Գյումրիում «ստայանչիկների» բանը բուրդ է

Օրերս գրել էինք, որ Գյումու ԲԿ-ի տարածքում ավտոմեքենաների կայանումն այլևս անվճար է: Մինչ այդ տարիներ շարունակ հիվանդանոցի այցելուները 5 րոպե ավտոմեքենան տարածքում կայանելու համար 200 դրամ էին վճարում։ Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին քայլերից մեկն էլ թերևս սա էր։ Մարզպետը հանդիպում է ունեցել Գյումրի ԲԿ-ի տնօրինության հետ, եւ արդյունքում վճարովի կայանատեղին դարձել է անվճար: Օրական 200 դրամ հարյուրավոր քաղաքացիներից գանձելով՝ տարեկան կտրվածքով միանշանակ միլիոնավոր դրամներ են գրպանվել։ Գյումրի ԲԿ-ից պարզաբանում են. « Ավտոկայանատեղիի վճարները մուտքագրվել են հիվանդանոցի բյուջե և ծախսվել հիվանդանոցի կարիքների համար: Բուժհաստատության տարածքը դեռևս 2015 թվականի մայիսից հինգ տարի ժամկետով, երկկողմանի կնքված պայմանագրով վարձակալական հիմունքներով, տրամադրվել է անհատ ձեռներեց Արարատ Գրիգորյանին, որը տարածքում իրականացրած գործունեության համար վարորդներին, կենտրոնի տնօրենի հավաստմամբ, տրամադրել է նաև ՀԴՄ կտրոններ: Վճարովի կայանատեղիներում մեկ ավտոմեքենայի կայանման համար վարորդներից գանձվել է միանվագ 200 դրամ ՝ անկախ կայանման տևողությունից: Հավաքագրված գումարից անհատ ձեռներեցը տարեկան մոտ մեկ միլիոն դրամ մուտքեր է կատարել նաև բուժհաստատության բյուջե: Անհատ ձեռներեցին հիվանդանոցի տարածքում աշխատելու թույլտվություն 2015 թվականին, ըստ փաստաթղթերի, տվել է Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Պատրաստ ենք ձեզ տրամադրել նաեւ համապատասխան փասաթղթերը»:

Ու չնայած 2015 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 202-Ն որոշմամբ Գյումրու ավագանին հաստատեց համայնքի վարչական տարածքի ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված ավտոկայանատեղիներից օգտվելը 2016 թ.-ի հունվարի 1-ից դարձնել անվճար, քաղաքի գրեթե բոլոր կայանատեղիներում «ստայանչիկները» 200 դրամ գումար են գանձում վարորդներից: Մի քանի օր առաջ տեղեկացանք, որ մարզպետի հրահանգով հսկողություն է սահմանվել տարածքներում, որպեսզի ավտոմեքենաները անվճար կայանեն: Քաղաքի շուրջ տասնյակ «ստայանչիկներ», ի նշան բողոքի, մարզպետարան են ներխուժել՝ պահանջելով հանդիպում մարզպետի հետ:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը. «Այո, նրանց հետ ես հանդիպեցի, առավոտյան եկել էին ինձ մոտ, մոտ 15 «ստայանչիկ» հենց այդ հարցով էին եկել, որովհետև ոստիկանությունը վերահսկում է, չի թողնում, որ գումար վերցնեն: Ես եմ հորդորել՝ մարզի ոստիկանապետին դիմելով, խնդրել եմ վերահսկել իրավիճակը, վերացնել այդ երևույթը »,-ասաց մարզպետը:

Ինչ վերաբերում է Գյումրի ԲԿ-ին, մարզպետը մանրամասնեց, որ ոչ միայն կայանատեղիի հարցն է քննարկվել, այլև՝ հիվանդին խնամելու համար 1000 դրամ վճարելու փաստը. «1000 դրամների պահով դեռ հստակ որոշում չկա, բայց ես հակված եմ, որ վերացվի: Հիմա քննարկումների փուլում ենք, կքննարկենք, արդյունքը ձեզ կտեղեկացնենք: Ավտոկայանատեղին արդեն անվճար է, մի կողմը Գյումրի ԲԿ-ն է, մյուս կողմը ԱՁ-ն, նրա հետ կնքած պայմանագիրը, տնօրինությունն արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել լուծարել այն: Ես մարդկանց դժգոհությունների հիման վրա դիմել եմ իրենց, հիմա թե ինչ ճանապարհով պետք է վերացվի, դա բժշկական հաստատության տնօրինությունը կկարգավորի»:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X