Վարչապետը մտափոխվե՞լ է Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հարցում

Հեռուստալրագրող Արայիկ Մանուկյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ «Սովորական վանդալիզմ» վերնագրով, որտեղ կոչ էր արել քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահին, մշակույթի նախարարին, քաղաքապետարանին եւ «Ելք» խմբակցության անդամներին կանխել Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը, քանի որ վերանում է ժամանակակից ճարտարապետության մի սքանչելի կառույց՝ հույս հայտնելով, որ Արամ Մանուկյանի հուշարձանի համար նոր լուծում կգտնվի։

Այս գրությունն արձագանք գտավ, եւ երեկ քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանն արձագանքեց դրան՝ առաջարկելով դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները։ Ավետիք Էլոյանը մասնավորապես գրել էր․ «Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարեւոր հանգամանքի. նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել՝ խախտելով «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները: Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության եւ տրանսպորտի խորհրդի քննարկմանը: Խախտվել է նաեւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Հաշվի առնելով թվարկված հանգամանքները՝ քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ առաջարկում ենք դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ եւ տվյալ համալիրի տարածքում որեւէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա»:

Երեկ, սակայն, արձանն ամբողջովին տեղադրվեց։ Տեղում հանդիպեցինք արձանի հեղինակ Դավիթ Մինասյանին, ով հրաժարվեց խոսել, բայց մի քանի հարց տվեցինք նրան, մասնավորապես՝ տեղյա՞կ է քաղշինի հայտարարությանը, որ պետք է դադարեցվեն արձանի տեղադրման աշխատանքները։ Մինասյանը նշեց, որ դա «ընդամենը կարծիք է»։ Բայց չէ՞ որ քաղաքաշինության կոմիտեի նախագահը պաշտոնատար անձ է, ուրեմն նրա կարծիքն էլ պաշտոնական դիրքորոշում է։ Քանդակագործն ասաց, որ եթե չլիներ ներկայիս վարչապետի հավանությունը, հաստատ՝ արձանը չէր տեղադրվի։ «Հավատացեք»,- ասաց նա ու հավելեց, որ արձանի պաշտոնական բացումը կլինի հուլիսի առաջին օրերին։

Քաղշին կոմիտեի նախագահի օգնական, մամլո խոսնակ Հասմիկ Բադալյանն ասաց, որ տարածված հայտարարությունը ոչ միայն իրենց դիրքորոշումն է, այլեւ՝ առաջարկը։ Թե որոնք կլինեն հետագա քայլերը՝ այս պահին չի կարող ասել։ Նա նկատեց՝ քանի որ մրցույթը հայտարարել է քաղաքապետարանը, ապա, որպես այդպիսին, շինարարությունը դադարեցնելու որոշում իրենք չեն կարող կայացնել, քանի որ դա իրենց իրավասությունների շրջանակում չէ, այլ՝ քաղաքապետարանի. «Մենք պարզապես հստակեցրինք այս պահին մեր դիրքորոշումը, որն այսպիսին է՝ առաջարկում ենք դադարեցնել»։

Արամ Մանուկյանի հուշարձանի մրցութային հանձնաժողովի նախագահ, Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ի պատասխան քաղշինի հայտարարությանը, նկատեց, որ Մանուկյանի արձանը 6 ամիս է՝ արդեն տեղադրվում է, երեկ ուղղակի աշխատանքներն ավարտին հասան․ «Դա տեղադրված էր վաղուց, այսօր լրագրողներից մեկն էլ ինձ ասում է՝ գաղտագողի տեղադրել եք արձանը, ո՞ւմ ենք գաղտնի գողացել եւ ի՞նչն ենք գողացել։ Այնպիսի անհասկանալի վիճակների մեջ ենք հայտնվում մեր աշխատանքի բուն գործով զբաղվելուն զուգահեռ... նախ՝ ես շատ կցանկանայի, որ մեր շատ սիրելի գերատեսչությունը՝ քաղշինը, ոչ թե Ֆեյսբուքում տարածեր իր հայտարարությունը, այլ մի հատ պաշտոնական գրություն ուղարկեր։ Մենք չունենք պաշտոնական գրություն պետական մարմնից, թե որը որից հետո, եւ ինչ է եղել։ Սպասում ենք դրան, ուղարկեք պաշտոնական պատասխան, կարելի է, չէ՞, այդպես անել...»։

Այն, որ արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության եւ տրանսպորտի խորհրդի քննարկմանը, Բարսեղյանն ասաց, որ ներկայացնելու կարիք էլ չկար․ «Դա այդպես չի արվում, մենք ունենք գեղարվեստական խորհուրդ, իսկ բնապահպանական, քաղաքաշինական խորհրդում մենք թաղամասեր ենք քննարկում, խոշոր կառույցներ։ Արձանի տեղադրումն այն մասշտաբը չէ․ դրա համար այլ խորհուրդ կա, բայց, որպեսզի դա ավելի շատ հանրային լինի, մենք մրցույթ հայտարարեցինք եւ… բոլորի աչքի առաջ, ոչ թե գաղտագողի։ Այդ մրցույթին ամբողջ հանրապետության ուշադրությունն էր ուղղված։ Մենք Դաշնակցության, քաղաքապետարանի նախաձեռնող խմբի հետ միասին շրջեցինք քաղաքում, մի քանի տարբերակների մեջ ծանրութեթեւ արեցինք եւ ընտրեցինք Արամի փողոցի վրա առավելագույն ընդարձակ տարածքը։ Այդ տեղի ընտրությունը հաստատվել է, հեղինակի հետ եմ համաձայնեցրել՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, ով ասաց՝ Տիգրան, ես 2 ձեռքով կողմ եմ այս աշխատանքի հենց այստեղ տեղադրմանը»։

Անդրադառնալով քաղշինի հայտարարությանը, որ աշխատանքները չի համաձայնեցվել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, Բարսեղյանը նկատեց, որ մշակույթի նախարարության 2 կարեւոր պաշտոնյաներ՝ փոխնախարարն ու պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետը, հանձնաժողովի կազմում էին եւ քվեարկել են հենց հօգուտ շահած տարբերակի։ Ավելին՝ նա կարծում է, որ կոմիտեի նորանշանակ նախագահը՝ Ավետիք Էլոյանը, թյուր տեղեկատվություն ունենալու գործոնով պայմանավորված է այդպիսի հայտարարություն արել։

Ինչ վերաբերում է քաղաքաշինական նորմերի խախտումներով ընթացող արձանի տեղադրման աշխատանքներին, Բարսեղյանը զարմանում է․ «Ո՞ր քաղաքաշինական նորմի, նման բան չկա, այնտեղ վերակառուցման աշխատանք է գնում, նորոգումներ են սպասվում, նաեւ շրջակայքը պետք է բարեկարգվի, որը եկեք արձանի հետ չկապենք։ Մենք միշտ անցել ենք ու միշտ ամոթի զգացումով նայել, որ քաղաքի կենտրոնում ունենք նման մի խարխուլ վիճակ, մի նախագիծ, որ ժամանակին պետմրցանակ է ստացել, իսկ հիմա լքված, ոչ ակնահաճո տեսք ունի։ Բայց այս հուշարձանն իր առկայությամբ դրա մի հսկա մասը փոխեց, թարմացրեց իր գոյությամբ, եւ դրա հետ համամիտ է նաեւ այսօրվա մետրոյի կայարանի հեղինակը»։

Մենք փորձեցինք լսել նաեւ Ճարտարապետների միության նախագահ, Ջիմ Թորոսյանի հետ մետրոյի համալիրի համահեղինակ Մկրտիչ Մինասյանի կարծիքը, բայց նա բացակայում էր երկրից։

Հետաքրքիր է, որ դեռ մայիսի 23-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը որոշակիորեն հետաձգվում է, ավելին՝ «Մենք թեման քննարկել ենք ե՛ւ կառավարությունում, ե՛ւ Հայ հեղափոխական դաշնակցության մեր գործընկերների հետ»,- ասել էր նա։

Սա նշանակում է, որ, անկախ վարչապետի գնահատականից եւ քաղշինի հայտարարությունից, իրավիճակ է փոխվել, կամ էլ, դատելով Դավիթ Մինասյանի խոսքերից, վարչապետը մտափոխվել է եւ որոշել չհետաձգել արձանի տեղադրումը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X