Վազգեն Սարգսյանի առաջարկով եմ Մանվել Գրիգորյանին նշանակել բրիգադի հրամանատար

Այս օրերին Երեւանում գտնվող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը պատասխանում է «Հրապարակ» օրաթերթի հարցերին:

-Պարոն գեներալ, Դուք մամուլում միշտ քննադատել եք Հայաստանի իշխանություններին, նրանց ներքին եւ արտաքին քաղաքականությունը: Հետահայաց նայելով՝ որո՞նք էին երկու տարի առաջ, ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի բացթողումներն ու սխալները, որոնց չլինելու դեպքում նվազագույն կորուստներ կարող էինք ունենալ:

Դա շատ լուրջ հարց է: Ես երբեք որեւէ իշխանությանը դեմ չեմ եղել: Ես պարզապես գնահատել եմ իրենց գործունեությունը, հայրենասիրությունը, նվիրվածությունը, ռազմական հնարավորություններն ու ռազմական պատրաստվածությունը: Եվ ես միշտ վրդովվել եմ, որ պետական կյանքի այդ կողմերը գտնվել են ստորին աստիճանի վրա: Ես մարդկայնորեն չեմ կարող անտարբեր գտնվել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Հայաստանում եւ Արցախում: Այդ իսկ պատճառով ես միշտ քննադատել եմ, իմ տեսակետները ներկայացրել պաշտպանության, անվտանգության հարցերի վերաբերյալ:

Բոլոր ժամանակներում, բոլոր պետություններում զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ագրեսիայի եւ պաշտպանեն իրենց երկիրը: Ես չորս տարի ծառայել եմ Հայաստանում, ստեղծել ենք բանակ, որը պատասխանել է հակառակորդի ագրեսիային, թույլ չի տվել Արցախի, Զանգեզուրի գրավումը, մուտքը Նախիջեւան: Իսկ Ալիեւն, օրինակ, ասել է, որ Երեւանը, Զանգեզուրը իրենց տարածքներն են, եւ հայերը եկվորներ են: Եվ եթե մի անկախ պետություն նման հայտարարություններ է անում մեկ այլ անկախ պետության հասցեին, դա սպառնալիք է: Ադրբեջանը մեզ անընդհատ սպառնում է պատերազմով, որ դրանք իր տարածքներն են: Նա խախտում է միջազգային իրավունքի նորմերը եւ վիրավորում մեր ազգային արժանապատվությունը:

-Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, ժողովրդավարական ճանապարհով իշխանության են եկել նոր ուժեր, ինչը ակնհայտ առավելություն է տալիս մեզ Ադրբեջանի նկատմամբ: Կարո՞ղ է դա զսպող գործոն դառնալ Ադրբեջանի համար:

Երբ մեզ մոտ եղավ իշխանափոխություն, ձեւավորվեցին նոր իշխանություններ, Ադրբեջանում մտածեցին, որ մեր երկրում քաոս է, այլ քաղաքական համակարգ է ձեւավորվել: Հիմա Հայաստանում այլ նախարարներ են՝ արտաքին գործերի, պաշտպանության, էկոնոմիկայի եւ մյուս ոլորտներում այլ ղեկավարներ են: Եվ նրանք նույնիսկ մամուլում գրում են, որ այդ մարդիկ թեեւ գրագետ են, բայց ամերիկյան, արեւմտյան արժեքների կրողներ են, անգլոսաքսեր են:

Այդ քաոսի մեջ նրանք տեսնում են մեր պետության թուլությունը, անկառավարելիությունը: Եվ այդ իրավիճակում նրանք օգտագործում են ագրեսիան: Մեր պետության ղեկավարությունը պետք է շատ մեծ ուշադրություն դարձնի անվտանգության հարցերին, քանի որ հակառակորդը շարունակում է ամրապնդել իր պաշտպանական համակարգը: Այդ իսկ պատճառով էլ մենք թուլանալու իրավունք չունենք: Իսկ կառավարությունը պետք է գործի լիարժեք, որպեսզի հակառակորդը մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո չտեսնի նահանջ օրենքներից, հայրենասիրության, ռազմական հնարավորությունների անկում:

Պատերազմը Ադրբեջանի քաղաքականության զենքն է: Նրանք շարունակում են այդ քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղն իրենց տարածքն է, որ հայերը նվաճել են այն, չնայած դա սուտ է: Այդ սուտ քարոզչությունն էլ նրանք տարածում են աշխարհով մեկ: Նույնիսկ ՄԱԿ-ն ու ԵԱՀԿ-ն են երբեմն խոսում օկուպացված տարածքներից: Իսկ ես հակադարձում եմ՝ ով է ում օկուպացրել ընդհանրապես: Ադրբեջանի զինված ուժերն են օկուպացրել հայկական տարածքները: 1921թ. հուլիսի 5-ին բոլշեւիկները Արցախի տարածքը հանձնեցին երկրորդ թուրքական պետությանը՝ Ադրբեջանին: Ստացվում է, որ Ադրբեջանը չի նվաճել Արցախը, այն մատուցել են նրան սկուտեղի վրա: Եթե հանրապետությունը դուրս է գալիս ԽՍՀՄ կազմից, ապա կարող է համաժողովրդական ռեֆերենդումի միջոցով ինքնորոշվել: Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է: Նախկին ԽՍՀՄ տարածքներում՝ Մոլդովայում, Աբխազիայում, Վրաստանում, Հարավային Օսիայում ստեղծվեց համանման իրավիճակ, եղավ պատերազմ, ինչը շահարկեցին հզոր երկրները:

-Գեներալ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի հետ կապված կոռուպցիոն բացահայտումները ցնցել են մեր հանրությանը: Վիճարկվում է անգամ նրա՝ հերոս լինել-չլինելու հանգամանքը:

Ես իրավունք չունեմ մեկնաբանել ՀՀ վարչապետի խոսքը: Դա կոռեկտ չի լինի իմ կողմից: Քննչական մարմիններն արել են բացահայտումներ եւ կալանավորել են այդ մարդուն: Դատարանը պետք է ապացուցի նրա մեղքը: Մանվել Գրիգորյանը հերոս է: Ես չորս տարի ծառայել եմ Հայաստանում եւ լավ գիտեմ յուրաքանչյուրին, որը պայքարել է Հայաստանի եւ Արցախի ազատագրության համար: Մանվել Գրիգորյանը կռվել է Արցախի ազատագրման համար, ազնիվ ու բարեխիղճ կատարել է իր պարտականությունները ռազմական գործողությունների ժամանակ:

Վազգեն Սարգսյանի առաջարկով ես Մանվել Գրիգորյանին նշանակել եմ բրիգադի հրամանատար: Նա սպա չէ, նա իր պարտականությունները կատարել է որպես ֆիդայի: Մանվել Գրիգորյանի գործունեության հետ կապված տեսանյութերը, որոնք ցուցադրվել են, պետք է դառնան դատական քննության առարկա: Ինչո?ւ է ամեն ինչ հասել դրան: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ պատերազմի ավարտից հետո մեկնել էի Հայաստանից:

-Քաղաքական ղեկավարության, նախկին երեք նախագահների սխալը կամ մե՞ղքը չէր, որ պատերազմի հերոսներին ներքաշեցին քաղաքականության մեջ, ինչի պատճառով էլ նրանք բազում սայթաքումներ ունեցան: Հենց օրինակ՝ Սամվել Բաբայանը, որին կալանավորել էին «Իգլա»-ի գործով, վերջերս ազատ արձակեցին:

Ճիշտ է: Այդ մարդիկ պետք է շարունակեին մնալ ուժային կառույցներում, բայց ոչ քաղաքականության մեջ: Ես չգիտեմ, թե ինչու նրանք սկսեցին զբաղվել քաղաքականությամբ: Այդ մասին հարցրեք նրանց, ովքեր այդ մարդկանց հետ աշխատել են, նրանց ներգրավել քաղաքական կյանքում: Սամվել Բաբայանը լավ կռվել է, զինվորական գործիչ է, բայց չգիտեմ, թե ինչու ներքաշվեց քաղաքականության մեջ: Լեռնային Ղարաբաղում Սամվել Բաբայանը առաջինը ստեղծեց Իսրայելի տիպի պաշտպանության բանակ: Նա տիրապետում է նաեւ ռազմական գիտելիքների: Չգիտեմ, թե ինչու նրան կալանավորեցին:

-Իր վարչապետության շրջանում Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հասցրել է հանդիպել ՌԴ նախագահ Վ. Պուտինի հետ: Ըստ Ձեզ՝ գոհացնո՞ղ են նոր իշխանությունների օրոք ՌԴ-ի հետ քաղաքական եւ ռազմաքաղաքական հարաբերությունները, երկուստեք հայտարարությունները:

Ես կարդացել եմ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական ԶԼՄ-ներում, որում նա խոսում է եղբայրության, բարեկամության մասին եւ ասում, որ մեր հարաբերություններն ավելի կամրապնդվեն: Նա ճիշտ է, որպես գեներալ ես նրան աջակցում եմ:

-Ըստ Ձեզ՝ մոտ ապագայում նշմարվո՞ւմ է ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկար:

Չեմ տեսնում այդպիսի հեռանկար: Հայկական իշխանությունները, արտգործնախարարությունը չեն կարողանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ապացուցել, որ ԼՂ-ն հայկական տարածք է, եւ այն օտարել են Հայաստանից, Նախիջեւանը հայկական տարածք է: Հնարավոր է, որ նորից լինի պատերազմ: Պետք է ամրապնդել մեր պաշտպանական համակարգը եւ դիվանագիտական ճանապարհով հասնել խնդրի լուծմանը:

-Հայաստանը պատրա՞ստ է պահել պրոֆեսիոնալ բանակ:

Պրոֆեսիոնալ բանակը չի կարող պաշտպանել հայրենիքը, նա ծառայում է վճարովի հիմունքներով: Հայաստանը չունի այնքան գումար, որ պահի պայմանագրային ծառայողների: Հայաստանին պետք են մեծ գումարներ պրոֆեսիոնալ բանակ պահելու համար, իսկ դա լավ արդյունք չի տա: Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր զորակոչիկ պարտավոր է ծառայել հայրենիքին:

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X