Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ մնաց՝ 6 տոկոս

2018 թ. հունիսի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

2018 թ. մայիսին արձանագրվել է 1.0% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 1.6%: Ցածր գնաճի ձևավորմանը հիմնականում նպաստել է սեզոնային ապրանքների գների նվազումը, որը հետևանք է դրսևորված վաղ սեզոնայնության: Միևնույն ժամանակ բնականոն գնաճը նույնպես որոշակիորեն ցածր է գտնվել ԿԲ սպասումներից։

Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումները, իսկ հիմնական ապրանքների միջազգային շուկաներում զարգացումները սպասվածից փոքր-ինչ ավելի գնաճային են: Հիմնական և գործընկեր երկրներում գնաճի արագացումը պայմանավորում է նաև դրամավարկային պայմանների ընթացիկ և սպասվող խստացումը, ինչն արտահայտվել է միջազգային ֆինանսական շուկաներում զարգացող երկրների ռիսկերի ավելացմամբ և արժեթղթերի տոկոսադրույքների բարձրացմամբ: Այս ամենի ներքո ԿԲ Խորհուրդն արտաքին հատվածից ակնկալում է որոշակի գնաճային ռիսկերի ավելացում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. երկրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը գնահատվում է սպասվածից բարձր՝ պայմանավորված շինարարության և ծառայությունների ոլորտներում դիտված արտադրողականության բարձր աճով։ Պահանջարկի կողմից այն հիմնականում արտահայտվում է ներդրումների աճի բարձր տեմպերով, մինչդեռ, արտասահմանից դրամական փոխանցումների աճի տեմպերի դանդաղման պարագայում, մասնավոր սպառման աճը համեմատաբար ավելի ցածր է գրանցվել։ Այս պարագայում Խորհուրդը գնահատում է, որ համախառն պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա եղել է սպասվածից ավելի թույլ։ Վերջինս արտահայտվել է թե՛ բնականոն գնաճի և թե՛ գնաճային սպասումների ավելի ցածր մակարդակների ձևավորմամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև տնտեսության վրա իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության սպասվածից զսպող ազդեցությունը՝ ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել ընդլայնող դրամավարկային պայմանները՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, համաշխարհային տոկոսադրույքների աճի ներքո: Միևնույն ժամանակ Խորհուրդը գնահատում է, որ, չնայած առկա ցածր գնաճային միջավայրին, միջնաժամկետ հատվածում դեռևս պահպանվում էխթանող դրամավարկային պայմանների աստիճանական չեզոքացման անհրաժեշտությունը՝ գնաճի նպատակի իրագործման համար: Արդյունքում ակնկալվում է, որ մոտակա ամիսներին գնաճը դեռևս կպահպանվի ցածր մակարդակում՝ երկրորդ կիսամյակում ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքում և միջնաժամկետ հատվածում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ ապահովելով գների կայունությունը:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2018 թ. հուլիսի 10-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում։

Մեկնաբանություն
X