Մի Խանումյան է շրջում…

Երկու տարի առաջ, երբ Սամվել Բաբայանին պաշտպանության նախարար նշանակելու «համաժողովրդական պահանջի» ակցիա կազմակերպող՝ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը ծեծի ենթարկվեց, տողերիս հեղինակը գրեց ,,Հայկի առասպելը,, վերտառությամբ հոդված, որտեղ այսպիսի հարցադրումներ էր անում. «Ո՞վ է հյուսել Հայկի՝ քաղաքական անբասիր գործչի, Արցախի նվիրյալի, ազգային պահանջատիրոջ առասպելը: Ի՞նչ շրջանակների է ձեռնտու, որպեսզի ապրիլյան չորս օրերի արյունալի մարտերը ներկայացվեն որպես «թեթեւ վարժանք»: Վերջապես, ո՞վ է շահագրգռված, որ Արցախում հասարակությունը ռադիկալացվի մինչեւ «մահապարտություն»: Հայկ Խանումյանը կարողացե՞լ է լուծել դրված խնդիրը»:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր առեղծված է մնում, թե ինչպե՞ս է Արցախին եւ արցախցուն բացարձակապես անծանոթ մի երիտասարդ կուսակցություն ստեղծում եւ 2015-ի ընտրություններում հաղթահարում 5 տոկոսի շեմը, հայտնվում խորհրդարանում, ինքն իրենով խմբակցություն ստեղծում եւ հայաստանյան մաս-մեդիա կողմից հռչակվում «միակ ընդդիմադիր պատգամավոր»: Բայց, ինչպես ասում են՝ հաղթողներին չեն դատում, իրական քաղաքականության մեջ Հայկ Խանումյան անունով գործիչը կա եւ պետք է ընդունել, որ ունի համակիրների որոշակի շրջանակ: Այդուհանդերձ , բաց է մնում մի հարց. ու՞մ համար է նա փորձում դեպի ամենավերին իշխանություն ճանապարհ հարթել: Ակնհայտ է, որ նա իրեն չի տեսնում նախագահի պաշտոնում:

Առնվազն՝ այս պահին: Եւ, ուրեմն, ո՞վ է Հայկ Խանումյանի արմատական ընդդիմադիր կեցվածքի շահառուն: Սամվել Բաբայա՞նը: Բայց նա հայտարարել է, որ ներկա փուլում Արցախում անելիք չունի, քանի դեռ Հայաստանի իշխանությունը նման որոշում չի կայացրել: Բացի այդ, Բաբայանի պարագայում կա սահմանադրական արգելք՝ վերջին տասը տարիներին նա Արցախում մշտապես չի բնակվել: Խանումյանն ասում է, որ Արցախի նախագահի պաշտոնում պետք է ընտրվի ոչ կուսակցական, հանրային մեծ վստահություն վայելող գործիչ, որի հիմնական անելիքը գալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդար, ազատ եւ թափանցիկ անցկացումը պիտի լինի:

Ընդ որում, ըստ Խանումյանի, նա 2020թ. չպետք է առաջադրվի նախագահի թեկնածու, մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Խանումյանը նաեւ ասում է, որ 2017թ. սահմանադրական քարոզարշավ իրականացրած Արցախի ժողովրդավարական եւ Ազատ հայրենիք կուսակցությունները չեն կարող նախագահի թեկնածու առաջադրել:

Այսպիսով նա շատ նկատելիորեն նեղացնում է քաղաքական ընտրության միջակայքը՝ բաց թողնելով ՀՅԴ Արցախի կառույցի եւ Շարժում 88 կուսակցության հնարավորությունը: Պե՞տք է ենթադրել, որ գոյություն ունի մի երրորդ ուժ, որն ընդհատակից խրախուսում, ուղղորդում է Հայկ Խանումյանին, հովանավորում նրա արմատական կեցվածքը: Եթե իրավիճակին մոտենանք այս տրամաբանությամբ, ապա հունիսի 28-ի միջադեպը կտեսնվի այլ լույսի ներքո: Այսինքն, Ժաննա Գալստյանի զայրույթի եւ հայհոյանքների իրական հասցեատերը, գուցե, Հայկ Խանումյա՞նը չէ, այլ՝ նրա քաղաքական պատրո՞նը: Բայց ո՞վ է Նա:

Կա՞, թե՞ գոյություն ունի միայն երեւակայության մեջ՝ ահա Արցախի ներքաղաքական կյանքի ինտրիգը, եթե նկատի ունենանք, որ գործող նախագահի հրաժարականը պահանջող մեկ այլ ուժ՝ «Լույս Արցախին» շարժումն էլ իր հերթին դնում է քաղաքական հարթակ ձեւավորելու եւ անցումային փուլում նախագահի կոնսենսուսային թեկնածուի խնդիրը լուծելու պահանջ:

Ընդ որում, Խանումյանը հայտարարում է, որ չի համագործակցի «Լույս Արցախին» շարժման հետ, եւ դա «փոխադարձ սեր է»: Քաղաքական ուժերը, առանձին խմբերն ու խմբավորումները տոգորված են այն տեսլականով, որ 2020թ.-ին Բակո Սահակյանը նախագահի պաշտոնը թողնելու է: Բայց մինչ այդ պետք է երեւակվի, թե ով է լինելու պետության ղեկավարի պաշտոնի ֆավորիտ հավակնորդը: Այս իմաստով ի՞նչ տագնապներ ունի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որ այդքան անհանդուրժողական է Հայկ Խանումյանի նկատմամբ՝ ի տարբերություն խորհրդարանական մյուս ուժերի: Փաստորեն Արցախում մի Խանումյան է «շրջում» եւ խառնում բոլորի հաշիվները: Իսկ խորքային հակասությունները, ներքին լարվածությունը դրսեւորվում են խորհրդարանական սկանդալով: Ու՞մ է ձեռնտու, որպեսզի ամեն ինչ հանրայնորեն ընկալվի հենց այդ՝ երկու անձնավորության միջեւ փոխադարձ հայհոյախոսության, «բնիկի» եւ «գյալմայի» դիմակայության կտրվածքով…

Մեկնաբանություն
X