Ինչի՞ց է նեղվել Միքայել սրբազանը

Ավելի վաղ գրել էինք, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս․ Աջապահյանին ՝ քննարկելու կաթողիկոսի հրաժարականի պահանջը: Hraparak.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդը նշեց. «Դե հասկանալի է, եկեղեցուց որոշակի սպասելիքներ կան, ակնկալիքներ, դժգոհություններ, եւ բնականաբար այդ ամենը կենտրոնանում է կաթողիկոսի վրա, բայց դա հարցի լուծում, չէ, միակ ճանապարհը չէ, ուրիշ ճանապարհներ էլ կան»։

Սրբազանն այդպես էլ չհստակեցրեց՝ իրեն դիմելու դեպքում ի՞նչ պատասխան է տալու:

Ինչպես տեղեկացանք, «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչների հանդիպումը կայացել է նախորդ շաբաթ՝ բավականին թեժ մթնոլորտում: Մեր աղբյուրի փոխանցմամբ սրբազանը նեղված է, քանի որ շարժման գլուխ կանգնած են գյումրեցի երկու երիտասարդներ՝ Կարեն Պետրոսյանն ու Ղարիբ Հարությունյանը, որոնց հետ մտերմիկ հարաբերությունների մեջ էր: Այդ փաստը կարող են վկայել գյումրեցիները ևս․ բազմիցս տեսել են Կարեն Պետրոսյանին պատարագներից առաջ եւ հետո Միքայել սրբազանի հետ Յոթ Վերք եկեղեցու բակում զբոսնելիս եւ ջերմ զրուցելիս: Ղարիբ Հարությունյանը «Գյումրին առանց տնակների » հիմնադրամի տնօրենն է: Երբ Միքայել Աջապահյանը ընտրվեց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ղարիբ Հարությունյանի նշանակումն այս պաշտոնին անմիջապես կապվեց նրա անվան հետ:

Մեր տեղեկություններով՝ այս նշանակումը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի սրտով չէր, քանի որ իր թեկնածուն ուներ, սակայն սրբազանին հակառակվելը բոլորովին այլ բան կնշանակեր: Նշենք նաև, որ այնուամենայնիվ Ղարիբ Հարությունյանը վերջերս մեզ հետ զրույցում հերքեց այն փաստը, որ ինքն, այսպես ասած, սրբազանի մարդն է եւ նրա միջնորդությամբ է տնօրեն կարգվել: Անդրադառնալով Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջողների եւ սրբազանի հանդիպմանը՝ մեր աղբյուրը պատմեց, թե սրբազանն այնքան բարկացավ, որ հայտարարեց, թե հիմարություններ լսելու ցանկություն չունի:

«Սրբազանն անգամ հրաժարվեց իր սիրելի Կարենից, ասաց՝ ես քո եպիսկոպոսը չեմ, դու էլ եկեղեցու զավակ չես: Մեղադրեց նրանց այն բանի մեջ, որ ուզում են առաքելական եկեղեցին դարձնել բողոքական, եկեղեցին ամբոխավար են դարձնում, որտեղ հազար ու մի աղտ կա, համասեռամոլություն ու նման բաներ: Սրբազանն այդպես էլ չընդունեց ու չփորձեց հասկանալ նրանց, որ դժգոհությունը կոնկրետ անձի շուրջ է: Գարեգին Բ-ին այնքան մեծարեց, որ հիշեցրեց, թե պատմության մեջ նման կաթողիկոս չենք էլ ունեցել, որ ձեռնադրված լինեն Կիլիկիո կաթողիկոսի եւ Պոլսո ու Երուսաղեմի պատվիրակությունների կողմից »,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ներկայացուցիչները մեծ ակցիա են անելու Էջմիածնի կենտրոնական հրապարակում։

Մեկնաբանություն
X