Իրավունք

Վիզ դրած սա ուզում եք գործ սարքեք էլի, ախպեր ջան․ Պավլիկ Մանուկյանը՝ դատարանին (տեսանյութ)

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում մեկնարկեց «Սասնա ծռեր» զինված խմբից Պավել Մանուկյանի գործով դատական քննությունը։ Նիստը մեկնարկեց ավելի ուշ, քանի որ գործով փաստաբանները դատական նիստին չէին ներկայացել։ Մինչ Մանուկյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի ներկայանալը զրույց տեղի ունեցավ ամբաստանյալի եւ մեղադրողի միջեւ։

«Վիզ դրած սա ուզում եք գործ սարքեք էլի, ախպեր ջան»՝ դիմելոց դատախազին ասաց Պավել Մանուկյանը։ Մեղադրողը արձագանքեց․ «Գործն արդեն կա, այս հոդվածը կա բոլոր երկրների քրեական օրենսգրքում։ Միշտ էլ բարձրաձայնվել է խոսքի ազատության խնդրի մասին, մարդն իր խոսքն է ասում, ինչի՞ եք դրա համար դատի տալիս։ Հիմա սեւով սպիտակի վրա գրված է, ասեմ՝ չէ, չանենք։ Փաստաբանները կան, թող իրենք դիմեն Սահմանադրական դատարան»։

Զրույցի ընթացքում դատարան ներկայացավ Ինեսսա Պետրոսյանը՝ որոշվեց դատական նիստը հետաձգել, քանի որ վկաները չէին ներկայացել։ Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 16-ին։

Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Սասնա Ծռերի» գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ 2017 թվականի հուլիսի 26-ի նիստի ժամանակ նա չի ենթարկվել տեղից չխոսելու վերաբերյալ նախագահողի պահանջին, շարունակել է խոսել, իսկ երբ դատավոր Գաբրիելյանը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել՝ 10 ժամով հեռացնելով դատական նիստից, նա դատավորին անվանել է «ցռան մոզի»:

Ըստ մեղադրանքի՝ Պավել Մանուկյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ՝ դատավորին վիրավորելով:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X