Մշուշի միջից՝ տեսիլ դյութական…

Քսանհինգ տարի առաջ գարնան մի օր էջմիածինցի կամավորականների հետ էի: Խաչենի գետահովտի Գարաչիլար գյուղում էինք: Դիմացի բլրաշարքին, որ հսկում էր Աղդամ-Մարտակերտ մայրուղին, մեր դիրքերն էին: Բարձրացանք, զրուցեցի զինվորների հետ: Մանրամաղ անձրեւում էր: Քիչ հետո, սակայն, մշուշը ցրվեց, երեւաց Մարտակերտը, որ դեռեւս ազատագրված չէր: Շրջակա բարձունքների համար համառ եւ արյունալի մարտեր էին ընթանում: Մշուշից դուրս էր լողում գերված քաղաքի պատկերը, եւ ապագա հոդվածիս վերնագիրը ծնվեց միանգամից՝ «Մշուշի միջից՝ տեսիլ դյութական…:

Հուզիչ տեսարան էր: Մարտակերտը գրավվել էր գրեթե մեկ տարի առաջ, նախկին կուսշրջկոմի շենքի կտուրին ծածանվում էր Ադրբեջանի դրոշը… Երեւի ամիս-ամիսուկես հետո Մարտակերտն ազատագրված էր: Բայց դեռ բավական ժամանակ պետք եղավ, որպեսզի մարդիկ սկսեն վերադառնալ, վերանորոգել տները: Կյանքի ռիթմը Մարտակերտում դժվար վերականգնվեց: Հեռացածներից շատերն այդպես էլ մնացին օտարության մեջ: Նրանց փոխարեն քաղաքում բնակության հաստատեցին գյուղերից եկածները, զինվորականներ: Մի քանի տարի Մարտակերտն ապրում էր գրեթե զորանոցային կյանքով: Ամեն ինչում թելադրող էր զինվորականությունը: Տոհմիկ մարտակերտցիները հիմա էլ շեղ են նայում նորելուկներին: Եւ այլեւս այգի չեն մշակում, անասուն չեն պահում:

Տարեցներն ապրում են Ռուսաստանից զավակների օգնության եւ թոշակի հաշվին, երիտասարդները հիմնականում կամ պետական կամ բանակային ծառայող են: Մի քանի գործարար ունի Մարտակերտը: Նրանք արտ են հնձում, խաղողի եւ նռան այգի մշակում: Աշխատած գումարով Ստեփանակերտում կամ Երեւանում բնակարան են գնում, որովհետեւ շփման գիծը քաղաքից մի քանի կիլոմետր է հեռու: Եւ երբ հակառակորդը գնդացրային կրակ է բացում, մարդիկ իրենց պատշգամբներից տեսնում են լուսածիր կրակահերթի հետքը: Ապրիլյան պատերազմի օրերին Մարտակերտում արկեր են պայթել, տներ են վնասվել: Քաղաքը նաեւ զոհեր է տվել: Դժվար կյանքով է ապրում Մարտակերտը: Հունիսի 28-ը Մարտակերտի ազատագրման օրն է: Զանգեցի ընկերոջս, շնորհավորեցի: Հետաքրքրվեցի՝ ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվել:

«Տեղյակ չեմ,- ասաց,- հիմա նրանք են քեֆ անում, որ Մարտակերտի տեղը երեկ չգիտեին էլ,,: Ինքը ծայրից-ծայր անցել է պատերազմը, շարունակել ծառայությունը, մայորի կոչումով զորացրվել: «Տան գործերին եմ,- ասաց,- չեմ խառնվում»: Հանդիսություններին չեն հրավիրել: Թոշակառու մարդուն չեն հիշել՝ ցավալի է: Ավելի ցավալին, սակայն, օրվա հայկական մամուլի լռությունն է: Ասես Մարտակերտի ազատագրման քառորդդարյա հոբելյան չէ: Մինչդեռ Մարտակերտն այսօր էլ հակառակորդի թիվ մեկ թիրախն է մնում: Եւ անցյալը պետք է հիշել, որպեսզի մարտակերտցու դժվար կյանքը մի քիչ անհոգս դառնա: Որպեսզի Մարտակերտը որպես դյութական տեսիլ մնա խաղաղության մշուշներով պարուրված…

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X