Ապօրինի հարստացման համար պատիժը մեղմ է՝ 3-6 տարի, գույքի բռնագրավմամբ

Ուղիղ մեկ տարի է՝ ունենք «Ապօրինի հարստացման մասին» ՀՀ օրենք: 2017 թվականի հուլիսի 1-ից ապօրինի հարստացումը համարվեց քրեական հանցագործություն: Օրենքի մշակումը, որին լծվել էր այն ժամանակվա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր անձնակազմով, նաեւ Իրավաբանների հայկական ասոցիացիան՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում, ներկայացվում էր որպես հակակոռուպցիոն լուրջ քայլ:

Սակայն ո՛չ Արփինե Հովհաննիսյանը, ո՛չ էլ ՀՀԿ-ական պատգամավորները, որոնք քվեարկում էին ապօրինի հարստացումը քրեականացնելու օգտին, չէին պատկերացնի, որ առաջին մեղադրանքներն այս նոր օրենքով առաջադրվելու են ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին, Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն Սարգսյանին եւ նրա զավակներին: Խուզարկությունների արդյունքում նրանց պատկանող չհայտարարագրված ահռելի գույք, գումարներ եւ ավանդներ են գտել: Վերանալով կոնկրետ դեպքերից՝ այս մեղադրանքի վերաբերյալ մի քանի հարց տվեցինք իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանին:

- Ե՞րբ կարելի է մարդուն մեղադրել ապօրինի հարստացման համար: Ի՞նչ պատասխանատվություն է սահմանվում դրա համար:

Ապօրինի հարստանալու՝ որպես հանցավոր արարքի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածով Քրեական օրենսգիրքը լրացնելու մասին օրենքն ուժի մեջ է մտել 2017 թ. հուլիսի 1-ից: Ըստ այդ օրենսգրքի 310.1. հոդվածի՝ ապօրինի հարստանալու տակ նկատի է առնվում այն, որ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվում է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի այնպիսի գույքի ավելացում եւ (կամ) պարտավորությունների նվազում, որոնք էականորեն, այսինքն՝ 5 մլն ՀՀ դրամին գերազանցող չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները եւ ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, եւ եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են: Այս արարքի համար պատասխանատվությունը, ըստ էության, նվազագույն երաշխիք է, որպեսզի մեծ չափերի հասնող ապօրինի եկամուտների պարագայում, եթե ինչ-ինչ հիմքերով հնարավոր չէ համարժեք բացահայտել դրա եղանակներն ու աղբյուրները, անձն առնվազն ենթարկվի պատասխանատվության ապօրինի եկամուտներ ունենալու փաստի հիմքով: Այս արարքի համար նշված հոդվածով սահմանված է 3-6 տարի ժամկետով ազատազրկում, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Նախագծով սկզբնական փուլում նախատեսված էր առավել խիստ պատիժ՝ 5-10 տարի, ինչը, իմ կարծիքով, առավել հիմնավորված էր, սակայն ընտրվեց հիշյալ մեղմ տարբերակը: Խնդիրն այն է, որ այդչափ մեծ չափի ապօրինի եկամուտներ ձեռք բերելու հիմնական տեսակների համար քրեական օրենսդրությամբ նախատեսված է անհամեմատ խիստ պատիժ, ուստի տրամաբանական կլիներ, որպեսզի ապօրինի հարստանալու համար պատիժն առնվազն մոտ լիներ նշված պատժաչափերին:

- Եթե մարդն ասում է, որ մոռացել է հայտարարագրել ինչ-որ գումար, սա բավարա՞ր հիմք է նրան մեղադրելու համար:

Հայտարարագրի մեջ անզգուշությամբ որեւէ տվյալ սխալ կամ ոչ ամբողջական ներկայացնելն առաջացնում է սոսկ վարչական պատասխանատվություն, սակայն դա բնավ չի բացառում նույն անձին, այնուամենայնիվ, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության ենթարկելը, քանզի վերջինիս հատկանիշները, եթե հակիրճ արտահայտվեմ, որեւէ առնչություն չունեն հայտարարագրի բովանդակության հետ, պարզապես համադրվում են օրինական եկամուտները եւ փաստացի առկա ապօրինի միջոցները, ինչն էլ բավարար հիմք է պատասխանատվության ենթարկելու համար: Քրեական օրենսգրքով հայտարարագիրը պարզապես նշվում է, որպեսզի սոսկ հստակեցվի այդ արարքի համար պատասխանատվության սուբյեկտների շրջանակը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Մեկնաբանություն
X