Արամի արձանը կանգնեց ողջ հասակով

Ցույց տանք աշխարհին, որ Հայը ազատ անկախ ապրելու իրաւունք ունի: Այժմ կամ երբէք:

Արամ Մանուկեան

Արամի (Սարգիս Հովհաննիսյանի) արձանը կանգնեց ողջ հասակով

Հայաստանի Հանրապետության հմնադիր Արամ Մանուկյանի արձանի հեղինակ Դավիթ Մինասյանը, «Հրապարակի հարցին` տեղյա՞կ է քաղշինի հայտարարությունից, ըստ որի պետք է դադարեցվեն արձանի տեղադրման աշխատանքները, նշել է, որ դա ընդամենը կարծիք է։ Լրագրողի դիտարկմանը, որ դա պաշտոնական դիրքորոշում է, քանդակագործն ասել է. «Եթե չլիներ ներկայիս վարչապետի հավանությունը, հաստատ արձանը չէր տեղադրվի՝ հավատացեք»:

Շատ ապրի պարոն Փաշինյանը, որ հավանություն է տվել, այլապես արձանի ստեղծման և տեղադրման նախընթաց քննարկումները, մրցույթներն ու մնացած աշխատանքները ջուրն էին լցվելու: Պատկերացնո՞ւմ եք` Փաշինյանը գար ու ասեր` ոչ, չպետք է տեղադրվի: Բա հետո ի՞նչ երեսով էր երևալու հանրությանը, ինչպե՞ս էր բացատրելու իր «ոչը»:

Հայ նեոբոլշևիկների շերտը շտապեց «Ֆեյսբուքում» ողջունել քաղշինի նորանշանակ պետ Էլոյանի որոշումը` դադարեցնել արձանի տեղադրման աշխատանքները, և սա այն դեպքում, երբ արձանի մի մասը` պատվանդանից մինչև գոտկատեղն, արդեն տեղադրված էր: Փաստորեն, գիշերները չեն քնել ու անհամբեր սպասել են, որ մի բան լինի, աշխատանքները դադարեցվեն ու Երևանում Արամի արձան չտեղադրվի: Ցավակցում եմ, պարոնայք և տիկնայք: Նաև իրազեկեմ, որ Արամ Մանուկյանի արձանն ամբողջությամբ քար է, բացառությամբ բրոնզաձույլ կիսանդրին, որն իր հերթին ամրաններով և բետոնով ներսից միացված է քարին: Այնպես որ, կարող եք հույս չունենալ, թե հնարավոր է այն երբևէ տեղափոխել կամ հանել, ինչպես խորհրդային տարիներին վարվել են Արամ Մանուկյանի մասունքների հետ` Կոմիտասի այգու տարածքից նախ` Կոզեռնի գերեզմանատուն, ապա` Քաղաքային պանթեոն տեղափոխելով:

Արամի արձանը կանգնեց ողջ հասակով: Այսուհանդերձ, իմ նեոբոլշևիկ հայրենակիցներ, ասեմ, որ դուք «հաղթել» եք: Հանուն ձեզ, որպեսզի հանկարծ ինֆարկտ չստանաք, Արամ Մանուկյանի արձանը Հանրապետության հրապարակում չկանգնեցվեց, այլ մի քիչ այն կողմ` Նալբանդյան և Արամ արքայի փողոցների խաչմերուկում: Այդքանով «մխիթարվեք»: Ձեր փոխարեն, սակայն, «պարտվեց» մի ողջ ժողովուրդ, որ այդպես էլ չարժանացավ իր անկախ պետականության հիմնադրի լիարժեք մեծարմանն ու նրա անվան փառաբանմանը: Այլ ժողովուրդներ իրենց Արամ Մանուկյանին մտածել են, երևակայել, որովհետև կենդանի Արամ չեն ունեցել: Մենք հակառակն արեցինք` Արամի արձանը թաքցնելով թե մեր, թե Հանրապետության հրապարակ այցելող հարյուր հազարավոր զբոսաշրջիկների աչքից, մինչդեռ այն պետք է լիներ հենց Հանրապետության հրապարակում և իր վեհաշուք տեսքով խորհրդանշեր անկախության ուղին բռնած հայ ժողովրդի միասնականությունը:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X