Նախարարությունը վերջապես դեմքով շրջվեց դեպի ազատ արվեստի դաշտը

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դահլիճների վարձակալության վերաբերյալ նոր գնացուցակը։

Նա նշել է, որ վերջին շաբաթների ընթացքում անձամբ զրուցել է նախարարության ենթակայության տակ գտնվող յուրաքանչյուր ՊՈԱԿ-ի տնօրենի հետ եւ քննարկել, համաձայնեցրել գնացուցակը՝ հաշվի առնելով նրանց հիմնավորումները: Արդյունքում 25 դահլիճից 13 -ի գները վերանայվել են, 9-ի դեպքում գինը մնացել է անփոփոխ, 3 ՊՈԱԿ-ների դահլիճների վարձակալության գները դեռ ճշտման փուլում են։ Գների վերանայման հրամանն ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի 1-ից:

Ծանոթանալով դահլիճների վարձակալության գնացուցակին՝ արձանագրեցինք, որ մի շարք մշակութային հաստատություններում գնային տարբերությունը կազմում է 20-150 հազար դրամ։ Մեկ օրվա վարձավճարի գինը, օրինակ, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում եթե նախկինում կազմել է 400 հազար (կոմերցիոն) դրամ եւ 250 հազար (պետական), ապա վերանայված գնացուցակում սահմանվել է 250 հազար (կոմերցիոն) եւ 150 հազար (պետական) դրամ։ Հայաստանի ազգային պատկերասրահում նախկինում եղել է 350 հազար (կոմերցիոն), 200 հազար (պետ.), իսկ ներկայումս՝ 250 եւ 180 հազար դրամ։ Ամենաբարձրը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի վարձակալության վճարն է՝ 1 մլն 500 հազար (կոմերցիոն) եւ 1 մլն 200 հազար (պետական), որը պահպանվել է եւ չի փոփոխվել։ Ամենացածր վարձակալությունը Լոռու մարզային գրադարանում է․ վերանայված գնացուցակով այն կազմում է 35 հազար (կոմերցիոն) եւ 30 հազար (պետական) դրամ։

«Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն ասում է՝ քանի որ այս դահլիճը եզակի է թե՛ իր չափերով, թե՛ բնույթով, ապա նախարարի հետ խորհրդակցելուց հետո եկել են այն եզրահանգման, որ փոփոխություն չարվի գնացուցակում․ «Կարծում եմ, որպեսզի այս դահլիճն իր նպատակին ծառայի, ճիշտ է, որ մնա նույն գնով։ Բոլոր պետական ՊՈԱԿ-ների համար ինքնարժեքով է՝ ինչպես որ նախարարությունն արդեն որոշում է կայացրել, իսկ մնացած կոմերցիոն համերգների դեպքում կլինի կոմերցիոն գին, որը նախօրոք հաստատված էր»։ Ըստ այդմ՝ կոմերցիոն գինը 800 հազար դրամ է, որոշ դեպքերում՝ նաեւ ավելի բարձր՝ կախված այն բանից, թե ինչ համերգ է, իսկ ինքնարժեքով՝ 500 հազար դրամ։ Սիրունյանը նկատում է, որ գնային քաղաքականությունն ավելի շատ փոփոխության է ենթարկվել թատրոնների դեպքում, քանի որ նրանք միմյանց հետ մրցակցելու խնդիր ունեն, իսկ «Խաչատրյան» համերգասրահի եւ օպերային թատրոնի դահլիճները եզակի են, ուստի դրանով է պայմանավորված նաեւ բարձր գինը, եւ արժե, որ պահպանվի ու մնա նույնը։

Սիրունյանն ընդգծում է՝ իրենց դահլիճի վարձակալության գնի հիմնական պատճառներից մեկը պայմանավորված էր նրանով, որ ավստրիական ծրագրով համերգասրահը ստացավ նոր լուսային տեխնիկա, եւ դահլիճի վրա բավականին գումար դրվեց․ «Ավելի շատ պայմանավորված էր հենց դրանով, քանի որ լուսային ապարատների շահագործումը հետագայում մենք պիտի անեինք, եւ արդարացված էր այնքանով, որ հիմա ավելի բարձր որակի է դահլիճի ամեն ինչը, այդ պատճառով գինը բարձրացավ»։

Երաժիշտ, երգահան Վահան Արծրունին նկատում է, որ դահլիճների վարձակալության գնացուցակում կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ կապիտալիզացիայի ջատագով նախորդ նախարարի կողմից․ «Բեմահարթակ ունեցող բոլոր հաստատությունները՝ համերգասրահներ, թատրոններ, ստացան նոր գնացուցակ, որով պետք է եւ առաջնորդվեին։ Օրինակ՝ Կամերային երաժշտության տունը, որ երկար տարիների ընթացքում հաստատված 106 հազար սակագին ուներ, եւ վարձակալության չափը դրանով էր սահմանափակվում, մեկ օրվա ընթացքում դարձավ 250 հազար։ Նույնը՝ նաեւ մնացած դահլիճների դեպքում»։

Արծրունին նկատում է, որ վարձավճարի չափն ուղղակիորեն ազդում է տոմսերի գնագոյացման վրա, քանի որ բնակչության գնողունակությունը նույն տեղում է, իսկ վարձակալության գումարը տոմսի ձեւավորման քաղաքականության հիմքն է․ «Այսինքն՝ առաջին հերթին պայմանավորված է այդ ֆիքսված վճարումներով, որ ցանկացած կազմակերպիչ կամ արտիստ պետք է անի։ Հետեւաբար, եթե վարձավճարը ցածր է, մենք կարող ենք իրատեսական չափերի մեջ պահել տոմսի գումարը, երբ վարձավճարի չափը երկուսուկես անգամ բարձրանում է, բնականաբար, նաեւ տոմսի գինը պետք է բարձրանա, եւ եթե իմ համերգների պարագայում տոմսի գինը տատանվում էր 2-5 հազար դրամ, նման պայմաններում այն պետք է աճեր եւ դառնար 5-9 հազար։ Իսկ դա, բնականաբար, նշանակում է, որ ես պետք է զրկվեի իմ հանդիսատեսի զգալի զանգվածից, որովհետեւ նույնիսկ 500 դրամի տատանումը որոշ մարդկանց համար զգալի հանգամանք է, մարդիկ իրենց թույլ չեն կարող տալ հրավիրել որեւէ մեկի, եւ ես էլ, որպես արտիստ, իմ հանդիսատեսին նման փորձությունների առաջ չէի ուզենա դնել»։

Հենց այդ հանգամանքով պայմանավորված՝ վերջին մեկուկես տարիների ընթացքում թե՛ ինքը, թե՛ ամբողջ բեմարվեստի ազատ դաշտը, ջազից մինչեւ ռոք եւ ֆոլկլոր, անկախ թատերական խմբեր, կտրուկ նվազեցրին իրենց համերգները համերգային դահլիճներում․ «Մենք փորձեցինք տեղափոխվել նկուղ՝ ակումբային հարթակի վրա, բայց ակումբը մնում է ակումբ, այն ժամանցային վայր է, որն իր յուրահատկություններն ունի, բայց երբ դու պատրաստում ես բեմի համար ծրագիր՝ կամերային նվագախմբի կամ դասական կազմի հետ, բնական է՝ ակումբում այն չես կարող ներկայացնել եւ իրականացնել։ Սա որոշակի պրոցեսի սկիզբ է, եւ դրա համար ողջունում եմ բոլոր առումներով, որովհետեւ նշանակում է, որ մշակույթի նախարարությունը վերջապես 27 տարվա ընթացքում շրջվեց դեմքով դեպի ազատ արվեստի դաշտը եւ հստակ ցույց տվեց, որ արժեւորում է այդ ոլորտը, մտահոգ է այդ խնդիրներով եւ իր լծակները պատրաստ է օգտագործել, որպեսզի ներազդի տիրող իրավիճակի վրա»։

Վահան Արծրունին առիթ է ունեցել նախարարի հետ հանդիպել եւ զրուցել մի շարք խնդիրների մասին ավելի լայն թեմատիկայով, որոնցից մեկը եղել է դահլիճների վարձակալության խնդիրը։ «Հիմնականում զրուցել ենք օրենքի եւ օրենսդրական ֆունկցիաների մասին, որոնք շատ ավելի եմ կարեւորում, քան նման կետային լուծումները, որովհետեւ լայն իմաստով պետք է խնդիրը բարձրացվի օրենսդրական մակարդակի վրա, որպեսզի նաեւ մենք կարողանանք միանալ եւ աջակցել մշակույթի նախարարության գործունեությանը եւ նոր քաղաքականությանը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X