Կոռուպցիոն չարաշահումների փոքր մասն է բացահայտվել․ տնտեսագետ

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նոր Ընտրական օրենսգրքով կուսակցությունների համար չորս տոկոս, իսկ դաշինքների համար վեց տոկոս անցողիկ շեմ ամրագրելը նորմալ է գնահատում։ «Հույս ունենք, որ ընտրությունները կանցնեն նորմալ, եւ շատ քաղաքական ուժեր կամ դաշինքներ ԱԺ մուտք գործելու հնարավորություն կունենան»,- ասաց Վահագն Խաչատրյանը։ Հետաքրքրվեցինք, թե Նիկոլ Փաշինյանն տնտեսագետին չի՞ առաջարկել՝ աշխատելու իր կաբինետում՝ հաշվի առնելով, որ 2007 թվականից իրենք անցել են համատեղ ճանապարհ։ «Ամեն մեկս մեր տեղում աջակցում ենք, այն, ինչ անում ենք, արդեն աջակցություն է»,- ասաց տնտեսագետը։

Թե ինչով է աջակցում նոր կառավարությանը՝ տնտեսագետը մանրամասնեց․ «Տարբեր հարթակներում ԶԼՄ-ների միջոցով իմ մեկնաբանությունները, վերլուծություններն ու առաջարկություններն եմ ներկայացնում»։ Հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել ԱԺ ապագա ընտրություններին, Վահագն Խաչատրյանն արձագանքեց․ «Այս պահին՝ ոչ»։ Իսկ ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ։ «ՀԱԿ-ի մասնակցության հարցը դեռ չի քննարկվել»,- նշեց մեր զրուցակիցը։

Տնտեսագետը նշում է, որ հանրության սպասելիքները մեծ են Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունից, եւ սկանդալային բացահայտումները ապացուցում են, որ Հայաստանում վերից վար գործել է կոռումպացված համակարգ, ինչի մասին իրենք ահազանգել են տարիներ շարունակ։ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ կոռուպցիոն չարաշահումները պետք է շարունակվեն բացահայտվել, քանի որ դեռ փոքր մասն է բացահայտվել։ «Պետք է ներկայացվեն այն կոռուպցիոն սխեմաները, մեխանիզմները, թե ոնց են վատնվել պետական միջոցները»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեկնաբանություն
X