Սուլթանը հաղթեց ընտրություններում. Թուրքիայի վերաբերմունքն ավելի կոշտ կլինի Հայաստանի նկատմամբ

Կիրակի օրը՝ հունիսի 24-ին, հարեւան Թուրքիայում տեղի ունեցան արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Ըստ էության, այս ընտրությունները վերջին տարիներին նախագահ Էրդողանի ձեռնարկած լայնածավալ փոփոխությունների տրամաբանական հանգուցալուծումն էին: 2016 թ. հուլիսի 15-16-ին Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո Էրդողանը հակաօրինականության, հակապետական գործողությունների, ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ սկսեց հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ՝ ամրապնդելով իր կուսակցության դիրքերը եւ փորձելով երկրում հաստատել միապետություն: Այս գործընթացի տրամաբանական շարունակությունը դարձան սահմանադրական փոփոխությունները, որոնք հաստատվեցին 2017 թ. ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեով:

Այս փոփոխություններն իրավական ուժ ստացան 2018 թ. հունիսի 24-ին. Թուրքիան կառավարման խորհրդարանական մոդելից անցում կատարեց նախագահական համակարգին: Նախագահ Էրդողանը վերընտրվեց իր պաշտոնում առաջին փուլով, իսկ նրա գլխավորած քաղաքական ուժը՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը թեեւ չկարողացավ բացարձակ մեծամասնություն ստանալ 600 հոգանոց մեջլիսում (ԱԶԿ-ն ստացավ 293 մանդատ), այնուամենայնիվ, այս կուսակցությունը դաշինք կազմեց 50 պատգամավորական մանդատ ստացած ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցության հետ:

Թեմայի շուրջ զրուցել ենք թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

- Ձեր կարծիքով՝ արտաքին եւ ներքին առումով ի՞նչ կփոխվի Թուրքիայում այս ընտրություններից հետո, եւ ո՞րն էր այս ընտրությունների անցկացման նպատակը:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ստեղծված իրավիճակում բավականին բարձրացել էր Էրդողանի վարկանիշը: Ընդհանրապես, Թուրքիայի հասարակությունը բացասական վերաբերմունք ունի հեղաշրջումների նկատմամբ: Եվ նման բան կանխարգելելուց հետո բնակչությունը, այսպես ասած, Էրդողանի շուրջ հավաքվեց, եւ ինքնըստինքյան Էրդողանի վարկանիշը բարձրացավ: Այդ ընթացքում Էրդողանը փորձեց այս հանգամանքն օգտագործել՝ հետագա իր կառավարումն ամրապնդելու համար: Քանի որ սկսվել էր նաեւ ակտիվ պայքար գյուլենականների դեմ, եւ ձերբակալությունները բացասական հետեւանքներ էին թողնում թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում, Էրդողանը որոշեց՝ «քանի տաք է», գնալ արտահերթ ընտրությունների, որպեսզի կարողանա գոնե մաքսիմալ ձայներ հավաքել այդ իրավիճակում: Մաքսիմալ ձայներ հավաքելու համար նա օգտագործեց նաեւ այլ գործոններ՝ կապված Սիրիայի հետ: Փորձը ցույց է տվել, որ ռազմական գործողություններն այլ երկրների նկատմամբ, ռազմական հռետորաբանությունը Թուրքիայի բնակչությանը ձգում են դեպի իշխանություններ, եւ, հաշվի առնելով այս հանգամանքը, Էրդողանը ռազմական գործողություններ իրականացրեց Սիրիայի հյուսիսում՝ ներխուժելով Աֆրինի շրջան:

Իհարկե, խախտումներ եղան, մրցակցության անհավասար պայմաններն իրենց գործն արեցին, բայց նշված գործոնների բացակայության դեպքում Էրդողանն ու իր կուսակցությունը շատ ավելի քիչ ձայներ կստանային:

- Ի՞նչ կփոխվի Թուրքիայում այս ընտրություններից հետո: Կարո՞ղ ենք ասել, որ այս ընտրություններից հետո ուժի մեջ են մտնելու 2017 թ. ապրիլին ընդունված սահմանադրական փոփոխությունները:

Այո, Թուրքիան արդեն ամբողջովին անցում է կատարում նախագահական համակարգին: Խորհրդարանի դերակատարումը բավականին նվազում է: Էրդողանն այնքան էլ չի տխրել, որ իր կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չկազմեց, թեեւ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ դաշինքով կարողացան ստեղծել մեծամասնություն: Դրանով ազգայնամոլական այս կուսակցությունն առանցքային դերակատարի կարգավիճակ ստացավ: ԱԶԿ-ն ինչ-որ չափով կախվածության մեջ ընկավ այս կուսակցությունից, քանի որ որոշումներ ընդունելու ժամանակ պետք է հաշվի առնի նաեւ «Ազգային շարժում» կուսակցության տեսակետը: Այս պայմաններում Էրդողանն իրեն շատ ավելի վստահ է զգալու թե՛ ներքին եւ թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Ի՞նչ է սա նշանակում՝ իրեն ավելի վստահ է զգալու ներքին քաղաքականության մեջ: Այսուհետ արդեն ինքն է որոշողը: Խորհրդարանից իր կախվածությունը թուլանում է, եւ թեկուզ իր կուսակցության ներսում գտնվող թաքուն գյուլենականները չեն կարողանա ազդել Էրդողանի քաղաքական կուրսի վրա: Այդ ազդեցությունը հասցվում է նվազագույնի, եւ Էրդողանի լծակները հասցվել են առավելագույնի:

Ի՞նչ տեղի կունենա ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ: Ներքին քաղաքականությունն արդեն գրեթե ուրվագծված է: Այն շարունակելու է ընթանալ նույն հունով: Խորհրդարանի մեծամասնությունը ազգայնական եւ իսլամական-պահպանողական թեւն է կազմում՝ չհաշված ժողովրդա-հանրապետական կուսակցության մի փոքր մասը եւ, իհարկե, քրդական թեւը: Խորհրդարանում երկու ազգայնական կուսակցություն կա: Մեկը «Ազգայնական շարժումն» է, որը ստացել է ձայների 11 տոկոսը, եւ 10 տոկոսի չափով էլ՝ «Լավ» կուսակցությունը: Վերջին 15 տարիների ընթացքում ազգայնականները նման քանակով չէին մտել խորհրդարան: Բացի այդ, Էրդողանի թեւը նույնպես ծայրահեղականացված վիճակում է: Այստեղ կան թե՛ ազգայնականներ, թե՛ իսլամական-պահպանողականներ: Այսպիսով, այս խորհրդարանի բովանդակությունը բոլորովին տարբերվում է Էրդողանի օրոք՝ վերջին 15-16 տարիներին եղած նախկին խորհրդարաններից:

- Կարո՞ղ ենք ենթադրել, որ ազգայնականների թվի աճը խորհրդարանում նշանակում է, որ թուրք խորհրդարանականներն ավելի անհանդուրժողական կլինեն հայկական հարցի նկատմամբ:

Իհարկե, հայկական հարցի նկատմամբ անհանդուրժողականություն կա վերջին երկու տարում: Մենք դա տեսնում ենք ապրիլի 24-ին եւ դրանից դուրս՝ տարբեր հարթակներում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնողների նկատմամբ ճնշումներով: Կարո Փայլանը, ով հանդիսանում է պատգամավոր եւ միակ հայը, ով կարողանում է բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին թուրքական խորհրդարանի ամբիոնից, նույնիսկ նրա դեմ արդեն կա տխրահռչակ 301-րդ հոդվածով քրեական գործ, եւ ավելին՝ Էրդողանի կուսակից արդարադատության նախարարությունը թույլատրել է դատախազին ընթացք տալ գործին, եւ առաջիկայում մենք ականատես կլինենք խորհրդարանում Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացին: Հուսով եմ, որ դա չի լինի, եւ խորհրդարանը չի գնա նման քայլի: Այո, անհանդուրժողականությունը հայկական հարցի նկատմամբ վերջին տարիներին մեծացել է, եւ հիմա դա կպահպանվի:

- Այս նոր Թուրքիան, Ձեր կարծիքով, ի՞նչ քաղաքականություն կիրականացնի իր հարեւանների եւ մասնավորապես Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով Հայաստանի նախորդ իշխանությունների՝ Սերժ Սարգսյանի վարչակազմի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը եւ նոր վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների:

Թե՛ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչ մի նոր բան չեն պարտադրում Թուրքիային: Այլ խոսքերով՝ թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի ասածները նույնն են՝ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: Սակայն թե՛ Սերժ Սարգսյանի օրոք, թե՛ հիմա նույնն է իշխանությունը Թուրքիայում՝ Էրդողանի գլխավորությամբ, եւ անիմաստ է փորձել որեւէ նոր բան սպասել Թուրքիայից, մանավանդ՝ ներկա աշխարհաքաղաքական պայմաններում: Այսինքն՝ այդ գիծը կշարունակվի: Ավելին, վերաբերմունքն ավելի կոշտ կլինի Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով նաեւ արցախյան հիմնախնդրի դեռ չկարգավորված լինելը:

- Նկատի ունեք՝ կշարունակվի պահպանվել հակահայկական մոտեցո՞ւմը Հայաստանի նկատմամբ:

Այո, այո, հակահայկական մոտեցումը կշարունակվի պահպանվել: Դրա պատճառներից մեկն այն է, որ նոր կառավարությունը կազմվելու է կոալիցիոն սկզբունքով: Էրդողանն ազգայնականների հետ դաշինքով է մեծամասնություն ստացել խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ որոշ նախարարներ կլինեն «Ազգայնական շարժում» կուսակցությունից: Այսինքն՝ կառավարությունը կլինի ազգայնական, ինչը չի ենթադրում հայկական հարցի կամ Հայաստանի նկատմամբ ավելի դրական մոտեցում:

- Այլ երկրների կողմից փորձեր չե՞ն լինի՝ միջնորդելու Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը:

Թե՛ վերջին տարիներին եւ թե՛ հիմա որեւէ երկրի բացարձակ չեն հետաքրքրում հայ-թուրքական հարաբերությունները կամ հայ-թուրքական հարաբերությունների բացման հարցը: Եթե հետաքրքրի ինչ-որ մեկին, դա կլինի միայն Ռուսաստանի Դաշնությունը, այն էլ՝ տեսականորեն: Գործնական քայլեր առայժմ չենք տեսնում: Եվ երբ Թուրքիան, ելնելով Ռուսաստանի հետ հարաբերություններից, հասկանա, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ավելի օգտակար է իր համար, քան փակ լինելը, այդ ժամանակ սահմանը կբացվի՝ համապատասխան շահերի եւ ակնկալիքների դիմաց: Այդ շահերն ու ակնկալիքները պետք է ավելին լինեն, քան Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները: Այս պահին դրա հավանականությունը զրո է:

Արամ Սարգսյան

Մեկնաբանություն
X