Եթե չլիներ ներկայիս վարչապետի հավանությունը, արձանը չէր տեղադրվի․ Դավիթ Մինասյան

Հեռուստալրագրող Արայիկ Մանուկյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ «Սովորական վանդալիզմ» վերնագրով, որտեղ խնդրել էր եւ կոչ արել քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահին, մշակույթին նախարարին, քաղաքապետարանին եւ Ելք խմբակցության անդամներին կանխել արձանի տեղադրումը, քանի որ վերանում է ժամանակակից ճարտարապետության մի սքանչելի կառույց, հույս հայտնելով որ Արամ Մանուկյանի հուշարձանի համար նոր լուծում կգտնվի։

Այս գրությունը մեծ արձագանք գտավ եւ երեկ քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանը արձագանքեց դրան, առաջարկելով դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, Ավետիք Էլոյանը մասնավորապես գրել էր․ «Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքի. Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել, խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:

Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը: Խախտվել է նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը:

Հաշվի առնելով թվարկված հանգամանքները՝ Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում հստակեցնել իր դիրքորոշումը. այն է՝ առաջարկում ենք դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա»:

Այսօր, սակայն, ժամեր առաջ արձանն արդեն ամբողջովին տեղադրվեց։ Տեղում հանդիպեցինք արձանի հեղինակ Դավիթ Մինասյանին, ով հրաժարվեց խոսել եւ շտապեց հեռանալ տարածքից, այնուհանդերձ մի քանի հարց հասցրեցինք տալ նրան, մասնավորապես տեղյա՞կ է քաղշինի հայտարարությունից եւ որ պետք է դադարեցվեն արձանի տեղադրման աշխատանքները, Մինասյանը նշեց, որ դա ընդամենը կարծիք է։ Այն դիտարկմանը, որ դա պաշտոնական դիրքորոշում է, քանդակագործն ասաց, որ եթե չլիներ ներկայիս վարչապետի հավանությունը, հաստատ արձանը չէր տեղադրվի․ «Հավատացեք»։

Նշենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում նա հայտնել էր, որ արձանի պաշտոնական բացումը կլինի հուլիսի առաջին օրերին։

Մեկնաբանություն
X