Հեղափոխության մասին ֆիլմ նկարելու խնդիր դեռևս օրակարգում չկա

Երեկ մշակույթի նախարարի խորհրդական նշանակվեց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը։ Նրա հետ զրուցեցիք Հայաստանում կինոարտադրության ներկայիս միտումների, այդ ոլորտում պետության վարած քաղաքականության և վերջին տարիների պետպատվերի շրջանակներում նկարահանված ֆիլմերի բովանդակության մասին։

- Վերջին տարիներին պետական աջակցությամբ նկարահանված ֆիլմերը եղել են կամ բանակի, կամ արցախյան պատերազմի կամ էլ քառօրյա պատերազմի մասին, թե որքանով են հաջողված եղել, դա այլ հարց է, մինչդեռ այլ ուղղվածության ֆիլմեր, օրինակ՝ կատակերգություններ նկարահանել են անհատներ իրենց իսկ միջոցներով՝ շատ անգամ նույնիսկ կրելով վնասներ։ Ֆիլմերի բովանդակային և ժանրային ուղղվածության մասով մշակույթի նախարարությունը պատրաստվո՞ւմ է փոփոխել նախկինում գործող մոտեցումները։

-Երկար տարիներ շարունակ Հայկական ազգային կինոկենտրոնը, որը որ հանդիսացել է հիմնական կառույցներից մեկը, որը նաև կինոարտադրությանը հատկացվող ֆինանսավորումները վերաբաշխելու ֆունկցիա է ունեցել, իր կանոնակարգում ունի պետպատվերներ իրականացնելու իրավունքը և հնարավորությունը, բայց դրան զուգահեռ իրականացրել է հայտերի ընդունելության կարգ, բավականին խոցելի և խնդրահարույց ճանապարհով, որը և թույլ է տվել, որպեսզի ֆիլմեր նկարահանվեն Ձեր կողմից նշված կատեգորիաներից դուրս՝ պատերազմի մասին չեն կամ ուղղակի կատակերգություններ չեն։ Ես կարող եմ նմանատիպ մի քանի օրինակներ բերել, որոնք ուրիշ նպատակներ են ունեցել նաև, բայց այսօր մեր խնդիրը այդ քաղաքականությունը վերանայելն է՝ ազգային կինոկենտրոնի ֆունկցիաները, և ,բնականաբար, որոշակիորեն պետպատվերի հասկացությունը կամ սկզբունքները, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ փոխվել է մշակութային քաղաքականության վերաբերյալ պետական պատկերացումները և ծրագիրը, բնականաբար, դա պետք է արտահայտվի նաև այն ֆիլմերի վրա, որոնք որ պետք է իրականացվեն պետպատվերի շրջանակներում։ Բայց եկեք դա չձևակերպենք որպես պետպատվեր, քանի որ, ցավոք սրտի, այս տարիների ընթացքում պետպատվեր ասածի հանդեպ որաշա չափով նախատինքներ, կանխակալ վերաբերմունք և ոչ վստահելի վերաբերմունք կա։ Այսինքն՝ մեզ համար կարևոր է վերանայել հենց այդ հատվածը։ Առաջին հերթին մեր խնդիրը լինելու է լսել այն բոլոր կողմերին, որոնք տարիներ շարունակ կինոյի համակարգը և պետության հետ առնչությունների համակարգը փոխելու առաջարկներ են արել, և դրա հիման վրա ստեղծել մի մոդել ,կամ եթե կարիք լինի, կինոկենտրոնի վերաձևավորման մոդել, որը մեզ պետք է նախ և առաջ տա հնարավորություն համատեղ արտադրանքների թվի աճի։ Որովհետև Հայաստանը վերջին տարիների ընթացքում հնարավորություն է ստացել անդամակցելու մի շարք կարևոր միջազգային ֆոնդերի ու կազմակերպությունների, որոնք այսօր համաշխարհային կինոթելադրողի կարգավիճակ ունեն, և մենք պետք է այնպես անենք, որ հայաստանից ներկայացված ֆիլմերը նույնպես մրցակցային լինեն այդ տարածքում։

- Ասացիք, որ փոխվել է մշակութային քաղաքականության վերաբերյալ պետական պատկերացումները և ծրագիրը։ Հնարվո՞ր է, որ հիմա էլ մեկ ուրիշ ծայրահեղության ականատեսը լինենք, ասենք օրինակ, այսուհետ նկարահանվող բոլոր ֆիլմերը լինեն հեղափոխությունների, ժողովրդական շարժումների և ցույցերի մասին։

Չէ, իհարկե, այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ մեզ համար առաջնային և կարևոր հանգամանքը լինելու է այն, որ մենք փորձենք ցանկացած դեպքում արտամրցութային որոշումները կանխել։ Եթե նույնիսկ լինի որոշակի թեմայով «պատվերներ», չի լինի կոնկրետ անձանց կողմից տրված պատվերներ, որպեսզի իրենք իրականացնեն էդ ֆիլմի ստեղծումը, այլ լինելու է մրցութային համակարգի մեջ։ ցավոք սրտի, մեր կինոյի ողնաշարը կոտրող հիմնական խնդիրներից մեկը այն է եղել, որ մի շարք ֆիլմերի տրվել է ֆինանսավորում՝ անտեսելով մրցութային սկզբունքը, և մի շարք մարդիկ ստացել են պատվերներ՝ իրագործելու ֆիլմեր, որոնք որ, ես չեմ էլ կարող ասել նույնիսկ, պետության համար էդ շրջանում կարևոր համարվող խնդիրը մաքսիմում ներկայացվել է այնպես, որ դա ժողովրդականություն վայելի։

- Պետպատվերի էությունը հասկանանք․ մշակույթի նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող կառույց, մրցույթը հայտարարում է կոնկրե՞տ թեմայով և կինոարտադրողները մասնակցում են մրցույթին, թե՞ մրցութային կարգով առաջարկվում են թեմաներ և մասնակիցները հաղթում են ըստ իրենց առաջարկած թեմաների։

Դա կանոնակարգային հարց է, որը մեզ համար այժմ իրականում առաջնային խնդիր է, 2018 թվականի կանոնակարգը հաստատել և 2018 ընթացքում ստացած հայտերը հասկանալ, թե ինչ ճանապարհով են իրենք գնալու, և ինչ արտադրական փուլեր են լինելու, որովհետև դրա հետ կապված մենք բավականին կարճ ժամկետում որոշումներ կայացնելու խնդիր ունենք և հիմա աշխատում ենք։ Այդ թեմայով կազմակերպվեց քննարկում մի շարք կառույցների հետ, որոնք նախապես հայտ էին ներկայացրել, ներկայացրեցին իրենց մոտեցումները կանոնակարգի, և Ձեր նշած հարցը ևս կանոնակարգային խնդիր էր։ Մենք, հաշվի առնելով դա, երկրորդ ժողովը հրավիրեցինք մշակույթի նախարարությունում՝ այն մարդկանց մասնակցությամբ, ովքեր առաջակներով էին հանդես եկել, և կոնսենսուսի մակարդակով մենք որոշեցինք մի ընդհանուր կանոնակարգ մշակել, որով 2018թ-ի նախագծերը կմշակվեն, իսկ 2019-ի և դրան շարունակող խնդիրների վերաբերյալ մենք պետք է աշխատենք առավել մեծ չափով,որովհետև դրանից հետո են գալու շատ լուրջ խնդիրները, պետք է հասկանալ նաև մեխանիզմը՝ ինչ գործառույթներով և ինչ հստակ կանոնակարգային քայլերով է իրականացվելու հենց պետպատվերի իդեան, պետպատվերի սկզբունքը ։ Բայց առաջին քայլը, որի ուղղությամբ մենք գնալու ենք, այն է, որ ամեն ինչ լինի մրցութային կարգով։

- Այնուամենայնիվ հնարավոր է, որ մշակույթի նախարարությունը մոտակա ժամանակներում հեղափոխության մասին ֆիլմ նկարահանելու մրցույթ հայտարարի։

Դեռևս օրակարգում նման խնդիր չկա դրված։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X