Պայքարը շարունակվում է

Բողոքի ակցիաները շարունակվում են։ Արդեն քանի օր է՝ Ջերմուկի բնակիչները փակում են ճանապարհը եւ թույլ չեն տալիս, որ տարածաշրջանի էկոլոգիային վտանգ սպառնացող Ամուլսարի հանքի շահագործումը շարունակվի։ Մարդիկ գիշերում են դրսում, որ աշխատողները չկարողանան հասնել հանքավայր։ Ժամանակին չեն կարողացել դադարեցնել բնական աղետ ենթադրող այս ձեռնարկը, հիմա, երբ իշխանություն է փոխվել, ավելի համարձակ ու համառ են դարձել։

Տեսնենք, թե ինչպես կավարտվի այս պայքարը։ Երեկ բողոքի ակցիա էին նախաձեռնել նաեւ Արշալույս գյուղի բնակիչները։ Մանվել Գրիգորյանի ազգականները՝ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանն ու եղբայրը՝ Հրանտ Գրիգորյանը, թեեւ տարիներ շարունակ մեծ թշնամություն են ունեցել գեներալի հետ, բայց հիմա նույնպես հայտնվել են «մերժվելու» վտանգի տակ․ գյուղացիները որոշել են անվստահություն հայտնել նրանց եւ հասնել համայնքապետի հրաժարականին։

Պայքարի մյուս օջախը, իհարկե, Երեւանի քաղաքապետարանն է։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով պարբերաբար այստեղ են հավաքվում քաղաքացիական ակտիվիստները՝ փակում քաղաքապետարանի մուտքը։ Երեկ ժապավեն էին քաշել, վանկարկումներ, պաստառներ եւ այլն։ Ու քանի որ ժամանակները փոխվել են, եւ ոստիկանությունն այլեւս քաղաքական ակցիաներ չի ցրում, այլ Սաշիկին ու Վաչոյին է բռնում, ուստի քաղաքապետարանի մուտքը բացող եւ ցուցարարներին բերման ենթարկող չկա։ Մարդիկ ինչքան սիրտներն ուզում է, ինչպես ուզում է՝ ակցիա են անում։

Նրանց, հավանաբար, միայն վարչապետի կոչը տուն կուղարկի, սակայն Նիկոլ Փաշինյանը նման կոչով հանդես չի գալիս՝ թող ակցիա անեն, ո՞ւմ են խանգարում։ Մենք կարծես եվրոպական զարգացած երկիր դարձած լինենք, որտեղ ամեն քայլափոխի ցուցարարներ ու բողոքի ակցիաներ կարող են լինել։

Մեկնաբանություն
X