Ինչի՞ է նախապատրաստվում Ադրբեջանը

Բաքվում անցկացված «ներշնչող» զորահանդեսի հաջորդ օրը՝ հունիսի 27-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեք ուշագրավ կարգադրություն է ստորագրել՝ բոլորն էլ ռազմական դրությանը վերաբերող:

Առաջինը սահմանում է, որ ռազմական դրության պայմաններում կարող են կասեցվել այն կուսակցությունները, որոնք կխանգարեն ռազմական դրության հետեւանքների վերացմանը: Մի փոքր եթե փակագծերը բացենք, ապա կստացվի, որ Ադրբեջանում կարող են գործել կուսակցություններ, որոնք դեմ են «ռազմական դրության հետեւանքների վերացմանը», եւ իշխանությունները նախապես ապահովագրվում են՝ ըստ հարկի նրանց գործունեությունը կասեցնելու: Երկրորդ կարգադրությունը վերաբերում է հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքում լրացումներին:

Ըստ այդմ, արտակարգ եւ ռազմական դրության պայմաններում հեռուստառադիոհաղորդումները ենթակա են գրաքննության: Սահկանվում է նաեւ արտակարգ եւ ռազմական դրության տեղերում ռադիոհեռուստալրագրողների աշխատանքի հատուկ կարգ, որի մանրամասնությունները չեն հրապարակվում: Իսկ ահա երրորդ կարգադրությամբ սահմանվում է, որ ոչնչացման կամ կողոպուտի սպառնալիքի դեպքում, որը թելադրված կլինի ռազմական կամ արտակարգ դրությամբ, պատմամշակութային «շարժական հուշարձանները ենթակա են ապահով վայրեր տեղափոխման»:

Ի՞նչ պետք է հասկանալ պատմամշակութային «արժական հուշարձաններ» ձեւակերպման տակ՝ մի փոքր դժվար է հստակեցնել, բայց կարգադրության ենթատեքստն, ըստ երեւույթին, այն է, որ ռազմական դրության, այն է՝ պատերազմական գործողությունների վերսկսման, դեպքում Ադրբեջանը չի բացառում նոր տարածքային կորուստները: Հակառակ դեպքում ինչու՞ պիտի սահմանվի պատմամշակութային արժեքներն ապահով վայրեր փոխադրելու կարգ:

Ըստ երեւույթին, զորահանդեսից հետո Ադրբեջանում եկել է սթափության ժամանակը, եւ իշխանությունները փորձում են կարգավորել հնարավոր ռազմական բախման պայմաններում քաղաքական, տեղեկատվական եւ անվտանգության ոլորտների առաջնահերթ խնդիրները:

Վահրամ Աթանեսյան

Մեկնաբանություն
X