Պատժել, բայց՝ օրենքով

Սերիալասեր մեր ժողովուրդն այս օրերին հաճույքով հետեւում է իրավապահների բացահայտումներին։ Հիմնականում դրանք ընդունվում են հրճվանքով եւ արդարության հաստատման գիտակցումով։ Երբ ժամանակին գրում էինք Սաշիկ Սարգսյանի «քաջագործությունների», օրինակ՝ Սայաթ-Նովա փողոցում մի երիտասարդ տղայի ծեծելու մասին, բոլորը լռում էին, այդ թվում՝ դեպքի ականատեսները, իսկ մենք հայտնվում էինք Քննչականում, որտեղ մեզանից պահանջում էին ապացույցներ բերել, վկաների անունները տալ, հակառակ դեպքում կպատժվենք զրպարտության համար։ Եվ մեր ընթերցողներն ու ընկերները հաճախ հորդորում էին չգրել․ «Բա ձեզ պե՞տք է»։

Սակայն մենք վստահ էինք, որ մեր հրապարակումներն անիմաստ չեն, դրանք հասարակական կարծիք են ձեւավորում եւ հող նախապատրաստում ապագայի արդարադատության համար։ Հավատում էինք, որ կգա մի օր, եւ այդ բոլոր փաստերն ու հոդվածները կօգնեն հանրությանը՝ անպատիժ մնացած հանցագործներին պատժելու գործում։ Բայց դա պետք է արվի ոչ թե քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մոտիվացիայով, այլ արդարադատության հաղթանակի, իրավապահների նկատմամբ վստահության վերականգնման եւ հանցագործների իրավունքների խստագույն պահպանման պայմաններում։

Իսկ մեր սերիալասեր ժողովրդին դա բոլորովին չի հետաքրքրում՝ նա հերթական զոհի մասին ինֆորմացիայի է սպասում, նրա վրեժի զգացումը բավարարման նոր ուղիներ է փնտրում։ Եվ իշխանությունը հակված է բավարարել այն։ Ուղղակի ե՛ւ իշխանությունը, ե՛ւ իրավապահները պետք է հասկանան, որ աշխարհն այլեւս մեկուսի եւ անջատ միավորներից չի կազմված։ Իսկ մարդու իրավունքները մեր ներքին գործը չեն։ Կա Եվրամիություն եւ Եվրախորհուրդ, կա Եվրադատարան, որտեղ հետեւում են մեզ եւ արձանագրում յուրաքանչյուր իրավախախտում։

Մեկնաբանություն
X