Կալանքի միջնորդությունների 90 տոկոսից ավելին բավարարվում է․ Մարդու իրավունքների պաշտպան

«Վարչական արդարադատության ձեւավորումն ու զարգացումը ՀՀ-ում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ Hraparak.am-ը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե օրերս մի շարք ՔԿՀ-ներ կատարած այցի ժամանակ ինչ խախտումներ են հայտնաբերել ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցները։

«Այդ այցերը կրում են պարբերական եւ մշտական բնույթ, պարզապես տարբերությունն այն էր, որ մենք այդ այցերի մասին չէինք հրապարակում, վերջում էինք հրապարակում զեկույցների տեսքով։ Հիմա որոշել ենք պարբերաբար հրապարակել այդ այցերը։ Կա այցերի երկու տեսակ՝ հայտարարված եւ չհայտարարված։ Մենք գլխավորապես իրականացնում ենք չհայտարարված այցեր։ Այցի ժամանակ, որը տեղի էր ունեցել «Արթիկ» ՔԿՀ, «Դատապարտյալների հիվանդանոց», «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, դատապարտյալների մեծ մասը բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի՝ ոչ արդյունավետ գործելուց։ Եվ դա ոչ միայն վերաբերում է նրան, որ դատապարտյալը մեկուսացած է իրեն վերաբերող որոշումների կայացումից, այլեւ ոլորտում կան որոշակի կարծրատիպեր։ Հաշվի է առնվում այն հանցանքը, որն անձը կատարել է։ Դա կարեւոր է հաշվի առնելու համար, բայց չի կարող լինել որոշիչ։ Շատ կարեւոր է, որ պատժի կրման ընթացքում ճիշտ գնահատվի անձի վարքագիծը եւ դրանով պայմանավորվի նրա ազատ արձակումը»։

Լրագրողները հիշեցրին վերջերս Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի մտահոգությունները, որոնք վերաբերում էին ԱԱԾ-ի եւ Ոստիկանության իրականացրած գործողություններին, որոնցում նկատվում է միջամտություն անձանց սեփականության իրավունքի մեջ։ Արման Թաթոյանն ասաց, որ կա օրենքով սահմանված ընթացակարգ, իրենք ուշադրությամբ հետեւում են բոլոր գործընթացներին եւ առիթի դեպքում կարձագանքեն։ «Ընդամենը կարող եմ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը ողջունելի է, բայց պետք է գործել իրավունքի գերակայության շրջանակներում։ ՄԻՊ-ի աշխատակազմի համար նախատեսված հնարավորությունների շրջանակներում այս պահին ես չեմ կարող գնահատականներ տալ, մենք հետեւում ենք պետական մարմինների գործողություններին։ Այս պահի դրությամբ մենք բողոք չունենք այդ տնտեսավարող կազմակերպություններից»,- ասաց Արման Թաթոյանը։

Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորների երաշխավորությամբ քաղաքական հայացքների համար ազատազրկված անձանց ազատվելուն, ապա Արման Թաթոյանը նկատեց, որ դա այլընտրանքային խափանման միջոց է, իսկ կալանքին այլընտրանք համարվող խափանման միջոցները պետք է լինեն շատ արդյունավետ եւ այնքան ճկուն, որ պարզապես դրանք կիրառվեն որպես վերջին միջոց։ Նրա կարծիքով՝ այս պահին մեր օրենսդրությունը ճկուն չէ, քանի որ մենք չունենք տնային կալանք, չունենք հսկողության հանձնելը՝ պրոբացիոն ծառայության ներգրավմամբ։

«Դատական իշխանության համակարգում պետք են սկզբունքային փոփոխություններ՝ կապված հատկապես դատավորների իրավական ընկալումների հետ։ Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ միջնորդությունների 90 տոկոսից ավելին բավարարվում է։ Ճիշտ է, կարող են ասել, թե հիմնավորվածությունն է ավելացել, նվազել են կալանքի միջնորդությունները, բայց պատկերը մտահոգիչ է։ Օրինակ՝ Եվրոպայի խորհրդի տարածքում միջինացված ցուցանիշը համարվում է 25 տոկոսից ոչ ավելին, իսկ մեզ մոտ 90 տոկոսից ավելի է, ինչը շատ մտահոգիչ է»,- ասաց Արման Թաթոյանը։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X