Կարեն Կարապետյանի աչքին Գյումրին հմայքը կորցրե՞լ է

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրապետության երկրորդ քաղաքի հետ մեծ հույսեր էր կապում, պատմամշակութային արժեքներով հարուստ Գյումրին, ըստ վարչապետի, շուտով վերածվելու էր Հանրապետության խոշոր տուրիստական քաղաքներից մեկի։ Կարեն Կարապետյանի՝ «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու ծրագրի շրջանակում էլ վերակառուցվեց Ռուսթավելիի փողոցը, իսկ ահա Շիրազի փողոցի վերականգնման աշխատանքները նախատեսված էր սկսել Ռուսթավելիից հետո: Վարչապետի ցանկությունն էր փողոցը կարմիր գույնով ասֆալտապատել: Հենց այս պատմական տարածքում՝ «Կումայրի» արգելոցում էլ սեփական հյուրանոցն է կառուցում նախկին վարչապետը։

Նկատենք, որ Կարեն Կարապետյանի ընտանիքին պատկանող հյուրանոցառեստորանային համալիրի շինարարական աշխատանքները նույնպես նախկինի նման մեծ թափով չեն ընթանում: Նախկին վարչապետի աչքին Գյումրին հմա՞յքն է կորցրե լ, թե՞ երկրում իրադրության փոփոխությունից թևաթափ է եղել: Մեր տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանը պաշտոնաթողությունից հետո նախկինի նման ոգևորված չէ ընթացող շինարարական աշխատանքներով: Անգամ սեփական օբյեկտի կառուցման համար այլևս անձամբ չի գալիս ու հետաքրքրվում․ տեղեկություններ ճշտելու նպատակով մարդիկ է ուղարկում: Մինչդեռ պաշտոնավարման ընթացքում նա Գյումրի հաճախ էր այցելում, շրջելով փողոցներով, հիացմունքը զսպել չկարողանալով՝ բացականչում էր՝ ֆանտաստիկա : Ուշագրավ է, որ երկրում իշխանափոխությունից հետո «Կումայրի» արգելոցի զարգացման ծրագիրը կարծես սառեցված է։

«Կումայրի» արգելոցի զարգացման ծրագրի մասին մեզ տեղեկություններ հայթայթել չհաջողվեց, քանի որ համացանցում բացակայում են տվյալները: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ թեև հայտարարել է, որ ծրագրի աշխատանքները դադարեցված չեն, այնուամենայնիվ Շիրազի փողոցում փոփոխություններ են նախատեսվել․ կարմիր ասֆալտ չի փռվելու, ծախսատար է, նշել է քաղաքապետը: Ավելին՝ քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում քաղաքի Ջիվանի, Աբովյան, Ղորղանյան, Վարպետաց փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթին ներկայացված հայտերի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն՝ առաջարկված 439 116.84 եվրո նվազագույն գնով: Շինաշխատանքների թույլտվությունը տրվել է 08.06.2018թ.-ին: Աշխատանքների մեկնարկը վերոհիշյալ փողոցներում տրված է: Նախագծի խորհրդատուն է «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն: Նշված փողոցների մեջ ընդգրկված է նաև այն հատվածը, որը Շիրազի փողոցը Ռուսթավելու հետ է կապում:

Հիշեցնենք, որ մոտ 3 տարի առաջ՝ սահմանադրական հանրաքվեից 2 օր առաջ , նախագահ Սերժ Սարգսյանը իր մոտ էր հրավիրել Սամվել Բալասանյանին եւ հայտարարել, թե 23 մլն եվրո է հատկացնելու քաղաքի փողոցաշինության եւ լուսավորության համար: Նախագահը խոստացած գումարը պետք է հաջորդ օրն իսկ հատկացներ: Իսկ այդ 23մլն-ը Եվրոպական զարգացման բանկը դեռ սահմանադրական բարեփոխումներից ամիսներ առաջ էր պատրաստակամություն հայտնել ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրել ՀՀ կառավարությանը՝ Գյումրին վերակառուցելու նպատակով: Ի վերջո գումարը տեղ հասավ; Սակայն մասնագետների կարծիքով գումարը բավարար չէ նման հսկայածավալ աշխատանքներ իրականացնելու համար:Հաշվարկելով Գյումրու քարուքանդ փողոցների եւ լուսավորությունների վերականգնման ծախսերը՝ շինարար-ճարտարապետների կարծիքով 23մլն եվրոյով հնարավոր կլինի վերակառուցել միայն քաղաքի փողոցների ¼-ը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X