Նոր նախագծեր՝ Newmag-ից

2007 թվականից լույս տեսնող newmag ամսագրի կյանքն ընդհատվեց այս տարվա մարտին:

Խմբագրակազմի համար պարզ դարձավ, որ չկան բավարար ֆինանսական ռեսուրսներ, այդ իսկ պատճառով էլ որոշեց զբաղվել գրահրատարակչությամբ: Եվ առաջին գիրքը, որ թարգմանեցին, Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքն էր: Այն թարգմանել են ArmComedy նախագծի հեղինակներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր: Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը իր խոսքում նշեց, որ իրենց նպատակն է հրատարակել հիմնականում ոչ գեղարվեստական համաշխարհային բեսթսելլերներ՝ քաղաքականության, բիզնեսի, ինքնաճանաչման մասին:

Նարեկ Մարգարյանը նկատեց, որ մարդիկ կան, որոնք դժգոհ են վերնագրի թարգմանությունից, իրենք ամերիկյան բառապաշարը փոխանցելիս դժվարությամբ են գտել համարժեք բառեր:

Խմբագիր Գնել Նալբանդյանն էլ պատկերավոր համեմատություն արեց. թարգմանությունը կնոջ մասին պատկերացումների պես է՝ կա՛մ շատ գեղեցիկ պետք է լինի, կա՛մ ինչպես որ կա:

Նա նշեց նաեւ, որ անգլերենից թարգմանությունն իրենք համեմատել են հունարենի, ասորերենի, այլ լեզուների հետ: Իսկ գիրքը, ըստ նրա, կարեւորի վրա ուշադրությունը կենտրոնացնելու մասին է:

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեց books.newmag.am կայքը, որի միջոցով հնարավոր է օնլայն պատվիրել newmag-ի գրքերը: Իսկ ահա newmag-ի եւս մեկ առցանց նախագծում՝ bestseller.am կայքում ներկայացվելու են հայալեզու եւ ռուսալեզու ամենաթարմ եւ բեսթսելլեր դարձած գրքերը:

Մեկնաբանություն
X