Ռուսաստանաբնակ հայերը չեն կարողանում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ տեւական ժամանակ սպասում են

Մեզ են դիմել ռուսաստանաբնակ մի խումբ հայեր՝ նշելով, որ իրենք դեռ 2017 թվականի հոկտեմբեր-նոյեմբերի ամիսներին դիմել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ ՀՀ քաղաքացություն ստանալու համար, սակայն մինչեւ այժմ նրանք քաղաքացիություն չեն ստացել։

Մեզ հետ զրույցում քաղաքացիները նշեցին՝ իրենց փոխանցել են, որ ամեն ինչ նորմալ է, 6 ամսվա ընթացքում երկքաղաքացիություն կունենան, ուշացումն էլ պատճառաբանել են նրանով, որ կառավարության «գլուխը խառն է», այժմ դժվարանում են լուծում տալ հարցին։

Ստեղծված իրավիճակը մեկնաբանեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք խնդրից տեղյակ են, անհանգստանալու կարիք չկա, իր տեղեկություններով՝ հարցը շուտով լուծվելու է․ «Վարչապետի կողմից հաստատվում է հանձնաժողովի կազմը, իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ հաստատման փուլում է, որից հետո կգումարվի հանձնաժողովի նիստ՝ վարչապետի աշխատակազմում։ Օրենքն ասում է 6 ամսվա ընթացքում, թող չանհանգստանան, շուտով կստանան իրենց քաղաքացիությունները, տեխնիկական որոշակիր խնդիրներ են եղել»։

Անդրադառնալով քաղաքացիներին տրված պատասխանին՝ Բիչախչյանը նշեց, որ հնարավոր չէ նման պատասխան ստացած լինեն․ «Կազմը պետք է ձեւավորվի, շուտով այդ հարցը կլուծվի։ Մինչեւ քաղաքացիության գործերը դեսպանատներից ուղարկում են մեզ, ահագին ժամանակ է անցնում, մեր կողմից էլ դրվում է համապատասխան քննարկման, ժամանակ է անցնում, եւ հուսով եմ՝ շուտով կկարգավորվի այս որոշակի անհարմարությունը։ Առաջ 1 տարի էր սահմանված, ներկայումս 6 ամիս, կարճ ժամանակում կկարգավորվի»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X