ նորահայտ հուշարձանները մտցնել ցուցակի մեջ։ «Այսքան տարի մենք կարգավորել ենք այդ պրոցեսը եւ փորձել ենք առաջ տանել»,- ասում է նա ու նշում, որ, միանշանակ, դրական է վերաբերվում պատմական հուշարձանների ցանկը նորերով համալրելու վերաբերյալ նախարարության վերջին հայտարարությանը․ «Ինչքան շուտ պահպանվի, այնքան՝ լավ․ թե՛ մարդածին խնդիրներից զերծ կմնա, թե՛ բնածին խնդիրներից»։

Այն, որ հանձնաժողովի անդամներից շատերը բարձրաձայնեցին, որ խախտումներով է ընթացել մրցույթը, ինքը չի նկատել նման բան․ «Մի հոգի է ասում դա, երեւի թե ամեն մեկն իր թեկնածուներն ուներ։ Մենք ապրում ենք փոքր երկրում, փոքր քաղաքում, որտեղ բոլորն իրար ճանաչում են, եւ, բնականաբար, արդեն բոլորս գիտեինք՝ ով, ում, ինչ, ոնց։ Ես խախտում չեմ նկատել, ես 2 անգամ էլ եկել եմ, առաջին անգամ իմ ընտրած 3 տարբերակներից ոչ մեկը չմտավ առաջին եռյակի մեջ, 2-րդ անգամ մարդիկ կային, ովքեր աշխատել էին, զարգացրել էին իրենց աշխատանքները, եւ մենք տեսանք արդյունքը»։

Հիշեցնենք, որ դեռ մայիսի 23-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը որոշակիորեն հետաձգվում է, սակայն արձանի տեղադրման օրը հեղինակը՝ քանդակագործ Դավիթ Մինասյանը, մեզ ասել էր, որ եթե չլիներ ներկայիս վարչապետի հավանությունը, արձանը չէր տեղադրվի։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X