Չորս տոկոս անցողիկ շեմ՝ կուսակցությունների համար, վեց տոկոս՝ դաշինքների

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի նիստը, որի նախագահն է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, այսօր տեւեց գրեթե երկու ժամ։ Լրագրողների համար փակ նիստին մասնակցում էին ինչպես կառավարության անդամներ, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ զբաղվել են ընտրական օրենսդրության հարցերով։ Արարատ Միրզոյանը իր մամուլի քարտուղար Կարպիս Փաշոյանի եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ նիստի ավարտից հետո ներկայացավ լրագրողներին եւ պատասխանեց նրանց հարցերին։ Արարատ Միրզոյանը շնորհավորեց նաեւ ներկա լրագրողներից մեկին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Հանձնաժողովը ամրագրեց, որ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց փակ ցուցակներով համամասնական, նաեւ որոշում կայացրեցինք անցողիկ շեմի համար։ Ըստ այդմ՝ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը որոշվեց առաջարկվելիք նախագծում իջեցնել մեկ տոկոսով դաշինքների եւ կուսակցությունների համար, այսինքն՝ չորս տոկոս կուսակցությունների համար, վեց տոկոս՝ դաշինքների համար»,- ասուլիսն այսպես սկսեց առաջին փոխվարչապետը։ Ներկայացնելով հանձնաժողովում բերված փաստարկները՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ դրանք երեքն են։ Առաջինը, ըստ նրա, վերաբերում էր ռեյտինգային ընտրակարգին, որի գաղափարը թեեւ լավ են համարում, սակայն, ելնելով կոնկրետ ժամանակից ու տարածությունից, կոնկրետ իրողություններից, այս պահին այն չի կարող արդյունավետ կիրառվել Հայաստանում։ Եվ դրա փորձը մենք ունեցել ենք ԱԺ նախորդ ընտրություններում։

«Եվ ահա հարյուր տոկոսանոց փակ ցուցակով համամասնական համակարգի օգտին հնչեցված փաստարկներից մեկն էլ վերաբերում էր հենց նրան, որ այն հնարավորություն է տալիս ոչ թե կուսակցությունից դեպի անհատ գնալ ընտրություն կատարելիս եւ ոչ թե անհատից դեպի կուսակցություն։ Իսկ անհատը շատ դեպքերում կարող է լինել նաեւ ոչ քաղաքական մարդ։ Եվ ընտրակարգի ֆիքսումը ընտրությունները քաղաքականացնելու նպատակ ունի։ Մեկ այլ լուրջ փաստարկ է կանանց մասնակցությունը, որովհետեւ ռեյտինգային ընտրակարգը ոչ այնքան բարենապաստ պայմաններ է ստեղծում, իսկ համամասնական ընտրակարգով հստակ ֆիքսվում է կանանց քվոտան։ Կա նաեւ մեկ այլ փաստարկ․ ընտրախախտումների մեջ մեծ դեր են խաղացել զանազան նշանների կիրառումը, այդ թվում նաեւ՝ տարբեր գրիչների օգտագործումը, գուցե լեգենդ է, բայց պնդում են նաեւ, որ հեռավոր գյուղերում գրիչների վրա կան փոքրիկ տեսախցիկներ, եւ դրանք ֆիքսում են։ Եվ ահա հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը թույլ է տալիս բացառել գրիչների կիրառումը։ Օրինակ՝ ամեն մի կուսակցության համար կլինի առանձին թերթիկ, մենք ունեցանք այդպիսի փորձ, ծրարի մեջ կդրվի թերթիկը, եւ այդպիսով ռիսկերի մի հսկայական մաս կվերանա»,- ներկայացրեց Արարատ Միրզոյանը։

Մեկնաբանություն
X