Դպրոցի տնօրենը չի կողմնորոշվում՝ երեխաներին բացակա չնշանակելու հրահանգ տվե՞լ է, թե՞ ոչ

Սամվել Շահմուրադյանի անվան թիվ 85 դպրոցում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։ Բանն այն է, որ նախնական տվյալներով՝ դպրոցի երկու աշակերտ 2016-2018թթ. ուսումնական տարիներին փաստացի դպրոց չհաճախելու պայմաններում, տնօրենի հրահանգով, բացակա չեն ստացել և փոխադրվել են 4-րդ դասարան:

Դպրոցի տնօրեն Դիանա Ղուկասյանը «Հրապարակի» հետ զրույցում սկզբում նշեց, որ ինքը հրահանգ չի տվել բացականներ չնշանակելու վերաբերյալ․ «Ոչ, հրահանգ չի եղել։ Եկել են, ստուգել են, տեղեկացել եմ, իմացել եմ»։ Այնուհետեւ դպրոցի տնօրենը հերքեց մեզ հետ զրույցում հնչեցրած իր իսկ խոսքերը։ Հարցին՝ մինչ ստուգումները, երկու տարվա ընթացքում իմացե՞լ է, որ այդպիսի բան կա, Դիանա Ղուկասյանը պատասխանեց․ «Այո»։

Իրեն մեղավոր ճանաչելու վերաբերյալ հարցը լսելուց հետո դպրոցի տնօրենն անջատեց հեռախոսազանգը։ Նշենք, որ դեպքի առթիվ հունիսի 26-ին ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նույն օրն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X