Խորհուրդների կարիք ունեցող քաղաքապետը պարզվում է 4 խորհրդական ունի

Տարեսկզբին Հրազդանի համայնքապետարանի հաստիքացուցակներում Հրազդանի քաղաքապետը Արամ Դանիելյանը 2 խորհրդական ուներ՝ Գարեգին Գյուրջյանը, ով քաղաքապետի բարեկամն է, եւ Մարզպետ Գարեգինյանը, նախկինում եղել է Կոտայքի մարզպետի տեղակալ:

Այդքան խորհուրդների կարիք ունեցող քաղաքապետը պարզվում է, որ այս ամիսների ընթացքում եւս 2 խորհրդականներ է նշանակել՝ Սամվել Օհանյանը եւ Շոթա Խաչատրյանը, ով նախկինում եղել է քաղաքապետարանի աշխատակազմի Բնակֆոնդի շահագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետը: Քաղաքապետի խորհրդականների մասին գրվել էր, որ տարիներ առաջ քաղաքապետն իր փեսային էլ խորհրդական նշանակել եւ չգալով աշխատանքի ուղղակի բյուջեից աշխատավարձ է ստացել:

Քաղաքապետի 4 խարհրդականներն էլ այս անգամ գալիս են աշխատանքի, ողջ օրը սենյակից- սենյակ պարապ ման գալիս, համայնքի բյուջեից գումար ստանում: Շոթա Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապրիլի 1-ից նշանակվել է քաղաքապետի խորհրդական՝ բնակարանային եւ կոմունալ հարցերով:

Մեր այն հարցին, թե այս ամիսների ընթացքում ի՞նչ խորհուրդներ է տվել քաղաքապետին. Շոթա Խաչատրյանն ասաց. «Էդ մի քիչ երկար պատմություն է պետք է նստեմ, գրեմ, ցուցակը տամ քեզ»: Բազմիցս գրվել է քաղաքապետարանի ուռճացված հաստիքների մասին, այն որ քաղաքապետը սիրում է աշխատել հարազատների ու բարեկամների հետ, իսկ թավշյա հեղափոխությունը քաղաքապետարանում ամեն բան տակն ու վրա արեց՝ քաղաքապետն ու իր թիմը կհեռանան:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X