Պարզվեց, որ ՀՀԿ-ն ոչ թե քաղաքական, այլ կրիմինալ միավորում է․ քաղաքագետ

Ապրիլյան հեղափոխության արդյունքում ձեւավորված կառավարության բոլոր քայլերին, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, կադրային նշանակումներին խոշորացույցով են հետեւում մամուլն ու հասարակական-քաղաքական շրջանակները։

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

-Ապրիլյան հեղափոխության օրերին Դուք եղել եք ԱՄՆ-ում։ Վերլուծաբաններից, քաղաքագետներից շատերը պնդում եմ, որ Հայաստանի վարկանիշը բարձրացել է՝ շնորհիվ թավշյա հեղափոխության։ ԱՄՆ-ում ի՞նչ արձագանք է գտել ապրիլյան հեղափոխությունը։

-Իհարկե, Հայաստանի վարկանիշը բարձրացել է։ ԱՄՆ-ում կա դրական, բայց զուսպ արձագանք։ Իսկ ամերիկահայերի մեջ կա շատ մեծ ոգեւորություն, որի կապիտալիզացիան դեռ հայտնի չէ, թե ինչպես պետք է արտահայտվի։

-Նոր կառավարությունը ձեւավորված է հիմնականում փորձ չունեցող երիտասարդ կադրերից։ Կա տեսակետ, որ նորանշանակ կառավարությունն ավելի շատ կատարում է պոպուլիստական քայլեր։

-Եկեք տարանջատենք երկու բան։ Առաջին հերթին քայլերը պետք է լինեն պոպուլիստական, որովհետեւ իշխանությունները պատրաստվում են ԱԺ նոր ընտրությունների։ Պետք է ընտրազանգվածին պատրաստել նոր ընտրություններին։ Իշխանություններն անում են առաջին անհրաժեշտ քայլերը։ Կոռուպցիան Հայաստանի ազգային անվտանգության ամենամեծ խնդիրն է, եւ դրա դեմ պայքարը ամենակարեւոր քայլն է։

-Քաղաքական ուժերն այսօր պատրա՞ստ են ԱԺ արտահերթ ընտրությունների։

-Ես Հայաստանում չեմ տեսնում դասական իմաստով քաղաքական ուժեր։ Եթե մենք խոսում ենք Հանրապետական կուսակցության մասին, ապա պարզվեց, որ այն ոչ թե քաղաքական, այլ կրիմինալ միավորում է։ Եթե մենք խոսում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին, ապա դա մի անձ շուրջ ստեղծված եւ բարեգործություններ անող խմբավորում է։ Մեր սահմանադրությունը հենց կուսակցությունների վրա հիմնված իշխանություն է պատկերացնում, իսկ մեր երկրում չկան այդ կուսակցությունները։ Այսինքն՝ հավի եւ ձվի պատմությունն է ստացվում․ ունենալ իշխանությո՞ւն, որը կստեղծի կուսակցություններ, թե՞ սպասել, որ ստեղծվեն կուսակցություններ, որոնք էլ իշխանություն կձեւավորեն։

-Այնուամենայնիվ, ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում ո՞ր կուսակցությունները կարող են, ըստ Ձեզ, հաղթահարել անցողիկ շեմը։

-Ես պատկերացնում եմ, որ Աժ-ում տեղ կունենա իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», միգուցե «Ելք» դաշինքով, կստեղծվի լիբերալ-արեւմտամետ կուսակցություն, կստեղծվի պրոռուսական ուժ, կստեղծվի ծայրահեղ հայրենասիրական՝ ֆաշիզմի գաղափարախոսություն ունեցող կուսակցություն։ Անուններ, սակայն, չեմ կարող տալ, թե նրանք ովքեր կլինեն։ Այդ ուժերն էլ կպայքարեն՝ ԱԺ-ում տեղ գտնելու համար։

-Իսկ ՀՀԿ-ն կունենա՞ շանս՝ տեղ գտնելու նոր ԱԺ-ում։

-Դժվար է ասելը, որովհետեւ որքան ուշ լինեն ընտրությունները, այնքան ՀՀԿ-ն քայքայված կլինի։

-Իսկ ո՞րը կարող է լինել ներկա իշխանություններին ընդդիմադիր ուժ։

-Նշածս բոլոր ուժերն էլ այս կամ այն չափով կարող են լինել ընդդիմադիր։ Մեկը կարող է ասել, թե իրենք բավարար չափով եվրոպամետ չեն, մյուսը կարող է ասել, թե բավարար չափով ռուսամետ չեք։

-Սերժ Սարգսյանը «ժառանգություն» թողեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ Իշխանափոխությունից հետո որքանո՞վ է նպաստավոր վիճակը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համար։

-Կարծում եմ՝ ավելի նպաստավոր պայմաններ են, քան Սերժ Սարգսյանի ժամանակ։

-Որքանո՞վ է համոզիչ ներկա իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ՌԴ-ի հետ հարաբերություններում։

-Իշխանությունները Հայաստանի անվտանգությունը տեսնում են ՌԴ-ի հետ հարաբերություններում Սերժ Սարգսյանի քաղաքականությունը ժառանգելու մեջ՝ միգուցե հստակեցնելով, ավելի հայանպաստ դարձնելով։

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X