Բացի Փաշինյանի և Ծառուկյանի կողմնակիցներից՝ մյուսների նկատմամբ կա լուրջ վերապահում․ քաղաքագետ

Ապրիլյան հեղափոխությունից հետո հանրային շրջանակներում սկսեց արծարծվել այն հարցը, որ ԱԺ արտահերթ լեգիտիմ ընտրությունների անցկացման համար պետք է նախ՝ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, նաեւ՝ փոփոխվի Ընտրական օրենսգիրքը։ Քաղբանտարկյալների մեծ մասն այսօր ազատության մեջ է, Ընտրական օրենսգրքում էլ եղել են փոփոխություններ։ Այս ամենից հետո հետաքրքիր է, թե քաղաքական ուժերի ինչպիսի դասավորվածություն կարող ենք ակնկալել ապագա ԱԺ-ում։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նկատում է, որ կառավարությունը ներկայացրել է նոր Ընտրական օրենսգիրք, համաձայն որի՝ կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանում չորս տոկոսը։

«Կարծում եմ, որ սա ճիշտ քայլ է եւ նպատակ է հետապնդում ավելի խայտաբղետ քաղաքական պառլամենտ ունենալու համար։ Չեմ կարող ասել, թե որքանով դա կդառնա իրականություն, բայց այդ դրանք ճիշտ ուղղությամբ արված քայլեր են։ Հուսանք, որ ապագա ընտրությունների ժամանակ մենք կունենանք իսկապես հասարակության տարբեր շերտերը ներկայացնող քաղաքական միավորումներ, որոնք ավելի պրոգրեսիվ կներկայացնեն այսօրվա հասարակական տրամադրությունները»,- ասաց քաղաքագետը։ Երվանդ Բոզոյանի հավաստմամբ՝ այսօրվա պահին միայն երկու քաղաքական ուժի մասին կարող ենք վստահաբար ասել, որ կլինեն ապագա խորհրդարանում․ դրանք Նիկոլ Փաշինյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցներն են։ Իսկ մյուս քաղաքական ուժերի պարագայում, ըստ նրա, կա լուրջ վերապահում։

«Կարծում եմ, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կստեղծվեն նոր քաղաքական միավորներ, հներն էլ «ռեստարտ» կարվեն եւ գալիք ընտրությունների ժամանակ կունենանք տարբեր շրջանակներ ներկայացնող ուժեր»,- ասաց քաղաքագետը։ Հետաքրքրվեցինք, թե Դաշնակցությունն ունի՞ շանս՝ տեղ գտնելու ապագա խորհրդարանում, թե՞ նրան կփոխարինեն Ժիրայր Սեֆիլյանն ու իր համախոհները՝ որպես ազգայնական գաղափարներ կրող ուժ։

«ՀՅԴ-ն միշտ ունեցել է իր ընտրազանգվածը, որը մոտավորապես հինգ տոկոսի տիրույթում է, չորս տոկոսի շեմը հաղաթահարելու հնարավորություն, կարծում եմ, որ այդ կուսակցությունն ունի։ Ինչ վերաբերում է Ժիրայր Սեֆիլյանին եւ իր համախոհներին, ապա կարծում եմ, որ եթե նրանք ճիշտ եւ գրագետ աշխատեն, ապա հնարավորություն կունենան ներկայացված լինել խորհրդարանում»,- արձագանքեց Երվանդ Բոզոյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X