Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ․ բացահայտումները կհասնե՞ն նախկին նախագահներին (տեսանյութ)

«Մեկ տարվա ընթացքում են լինելու ընտրությունները»։ Այս մասին այսօր Գլխավոր դատախազության 100-ամյակի միջոցառմանը մասնակցելուց հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետին․ «Կոնկրետ ժամկետը կախված է նաեւ քաղաքական իրավիճակից եւ որոշակի տեխնիկական հարցերից։ Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մեր կուսակցության մասնակցության ձեւաչափին, այժմ քննարկումներ են ընթանում»։

Հարցին՝ հնարավո՞ր է իրավապահ մարմինների բացահայտումները հասնեն նաեւ Հայաստանի նախկին նախագահներին, վարչապետը նշեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են․ «Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Կապ չունի՝ հետաքննությունն ուր կհանգեցնի, դրանից վերաբերմունքը չի փոխվի»։

Անդրադառնալով նաեւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի հնարավորության մասին հարցին՝ Փաշինյանը նշեց, որ դրա վերաբերյալ չի կարող կարծիք հայտնել․ «Ես այդ հարցի վերաբերյալ չեմ կարող որեւէ կարծիք հայտնել, որովհետեւ չեմ կարծում՝ նման իրավասություն ունեմ․․․․Մենք վենդետայի տրամաբանությամբ չենք առաջնորդվելու: Մեր խնդիրն է ապահովել հանրային համերաշխությունը, եւ ես հույս ունեմ, որ դատախազությունը կգնա այդ ճանապարհով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X