Իմ հետ տանելու եմ հուշանվերներս ու պապուս նկարը. Հրազդանի քաղաքապետը հեռացավ

>

Այսօր Հրազդանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստ: Օրակարգային հարցերից մեկն էլ Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի հրաժարականն էր։

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը դիմեց ավագանու անդամներին, որ կողմ քվեարկեն իր ներկայացրած հրաժարականին. «Իմ հրաժարականը եկել է քաղաքակական իրավիճակի փոփոխությունից: Ես նպատակահարմար եմ գտնում իմ տեղը զիջել նոր ուժի ներկայացուցչին, որը կաշխատի համապատասխան կառույցերի հետ եւ մեծ ներդրումներ կանի: Մեր որոշումներով՝ մենք շատ աշխատանքներ ենք կատարել քաղաքում: Մեր ֆեյսբուքյան էջում կա մեր կատարած աշխատանքները, կարող եք համոզվել, որ մենք բազմածավալ աշխատանքներ ենք կատարել: Իմ համոզմունքներից ելնելով ես ձեզ խնդրում եմ, որ կողմ քվարկեք, առանց հարցերի»,-իր ելույթում ասաց Արամ Դանիելյանը:

Ավագանու նիստի վերջում միայն քաղաքապետի «թանկարժեք» մամուլի խոսնակ Ալվինա Զաքարյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին. «Շնորհակալություն, որ ձեր նման ղեկավար է այսքան տարի ղեկավարել այս համայնքը, այն տարել է դեպի զարգացում: Ինձ համար պատիվ էր աշխատել Ձեզ հետ»:

Ավագանին կողմ քվարկեց, ՀՀԿ-ական քաղաքապետն էլ հրաժեշտ տվեց: Մի քանի հարց ուղղեցինք Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանին:

-Պարո´ն Դանիելյան, մտավախություն չունե՞ք, որ քաղաքապետարանում ստուգումներ կլինեն: Մարզպետը դիմել է նախարարություն եւ ստացել է որոշում ստուգումներ իրականացնելու համար:

-Ամսի 4-ին սկսվելու են ստուգումները, ես խնդիր չեմ տեսնում, դա նորմալ ա:

-Քաղաքապետարանում ստուգումներ իրականացվել են նաեւ ՀՀԿ-ի օրոք, սակայն շատ դեպքերում չարաշահումները կոծկվել են, որոշ գործեր կարճվել:

-Եթե դուք ուզում եք իմանալ, ՀՀԿ-ի օրոք ամենատուժված քաղաքապետը ես եմ ստուգումների առումով:

-Ինչո՞ւ:

-Որովհետեւ ես ե´ւ ընդիմության դեմ եմ պայքարել, ե´ւ իշխանության:

-Հեռանալուց հետո ի՞նչ եք տանելու ձեր աշխատասենյակից:

-Ես իմ աշխատասենյակից ոչինչ չեմ վերցնելու, տանելու եմ հուշանվերներս, մեկ էլ՝ պապուս նկարը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X