Սերժ Սարգսյանը ՊՆ-ն սարքել էր դուքյան. Վահան Շիրխանյան (տեսանյութ)

ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը այսօր դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ 2,5 տարուց ավելի անազատության մեջ մնալուց հետո նա առաջին անգամ ազատության մեջ պատասխանեց լրագրողների հարցերին` նշելով, որ դեռ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ է ցանկանցել մամուլի ասուլիս տալ, սակայն չի հաջողվել եւ շատ ուրախ է լրագրողներին տեսնելու համար։

«Հրապարակ»-ի հարցին` Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցած սկանդալում ՊՆ-ն իր մեղքի բաժինն ունի՞, Շիրխանյան պատասխանեց, թե մարդուն կործանում է փողն ու աթոռը, իսկ գեներալը չդիմացավ ոչ փողի եւ ոչ էլ աթոռի գայթակղությանը։

Անդրադառնալով ՊՆ-ում բացահայտված չարաշահումներին` ՊՆ նախկին փոխնախարարը նշեց, որ այդտեղ տեսնում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղավորությունը. «Սերժ Սարգսյանը ՊՆ-ն սարքել էր շուրջօրյա խանութ, դուքյան»։ Շիրխանյան նաեւ նշեց, որ պատրաստվում է հանգստանալ։

Հիշեցնենք, որ այս գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն՝ զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X