ԿԸՀ կազմի մասին խոսելը դեռ վաղ է․ Արարատ Միրզոյան

Այսօր ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի նիստի ավարտից հետո հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ որքանո՞վ է հնարավոր բացառել փող բաժանելու, բարեգործությամբ քվեներ ստանալու գործոնը։ Հետաքրքրվեցինք նաեւ, թե ընտրություններին ընդառաջ փոխվելո՞ւ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, թե՞ ոչ։ Արարատ Միրզոյանը նշեց, որ փողը ընտրությունների թնջուկի հիմնական մասն է։

«Ասել, թե այս պահին ունենք 100 տոկոսանոց լուծում, սուտ կլինի, բայց մյուս կողմից ես կարող եմ վստահաբար պնդել, որ մենք ունենք լուրջ մեխանիզմներ այդ գործոնը չեզոքացնելու։ Չկա հեծանիվ հորինելու խնդիր։ Մեծ հաշվով օրենսդրությունը, այդ թվում՝ Քրեական, որոշակի գործիքներ նախատեսում է այդ երեւույթի դեմ պայքարելու համար։ Գաղտնիք չէ, որ մինչ այժմ չի եղել քաղաքական կամք՝ սրա դեմ պայքարելու։ Քաղաքական կամքը այս պահին կա, գործիքները կան, հետագա կատարելագործման մասին էլ կմտածենք»,- արձագանքեց առաջին փոխվարչապետը։ Ինչ վերաբերում է ԿԸՀ-ի կազմին, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ այս պահին վաղ է դրան անդրադառնալը։ Նոր՝ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ըստ Արարատ Միրզոյանի, կարող է խթան դառնալ, որպեսզի կուսակցությունները ձեւավորեն լավ ցուցակներ։ Լրագրողների հարցին, թե ԱԺ ընտրություններում մեկ տոկոսով անցողիկ շեմն իջեցնելը ինչ կտա քաղաքական համակարգին, Արարատ Միրզոյանն արձագանքեց․

«Քննարկվել են տարբեր տարբերակներ՝ սկսած ընդհանրապես շեմերի վերացումից մինչեւ նույնի պահպանում։ Ի վերջո, հանգել ենք այս լուծման՝ հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի առաջարկները, նաեւ այլ առաջարկներ»։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ հիշեց ամենաժողովրդավարական երկրները, որտեղ գործում է նույն շեմը, ինչ Հայաստանում, միջինը 3,9 տոկոսն է։ Նա հավելեց, որ այն երկրներում, որտեղ անցողիկ շեմն իջեցրել են, եղել են դրական փոփոխություններ կոռուպցիայի եւ ժողովրդավարության առումով։ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ շեմի իջեցման նպատակն է ընդառաջ գնալ եւ դժվարություններ չստեղծել ավելի քիչ ռեսուրսների տիրապետող եւ ավելի քիչ ընտրողների ձայների հավակնող կուսակցությունների համար եւ ապահովել ավելի բազմազան ներկայացվածություն ապագա ԱԺ-ում։ Ինչ վերաբերում է հուլիսին նոր Ընտրական օրենսգիրք ունենալուն, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ հուլիսին մենք չենք ունենա այդ օրենսգիրքը։

Մեկնաբանություն
X