Վաղը «դուխով» չասեք, որ տեղեկացված չէիք

ԱԱԾ-ի վերջին գործողությունից հետո, երբ հայտնի Շմայսը նախ բերման ենթարկվեց, ապա ազատ արձակվեց, մեր հասարակությունը, կարծես, սկսել է սթափվել էյֆորիայից, որի մեջ հայտնվել էր ԱԱԾ տրիումֆի շրջանում: Շմայսը՝ ինքը, շատ մեղմ ներկայացրեց տեղի ունեցածը եւ, որպես նախկին «ակնառու» քաղաքական եւ պետական գործիչ, բավարարվեց իր տուն ԱԱԾ դիմակավորվածների ներխուժումը «քաղաքավարի» որակելով:

Մեր խնդիրը, սակայն, Շմայսին մեծարելը չէ, այլ այն, թե ինչպես պատահեց, որ մեր ժողովուրդը, որ առնվազն վերջին 100 տարիներին վախեցել, խորշել, զզվել, խուսափել է այդ կառույցից, արհամարհել, անվստահությամբ վերաբերվել դրան, ընդամենը երկու ամսում փոխվեց 180 աստիճանով եւ այս իշխանափոխությունից հետո մեկեն սկսեց պաշտել ԱԱԾ-ն: Եվ ոչ միայն ԱԱԾ-ն: Նաեւ ոստիկանությունը, ընդհուպ Ճանապարհային ոստիկանությունն սկսեցին պաշտել: Ոստիկանության տոնի առիթով վարչապետը հայտարարեց, թե իրավապահների եւ ժողովրդի միջեւ հաշտեցման գործընթաց է սկսվել: Չգիտեմ` քանի ոստիկան ու ոստիկանության քանի պետ հավատաց այդ հայտնագործությանը, բայց դրանից հետո մամուլում հայտնվեցին նյութեր, որոնց հեղինակները նորօրյա իշխանություններին բացահայտ մեղադրում էին ԱԱԾ-ով եւ ոստիկանությունով` հաճախ առանց հիմնավորումների մարդկանց տներ խուզարկելու, նրանց բերման ենթարկելու, մի խոսքով` հարցեր լուծելու մեջ:

Իրենց երկար սպասեցնել չտվեցին նաեւ փաստաբանները, որոնք պատրաստվում են դատարաններում պաշտպանել գրեթե անպաշտպանելին: Նրանցից մեկն ընդհուպ հայտարարեց, որ վարչապետը պարտավոր է ներողություն խնդրել աղմկահարույց գործով մեղադրվող Մանվել Գրիգորյանից, որովհետեւ դատարանի վճիռը չհրապարակված` նրան «զինվորի հացը գողացող» է անվանել` այդկերպ ուղղորդելով դատավորներին: Օրերս էլ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը սկսել են միջամտել մարդկանց տնտեսական գործունեությանն ու սեփականության իրավունքին, ինչպես նաեւ անուշադրության են մատնել «հեղափոխական մասսաների» ֆեյսբուքյան եւ ուղղակի սպառնալիքներն այն փաստաբանների եւ լրագրողների հասցեին, որոնք, կատարելով իրանց աշխատանքը, ցույց են տալիս նաեւ իրավապահների եւ, առհասարակ, իշխանությունների սխալները: Փաստաբանը շատ ճիշտ է նկատել, որ իշխանություններին քննադատող մամուլն ու առանձին լրագրողներ, ըստ էության, ստանձնել են այս իշխանությունների ընդդիմության դերը, քաղաքական ընդդիմության, որից նրանք զրկված են օբյեկտիվ «հեղափոխական» պատճառներով:

Այո, մամուլի աշխատանքը գնահատելու, հնչող քննադատությունը հնարավորություն համարելու փոխարեն, «հեղափոխականները» գրոհում են լրատվամիջոցների (ոչ բոլորի, իհարկե) վրա, ընդհուպ սպառնում փակել դրանք` օրվա ծռտի պաշտոնյայի մասին ոչ հաճելի լուր տպագրելու համար: Լրագրության բնագավառի իմ մոտ 40-ամյա փորձը հուշում է` այսպես շարունակելու դեպքում կառավարությունը կխայտառակի ոչ միայն իրեն, այլեւ Հայաստանը, որի մասին աշխարհում շատ բարձր կարծիքի են՝ որպես խաղաղ հեղափոխությամբ իշխանափոխված երկրի: Սխալ չհասկանաք ինձ: Ես չեմ վախենում, որ կփակեն մեզ, կմնամ առանց աշխատանքի: Ես 40 տարվա լրագրող եմ եւ մի պարզ ճշմարտություն գիտեմ` թերթ ու կայք փակողի մայրը երբեք տղա չի բերում:

Անցնենք առաջ: Այս օրերին, երբ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը, ՀՔԾ-ն ու ՔԿ-ն, կարելի է ասել, մոլեգնում էին, որեւէ «դուխով» գործարարի կամ հանցագործի ձեռք բռնած կա՞ն: Երեւանում, օրինակ, մի խանութ կա, որի մուտքին վազող տողով գրվում է. «Համեցեք դուխով»: ՊԵԿ-ն այս ընթացքում հետաքրքրվե՞լ է, արդյոք, այդ խանութն իր բոլոր հարկերը վճարո՞ւմ է: Հայերիս դժվար է զարմացնել որեւէ հնարամտությամբ: Մեկն իր մեքենայի վրա գրել է՝ «Դուխով», ու «տաքսավատ» է անում: Հարցրե՞լ եք, արտոնագիր ունի՞, հարկ վճարո՞ւմ է: Նախարարի մակարդակով ասում են` Արմավիրից ծիրան արտահանողները հավաստիացրել են, որ ռուսաստանահայերի շրջանում հատկապես մեծ պահանջարկ են վայելում «դուխով» մակագրությամբ ծիրանի արկղերը: Ճիշտն ասած` 6 տարի ռուսաստանահայ եմ եղել, բայց երբեք ծիրանի արկղի հանդեպ որեւէ պահանջարկ չեմ զգացել: Ինձ ծիրանն է հետաքրքրել, նրա հայկական լինելը: Կիրովաբադցի թուրքերն իրենց անհամ ծիրանը «հայկականի» տակ են սաղացնում, մերոնք` «դուխովի»…

Հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանը հեղափոխության ջերմ պաշտպաններից է: Նա, անսալով ՊԵԿ-ի եւ մյուսների «հզոր բացահայտումներին, մի շրջան գրեթե հրաժարվեց սուպերմարկետի ներսում միրգ վաճառելուց: Բայց ամենահաս գործարարը «թույլատրեց» սուպերմարկետին հարող տարածքներում` մայթերի վրա, հենց մուտքի մոտ միրգ ու բանջարեղեն վաճառել: Երեւանը երկու օրում վերածվեց արեւելյան բազարի: Այսօր փողոցի մրգավաճառները պակասել են: Կարելի՞ է հարցնել` այդ ի՞նչ ռեֆորմ կատարեցին մեր կառավարությունն ու ՊԵԿ-ը, որ մրգի փողոցային առեւտուրը կրկին խանութ տեղափոխվեց: Երեւի հասկացել են իրենց սխալն ու Սամվել Ալեքսանյանին «խնդրել»` անցնել հին ձեւին:

Այս ամենը, ինչպես նաեւ առանձին նախարարների` սեփական գերատեսչությունների որոշ ստորաբաժանումներ փակելը, դրանց ղեկավարներին չարաշահումների մեջ մեղադրելը, նրանց դեմ դատեր հարուցելը պարզորոշ հուշում են, որ նորերը, կոռուպցիան վերացնելու փոխարեն, կարող են իրենց կամքից անկախ ծնել նոր` «դուխով» կոռուպցիա, որի իրավունքը չունեն: Նրանք արդեն իսկ անտեսել են ժողովրդի մի հսկայական զանգվածի, որը չի մասնակցել կամ չի ցանկացել մասնակցել հեղափոխությանը: Բացի այդ, անտեսված է նաեւ «հեղափոխական» մի մեծ հատված, որին իշխանությունը «տիրություն անել» կարող է միայն ինչ-ինչ «արտոնություններ» (իմա` երես) տալով: Երեւանում պաշտոնները չեն բավարարում, անցնում են մարզերը, համայնքապետեր հրաժարեցնում, սպառնում նրանց փոխարեն «դուխով» տղերքի դարձնել համայնքապետ: Եվ, այ քեզ անհաջողություն, պարզվում է, որ համայնքապետին դեռ պետք է ընտրել եւ ոչ թե նշանակել: Հակառակը՝ կոռուպցիա է: Ի դեպ, այս առումով, թերեւս, ամենախախուտը Վանաձորի քաղաքապետի աթոռն է, բայց նրան կա՛մ մոռացել են, կա՛մ էլ այնքան «դուխ» չունեն, որ Մամիկոնին ասեն` աչքիդ վերեւն ունք կա: Թե չէ եկել են Ծապլվարի տերտերի ու գյուղապետի փեշերից են կախվել:

Հիմա մենք այս ամեն ինչի մասին չգրենք, որ ի՞նչ լինի: Մարդիկ առաջին անգամ մեքենայի ղեկ են բռնել: Որ տանեն ու ծառին խփեն, չե՞ք ասելու՝ այ մամուլ, ասենք՝ ընդդիմություն չկար, դո՞ւք ինչով էիք զբաղված: Բնականաբար, մեղադրելու եք, բայց երբ ասում ենք, մատնացույց ենք անում նույնիսկ ամենահասարակ բաները, «հեղափոխականներն» են ելնում մեր դեմ, մեղադրում պատվեր կատարելու, փողով հոդված գրելու մեջ, սպառնում են փակել խմբագրությունը: Վստահեցնում եմ` այսպես ավելի արագ կտապալվեք, քան եկաք իշխանության:

Եվ էլի մի բան` վաղը չասեք, որ տեղեկացված չէիք:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X