Քննադատությունն ակտուալ է և ոչ թե ազգի դավաճանություն

Հարցազրույց «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանի հետ․

- Պարոն Մադաթյան, հեղափոխությունից հետո հայհոյանքի լեզուն, չարության, անհանդուրժողականության դրսեւորումները շատացել են սոցիալական ցանցերում։ Ինչո՞վ է այդ հուզական ֆոնը պայմանավորված եւ որքանո՞վ է օրինաչափ այն իրողությունների հետ, որ կատարվեց մեր երկրում։

Ես չէի կապի դա հուզական ֆոնի հետ, որովհետեւ «հեղափոխություն» ասվածը դասակարգերի որոշակի փոփոխություն է ակնկալում, եւ եթե մենք համարենք, որ հեղափոխությունը սովորաբար արվում է դժգոհների կողմից, ապա այստեղ կարող ենք ունենալ նաեւ կրթական աստիճանի խնդիր, որովհետեւ հեղափոխություն անող հասարակության շերտը լինում է կրթական աստիճանով մի փոքր ավելի ցածր, եւ, բնականաբար, այստեղ կարող ենք ունենալ հայհոյանքի աճ։ Երկրորդ՝ հեղափոխությունն իր մեջ էմոցիոնալ մեծ մաս է պարունակում, եւ մենք էմոցիոնալ պիկից նոր իջնելու փուլում ենք ու հանդարտության դեռ չենք եկել։

Իսկ հեղափոխությունն ու կամայական էմոցիոնալ բաներն ունեն սինուսոիդալ բնույթ, իրենք եթե ունենում են բարձրագույն պիկի աստիճան, պետք է իջնեն նաեւ ցածրագույն կետի, հետո նոր գան հավասարակշիռ վիճակի։ Հիմա պատկերացրեք, որ ապրիլյան այդ պիկից հետո մենք իջել ենք ինչ-որ մակարդակի վրա, բայց էմոցիոնալ դաշտը դեռ պահպանվել է։ Եվ հարձակումները, որ տեղի են ունենում, դա կլինի սոցիալական ցանցերում դուր չեկած մտքերի կամ ստատուսների վերաբերյալ, իրենց մեջ կարող են պարունակել որոշակի ագրեսիվություն։

- Ստացվում է՝ մարդիկ, ովքեր երկու ամիս առաջ մերժում էին նախկին իշխանություններին, հիմա նույն սկզբունքով մերժում են իրար, այսինքն՝ «մերժելու» գաղափարը սկսում է վատ իմաստով աշխատել արդեն միմյանց դեմ, քանի որ չենք հանդուրժում բոլոր նրանց, ովքեր այլ կարծիք են հայտնում։

Էգոյի գաղափարը կամայական մարդու մոտ բավականին լավ դրված է, եւ դա շատ դրական է, նորմալ ու պետք է լինի։ Շատերս, անգամ մեր ընտանիքներում խոսելիս փորձում ենք մեր սեփական կարծիքը պահել եւ կարող ենք անել կոնցեպտուալ մեզ դուր չեկող մի բան՝ միայն նրա համար, որ վերջում մեր սեփական կարծիքն արդարանա։ Հիմա սկզբում մենք ունեինք մի գաղափար՝ «մերժում էինք Սերժին», եւ մերժում էինք շատ նորմալ, համախմբված, բայց հիմա չունենք մի գաղափար, այլ ունենք 750 գաղափարներ կրթական, առողջապահական եւ շատ այլ ոլորտներում։ Բնականաբար, այդ մի գաղափար ունեցողների մոտ նույնպես կարող է առաջանալ տարակարծություն, եւ այդ տարակարծությունների դեպքում մենք հանգելու ենք այդ վիճաբանություններին, ագրեսիային, մերժմանը։ Սա նորմալ երեւույթ է։

- Նախօրեին Փաստաբանների պալատի նախագահը, ՄԻՊ-ը անդրադարձել էին ազատ խոսքի սահմանափակման եւ անհանդուրժողականության դրսեւորումներին՝ նշելով, որ սոցիալական ցանցերում չի դադարում անհանդուրժողականությունը, որն առանձին դեպքերում հասնում է ատելության: Այլակարծությունը պետք է լինի մշտապես խրախուսելի, իսկ դրա արդյունավետ երաշխիքներից է այն, երբ երկրում գործում են ազատ լրատվամիջոցներ:

Ազատ խոսքը չի կարելի կաշկանդել որեւէ մի ձեւ, դա շատ լավ բան է, այստեղ մենք պետք է ուղղակի կարողանանք տարբերակել հարթակներ, որովհետեւ համացանցային կախվածությունն իր մեջ ներգրավում է մի կոմպոնենտ նույնպես․ դա անձի անոնիմ ռեալիզացիայի խնդիրն է։ Այսինքն՝ կան բազմաթիվ չկայացած մարդիկ, մասնագետներ, որոնք, օգտվելով համացանցի տված հնարավորություններից, անանիմությունից, փորձում են ռեալիզացվել այնտեղ։ Արժեհամակարգ է փոխվել, եւ լայքերի քանակ հավաքելը դարձել է մարդու գնահատական։ Ազատ խոսքը հնարավոր չէ հսկել, եւ ամեն մարդ իրավունք ունի իր խոսքն արտահայտելու։

- Ինչպե՞ս կբնորոշեք այն վիճակը, երբ մարդիկ, նոր կառավարությանը սատարող քաղաքացիները, նրանց թիմակիցները չեն հանդուրժում որեւէ քննադատական խոսք կամ դրսեւորում, որը երբեմն ֆանատիզմի է հասնում։

Հեղափոխությունը կատարողը պատասխանատու է այդ հեղափոխության համար, եւ այս պայմանները նույնպես պետք է թելադրվեն հեղափոխության կազմակերպիչների կողմից, որ, օրինակ, քննադատությունն ակտուալ է եւ ոչ թե ազգի դավաճանություն։ Որովհետեւ կար մի շրջան, երբ քննադատությունը համարվում էր ազգի դավաճանություն, ու դա նորմալ էր, քանի որ դա այն շրջանն էր, որտեղ միահամուռություն էր պետք, եւ չպետք է տեղի ունենար ճեղքում, մի գաղափար էր պետք, որպեսզի հեղափոխությունը տեղի ունենար։ Այսօր մենք ունենք բնականոն կյանք, որտեղ ոչ մեկը՝ կլինեմ ես, թե Ալբերտ Էյնշտեյնը, չի կարող բացառապես ճիշտ լինել եւ, բնականաբար, կարող է ներկայացնել որոշակի քննադատություններ, որոնք կարող են լինել էմոցիոնալ, կոնստրուկտիվ, դեստրուկտիվ, եւ պետք է կարողանաս տարբերակել դրանք ու ցուցադրաբար այդ քննադատությունները վերածել դիսկուսիաների։

Ժողովրդին երբեք մեղադրել չի կարելի, որովհետեւ ժողովուրդը երբեք մեղավոր չէ իր կամայական արտահայտումների մեջ։ Այսօրվա հեղափոխությունից հետո մենք ունենք մի կանոնակարգ, երբ համացանցում ներկայացվում են պաշտոնական իրավիճակներ, որը բերում է նրան, որ համացանցում նստած անօրեն մեկը, որն ունի 6-րդ դասարանի կրթություն, բայց ունի մոլագարություն, համարում է, որ ինքն աշխարհի ամենալավ փաստաբանն է եւ նույնքան ձայնի իրավունք ունի, որքան մեր վարչապետը ու դա որոշվում է բացառապես լայքերի քանակով։

- Հուզական առումով մեր հասարակությունը հիմա ո՞ր սանդղակում է։

Բավականին իջել ենք, բայց դեռեւս հուզական այդ ֆոնը բարձր է, եւ, բնականաբար, դրանից հետո գալու է հուսահատության շրջան։ Ամեն դեպքում՝ այդ էմոցիոնալ մասը նույնպես պետք է կարեւորել, որովհետեւ «հեղափոխություն» ասվածը հենց էմոցիաների վրա կառուցված գործընթաց է, հետո այն պետք է դարձնել կառավարելի, որպեսզի ունենա շարունակական, հստակ վիճակ։

- Էմոցիոնալ մարդն ունա՞կ է ընդունել բանական խոսքը, առողջ քննադատությունը։

Եկեք չտարբերակենք, որովհետեւ մարդն ունի ե՛ւ էմոցիոնալ, ե՛ւ բանական կոմպոնենտ, որոնք աշխատում են իրար հաշվին, ինչքան էմոցիան բարձր է, այնքան բանականությունն իջնում է։ Էմոցիան կարող է մի միավոր աճել, իսկ բանականությունը մի միավորով ընկնել, այսինքն՝ միաժամանակ կարող ենք ունենալ ե՛ւ բանական, ե՛ւ էմոցիանալ արտահայտումներ։ Առողջ քննադատությունն ի սկզբանե պահանջում է բանական հակազդումներ, իսկ էմոցիոնալ հարձակումները հայհոյանքներն են։ Քննադատությունը բանական դաշտում կարող ես արգումենտացիա անել, էմոցիոնալ հայհոյանքը դիմացինին նվաստացնելու եւ սեփական անձը մեծացնելու միտում ունի։ Եթե որեւէ քննադատություն առարկայական ենք ընդունում, ապա հայհոյանքը, մերժումը… Դա բացառապես անձնական է, ոչ թե առարկայական։

Երբ ինչ-որ մեկն ասում է՝ այսինչ բանը լավ են անում կամ վատ, սա կարող ենք քննարկել, բայց երբ մեկին ասում ենք՝ դու ավանակ ես, մենք իր անձն ենք վիրավորում եւ ոչ մի դրական ուղղություն չենք տալիս։ Դա հենց նշանակում է, որ մենք ունենք էմոցիոնալ բարձր նիշ եւ պետք է կարողանանք որոշակիորեն այդ բարձր նիշն իջեցնել, որովհետեւ բարձր էմոցիան միշտ պարպման կարիք է զգում։ Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են, կա՛մ այդ պարպումը կսարքեն կառավարելի պրոցես, կա՛մ այդ պարպումը, միեւնույն է, տեղի կունենա՝ լինի դա ավտովթարների թվի մեծացմամբ, փողոցային կռիվների ավելացմամբ, սոցիալական ցանցերում հայհոյելու կամ անշնորհք ձեւով մեկին վիրավորելու ձեւերով, բայց էմոցիաները ցանկացած դեպքում պետք է պարպվեն։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X