Մայրս կմեռնի, կմնամ եթիմ. 11-ամյա Սուրենը խնդրում է օգնել մայրիկին

>

Վարդանյանների ընտանիքը ծանր դրության մեջ է հայտնվել: Մայր ու որդի վարձով բնակվում են Հրազդան քաղաքի, Վանատուր թաղամասում, գոյատեւում 24 հազար դրամ ընտանեկան նպաստով: 41-ամյա Աննան 8 ամսականից միայնակ է մեծացրել որդուն, աշխատել ու ապրել են: Հիմա նա առողջական խնդիրներ ունի, անգամ քայլել չի կարողանում. «8 տարի է, ինչ այս հիվանդությունը կա: Այդ ընթացում բուժվել եմ, հիմա ավելի է բարդացել, չեմ կարողանում քայլել: 24 հազար դրամ նպաստ եմ ստանում, որից 13 հազար դրամ տալիս եմ լույսի եւ տան վարձ, 11 հազար դրամով գոյատեւում ենք: 3 ամիս է հիվանդությունը ավելի է բարդացել, ոտքիս երակները խցանվել են, չեմ կարողանում անգամ քայլել: Դեղորայք է հարկավոր, գնել չեմ կարողանում, թանկ է»,-պատմում է Աննան:

Աննայի որդին՝ Սուրենը, 11 տարեկան է: 8 տարեկանից նա աշխատել է եւ օգնել մորը: Իր աշխատած 3 տարիները, սոված մնացած օրերը 11 տարեկան տղային չափահաս են դարձրել: Երազանքներ չունի, մի նպատակ ունի․ որքան հնարավոր է մայրը շուտ բուժում ստանա, ու ոտքի կանգնի. «Օրը 2000 դրամով գնում եմ լոբու փայտ տնկում, փայտ կրում, որ կարողանամ մամայիս դեղերը գնեմ: Բայց դրանք շատ թանկ են: Իմ միակ նպատակը մորս բուժելն է, թե չէ՝ կմեռնի, կմնամ եթիմ»,- արցունքներն աչքերին ասում էր 11- ամյա Սուրենը:

Տղան պատմեց, որ ամեն աշխատանք էլ կատարում է: 2 ամիս առաջ փայտ կոտրելիս ձեռքն էր վնասել. «Հաց չունեինք ունելու, մեկն առաջարկեց փայտ կոտրատել կացինով, համաձայնվեցի: Բայց դեռ գործը չավարտած կացինով խփեցի ձեռքիս: Հիվանդանոց տարան, կարեցին: Դրանից հետո որոշ ժամանակ չէի կարողանում գործ անել, հիմա արդեն լավ եմ, կարողանում եմ աշխատել, թեկուզ 2000 դրամ, բայց գիտեմ, որ այսօր ունեմ այդ գումարը»,-ասաց Սուրենը: Սուրենը 6-րդ դասարանում է սովորում: Լավ երգում է, ուզում է երգիչ դառնալ: Այս ընտանիքին օգնող ցանկացողները կարող են զանգահարել՝ 094 62 14 37 հեռախոսահամարով, Աննային:

Մեկնաբանություն
X