1000 դրամով աթոռին նստած քնելն այլևս արգելվում է. բարեփոխումներ Գյումրի ԲԿ-ում

Գյումրի ԲԿ-ում բարեփոխումները շարունակվում են: Առաջին փոփոխությունը, հօգուտ ազգաբնակչության, բժշկական կենտրոնի տարածքում ավտոմեքենաների կայանումն անվճար դարձնելն էր: Մինչ այդ տարիներ շարունակ հիվանդանոցի այցելուները ավտոմեքենան տարածքում կայանելու համար 200 դրամ էին վճարում։ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մեզ հետ զրույցում անդրադարձել էր հիվանդների խնամակալներից 1000 դրամ գանձելու փաստին եւ հորդորել էր Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությանը վերացնել այն:

Ի վերջո քննարկումների արդյունքում, հաշվի առնելով մարզի ազգաբնակչության սոցիալապես անապահով վիճակը, որոշում է կայացվել Գյումրու ԲԿ-ի գնացուցակից հանել հիվանդի խնամողի գիշերակացի վճարը: Որոշումը ուժի մեջ կմտինի 2018 թվականի հուլիսի 1-ից: Գյումրու բժշկական կենտրոնի ղեկավարությունը տեղեկացնում է, որ այսուհետ հիվանդի խնամակալները ԲԿ-ում կգիշերեն խիստ անհրաժեշտության դեպքում՝ բուժող բժշկի կամ բաժանմունքի վարիչի համաձայնությամբ:

Ինչպես ավտոկայանատեղիների, այնպես էլ հիվանդներին խնամելու համար գանձվող գումարները քաղաքացիների սրտով չէին: Բնակիչները խնդրանքով դիմել էին նորանշանակ մարզպետին ՝ հարցը կարգավորելու համար: Մեզ հետ զրույցում շատ քաղաքացիներ դժգոհում էին՝ ասելով, որ 1000 դրամ էին վճարում, որպեսզի գիշերեին իրենց վիրահատված կամ ծանր վիճակում գտնվող հարազատների մոտ: «Դե մեզ համար էլ հատուկ մահճակալ հո չէին հատկացնում, 2 անգամ վճարել եմ ու գիշերել եմ՝ աթոռին նստած, որդուս էին վիրահատել, տարբերակ չունեի»,-ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, վերջերս Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ Գյումրու բժշկական կենտրոն կատարած այցից հետո որոշում է կայացվել նաև Գյումրի ԲԿ-ում դեղապատ ստենտավորումը իրականացնել 850 հազար ՀՀ դրամով, որը նույնպես գործելու է 2018 թվականի հուլիսի 1-ից: Բժշկական կենտրոնից տեղեկանում ենք, որ նախկինում այս բժշկական սպասարկումը իրականացվել է 1 մլն 100 հազար դրամով: Այժմ բժշկական ծառայության արժեքը նվազում է 250 հազար դրամով: Նշենք, որ բարձր գների պատճառով հիվանդներից շատերը ստենդավորում անելու համար մեկնում էին հարևան Վրաստան, որտեղ բուժսպասարկումը համեմատաբար էժան է:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X